«Տրամադրությունը զգալի է, որ ինչ-որ կերպ փորձում են օրենքը շրջանցել․ ընթացքում կպարզվի դա՝ արդյոք դրանք փորձաքննության ենթակա՞ են, թե՞ ոչ, որովհետև մեր ձերբակալության օրերին Հայաստանի գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ դրանք փորձաքննության են ենթարկվելու, ուրեմն առանց փորձաքննության ենթարկելու մարդկանց ձերբակալում ու կալանավորո՞ւմ են»,- Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Բագրատ սրբազանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ մեկնարկեց Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը նշեց․ «ՀՀ քննչական կոմիտեի դեռևս ղեկավարը հայտարարել էր, որ իմ ձեռագրով թղթեր ու փաստաթղթեր կան, արդյոք կա՞ ձեռագրաբանական որևէ փորձաքննություն։ Ուրեմն կան տեղեր, որ նշվում է, որ խոսում են ինչ-որ մարդիկ, որոնց անուններ են վերագրված, հանկարծ գալիս, հասնում են ինչ-որ տեղ, որ ասվում է՝ չի լսվում։ Արդյոք հնարավո՞ր է, որ հենց էդ հատվածները կտրել, մաքրել են ու գրել, որ չի լսվում։ Գրեթե 30 տոկոսը գաղտնալսումների չեն լսվում, չլսվող գաղտնալսումները՝ փորձաքննություն չանցած, ո՞նց եք այս մարդկանց դեմ՝ ինձ էլ ներառյալ, գործ բացում։ Հարց ունեմ մեղադրողին՝ Դուք այս գործընթացների մեջ նենգափոխում, կեղծիք հանդիպե՞լ եք, թե՝ ոչ, քարոզչական նպատակի՝ դաշտ նետման հանդիպե՞լ եք, որ այդ ուղղությամբ գնա գործը։ Հնչել են տարբեր աստիճանի և մակարդակի վրա խոսքեր, որ այս գործը հիմնական կամ որոշակի դրվագներով նենգափոխված ու կեղծված է։ Որևէ մեկը պատասխան չի տվել։ Ամեն անգամ այս դահլիճում խոսելուց հետո ինձ կանչել են քննչական կոմիտե, նաև մյուսներին։ Ամեն ինչ անում են, որ մենք չխոսենք այս թեմաներից»։
Դիմելով մեղադրող դատախազներին՝ ասաց․ «Եթե իրավունքը շրջանցելու եք, տղամարդկություն ունեցեք՝ բարոյական մասը մի շրջանցեք, եթե բարոյականության մասն եք շրջանցելու, իրավական մասը մի շրջանցեք»։ Այս ելույթը ընդունվեց ծափահարություններով։
Հանրային մեղադրողն արձագանքեց․ «Գտնում եմ, որ այս ելույթը ոչ միայն վերաբերելի չէ, այլև կոռեկտ չէ, որ դատավարության մասնակիցներից որևէ մեկը հանրային մեղադրողին տղամարդկության կոչ անի։ Դատավարություններից ամեն մեկը պետք է առաջնորդվի իրեն վերաբերող լիազորություններով»։ Բագրատ սրբազանն արձագանքեց․ «Եթե ձեզ դուր չի գալիս տղամարդ լինել-չլինելու հանգամանքը, ուրեմն մի եղեք։ Կոռեկտության մասին ինձ հետ չխոսեք»։
Այս հայտարարությունը ևս ծափահարություններով ընդունվեց։
Ըստ Բագրատ սրբազանի՝ առանցքային է՝ ինչի հիման վրա են մարդիկ անազատության մեջ․ «Փորձաքննություն կա՞, եթե չկա, դուք ինձ կարո՞ղ եք համոզել, որ դա՝ ասենք չի գրել Արայիկ Հարությունյանը։ Վեց ամիս շարունակ գործը գնում է, մարդիկ կալանքի տակ են, գլխավոր դատախազը հնչեցրել է, որ փորձաքննության պետք է ենթարկվել՝ ձեռագրաբանական, տեսալսողական։ Բայց դա չի եղել, բա էս մարդիկ բանտերում ու կալանքում են տնից, տեղից կտրված ինչի՞ հիման վրա։ Եթե սա արժեք չէ, մեր պետության մեջ, դատախազի խոսքը նշանակություն չունի՞, ուրեմն վերդիկտ տվեք, գնանք»։
Նախագահող դատավորն էլ ի պատասխան Բագրատ սրբազանի ասաց, որ սա քաղաքական ամբիոն չէ, այլ դատարան է։ Ասաց, որ լսելու է բոլոր կողմերին, հետազոտի ապացույցները։ Բագրատ սրբազանն էլ արձագանքեց՝ լսելու կարիք չկա, փորձաքննության թուղթ տվեք։
Դատական նիստի ավարտից հետո էլ Բագրատ սրբազանը կատակեց․ «Ես գնամ իմ յոթ աստղանի հյուրանոցը»։
Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
























































