Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ 2 զորամասերի ծառայության պետը 160 միլիոն դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակման մեջ է մեղադրվում

Հունվար 08,2026 15:58

 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը հափշտակել է փաստացի իր տիրապետմանը հանձնված և զորամասերի պահեստներում պահվող առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ 37 միավոր տարբեր մոդելների ջերմատեսիլ նշանոցներ, որոնցից յուրաքանչյուրն իր արժեքից շուրջ տասն անգամ ցածր գնով՝ 50-450 հազար ՀՀ դրամով վաճառել է Երևան քաղաքի բնակչին:

Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմել է ջերմատեսիլ սարքը հանձնած լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառող պաշտոնական փաստաթղթեր:

Առանձնապես խոշոր չափերով  վստահված գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու և իրացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է ներկայացվել նաև ջերմատեսիլ սարքերի գնորդին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հաշվի առնելով, որ վերը նշված ջերմատեսիլ սարքերը հափշտակվել են Պաշտպանության նախարարությունից, դրանք հայտնաբերելու և նախարարությանը վերադարձնելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք կասկածելի հանգամանքներում ջերմատեսիլ նշանոցներ ձեռք բերած լինելու կամ այդ մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031