«Երեւի հոգեբաններն ավելի ճիշտ հոգեվերլուծության կենթարկեն Նիկոլ Փաշինյանի ելույթները… Ակնհայտ է, որ այդ մարդը տառապում է մեծամոլությամբ: Իրեն թվում է, թե Հիսուս Քրիստոսը մնացել է իր, Տավրոսի, Բենթլի Սամոյի եւ մյուս տիրադավ եպիսկոպոսների հույսին»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հակաեկեղեցական գործողություններին եւ այն արտահայտությանը, որտեղ ներողություն է խնդրում՝ իբր Հիսուսին մենակ թողնելու համար:
«Իրեն թվում է՝ ինքը եկել է փրկելու Հիսուս Քրիստոսին, մենությունից ազատելու նրան… Այս իրավիճակում Փաշինյանից այլ բան սպասել չէր կարելի, որովհետեւ նա շատ լավ հասկանում է, որ տապալվել է եկեղեցու դեմ հակաքրիստոնեական արշավի շրջանակներում: Այս հանգրվանում բոլորի համար պարզ է, որ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավը սկսել է դրսի պատվերով, մասնավորապես՝ Փաշազադեի եւ գլոբալիստական կենտրոնների: Իրականում նրա նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, այն ինստիտուտը, որը հայի ինքնության առանցքն է, որը հային հայ է պահում՝ անկախ աշխարհագրական դիրքից»,-նշեց Մալխասյանը:
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամի խոսքով, Փաշինյանն առաջադրանք ունի՝ մինչեւ խորհրդարանական ընտրություններ հիմնովին կազմաքանդել Հայ Առաքելական եկեղեցին, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմը համաձայնի ինչ-որ փշուրներ նետել իր առաջ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































