Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում, երբ որոշվում էր հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, պաշտպանական և մեղադրող կողմերի միջև բանավեճ տեղի ունեցավ այն հարցով, թե արդյոք ապացույցների անհատականացման անհրաժեշտություն կա՞, թե՝ ոչ։
Հանրային մեղադրողները պնդեցին․ «Անհրաժեշտություն, որ անհատականացվի յուրաքանչյուր ապացույց, այս փուլում բացակայում է։ Անհատական ապացույցների ներկայացում չի իրականացվելու»։
Պաշտպանական կողմը պնդեց, որ դրա անհրաժեշտությունը կա։ Իգոր Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց՝ ապացույցում նշված է իր պաշտպանյալի անունը, բայց որտեղի՞ց են որոշել, որ նրա ձայնն է․ «Ոչ քննիչը, ոչ նախաքննական մարմինը մինչև այդ Իգորի հետ ծանոթ չի եղել։ Նա իր ցուցմունքում նման հանգամանք չի նշել, ո՞նց են առանձնացրել Իգորի ձայնը»։
Կարդացեք նաև
Արման Իսրայելյանի պաշտպանն էլ հայտարարեց՝ ամբողջը «քոփի» արած մեղադրանք է․ «Մի հատ մեղադրանք գրել են, բազմացրել, 18 հատ է դարձել։ Ո՞նց է ստացվում, որ բոլոր ցուցմունքներով հաստատվում են բոլոր մեղադրանքները։ Եթե ես չգիտեմ՝ Արման Իսրայելյանի դեմ ով է վկայություն տվել, ո՞նց պիտի կատարեմ իմ պաշտպանությունը»։
Մեղադրանքի կողմն էլ նշեց հրապարակման ենթակա ապացույցների ցանկը։ Հանրային մեղադրողը մասնավորապես նշեց․ «ԱԱԾ-ում ստացված օպերատիվ հետախուզական միջոցառումների նյութերը, գաղտնի քննչական գործողությունների արդյունքները, հեռախոսային հաղորդակցության վերահսկումը, ներքին դիտում և տեխնիկական միջոցների արտաքին դիտում և այլն։ Հանրային բջջային օպերատորների տվյալների արձանագրություններով հիմնավորվել է, որ մեղադրյալները տարբեր ժամերի եղել են փոխադարձ կապի մեջ։ Ձեռք բերված փաստերը վկայում են, որ մեղադրյալների հեռախոսահամարները բազմիցս սպասարկվել են Գալստյանի՝ Երևան քաղաքի տան շուրջ տեղակայված ալեհավաքներով և այլն»։
Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































