Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունն ամբողջությամբ ձախողել է ներքին ֆինանսական հսկողության համակարգի զարգացումը. Արտակ Քյուրումյան

Հունվար 08,2026 21:38

Ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի ֆեյսբուքյան գրառումը

«ՊՆ պաշտոնյան շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն է կատարել․ ՀԿԿ»

Գիտե՞ք ինչու է սա հնարավոր և ինչու է տեղի ունենում: Որովհետև ՀՀ կառավարությունն ամբողջությամբ ձախողել է ներքին ֆինանսական հսկողության համակարգի զարգացումը։ Ավելին, երբ 2018թ համաժողովրդական շարժման արդյունքում եկան իշխանության, որոշեցին, որ նախկինները վատն էին, նրանց ժամանակ թալանում էին, մենք լավն ենք, մեր օրոք ամեն ինչ լավ է լինելու։ Ոչ միայն չզբաղվեցին ներքին հսկողական համակարգերի զարգացմամբ, այլ քանդեցին եղածը, նախարարություններում և գերատեսչություններում լուծարեցին ներքին աուդիտի ստորաբաժանումները, ներքին աուդիտի գործառույթն արտապատվիրակեցին մասնավորին։ Արդյունքում, ունենք այն ինչ ունենք։

Ուրեմն

2018-2019թթ SIGMA-ն կատարել էր Հայաստանի հանրային կառավարման աշխատանքի բազային գնահատում, որում ներքին հսկողության համակարգին «5» հնարավորից տվել էր «1» միավոր։ Կրկնում եմ՝ «5» հնարավորից «1» միավոր։

2019թ համապատասխան աղյուսակի տեսաներացված տարբերակը (screenshot) 

2019թ նոյեմբերի 28-ի իր N1716-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատեց պետական ֆինանսական կառավարման համակարգի 2019-2023թթ բարեփոխումների ռազմավարությունը։ Տեղադրում եմ նաև թիրախ 37-ին վերաբերող աղյուսակը, որը վերաբերում է ֆինանսական կառավարման և հսկողության (այսուհետ՝ ՖԿՀ) համակարգի ներդրման ապահովմանը։ Ռազմավարության իրականացումն ավարտվել է 2023թ․

Ի՞նչ ենք ստացել արդյունքում։

Ներքին հսկողական համակարգի օրենսդրական շրջանակի և պրակտիկայի համապատասխանության (adequacy) համար SIGMA-ն ՀՀ կառավարության աշխատանքը «100» հնարավորից գնահատել է «36»։ Սա իհարկե մի փոքր ավելի լավ է, քան թափանցիկության համար տրված «26» միավորը, որին առանձին գրառմամբ անդրադարձել էի երեկ, սակայն սա աղետալի վատ է։ Դրա վկայությունն է այն, որ երեք ենթացուցանիշների գծով ՀՀ կառավարության գործունեությունը «35» հնարավորից (10+10+15) SIGMA-ն գնահատել է «0»։ Սա նշանակում է, որ պետական համակարգում ներքին հսկողություն, ըստ էության, չկա և ՊՆ-ում տեղի ունեցածին նման դեպքերը կարող են շատ ու շատ լինել։ Այս մեկը բռնվել է։

Հիշեցնեմ նաև ջերմատեսիլ սարքերի հետ կապված պատմությունը։ Ջերմատեսիլ սարքերի բացակայությունը լուրջ խնդիր էր 2020թ։ Անընդհատ լուրեր էին պտտվում, որ ջերմատեսիլ սարքեր գրեթե չկան, որ եղածները լավը չեն, որ հակառակորդի ջերմատեսիլ սարքերն աշխատում են արդեն 250-300 մետր հեռավորության վրա, իսկ մեր զինվորների ձեռքին եղածները 50 մետր հեռավորության վրա և այլն և այլն։ Հիշում ենք նաև 2019թ ջերմատեսիլ սարքերի ձեռքբերման ձախողված գնումը։

Հիմա ասում են, որ պաշտպանության ոլորտում մեծ բարեփոխումներ են կատարվում։ Արդյունքների մասին այսօր ՀԿԿ-ն է տեղեկացրել։ Փաստորեն լավ տեխնիկա են գնում, բայց թե հետո ինչ է լինում դրա հետ ․․․

Այստեղ իրենց բացասական ներդրումն ունեն նաև ՀԿ հատվածի և լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք ղեկավարության ուղեկցությամբ գնում են այստեղ այնտեղ և հետո գալիս և ասում են, որ ամեն ինչ լավ է․ պահածոների տուփեր չեն, այլ հզոր ամրաշինական կառույցներ։ Հետաքրքիր է, ՀԿ-ների և լրատվամիջոցների այդ ներկայացուցիչները որտեղ են ուսումնասիրել ժամանակակից պաշտպանական ամրաշինական կառույցներին ներկայացվող պահանջները։ Նրանք լավագույն դեպքում կարող են համեմատել նախկինում գոյություն ունեցածի հետ։ Սակայն հանրությունը նախկիններին հեռացրեց իշխանություններից, որովհետև լավ չէին կառավարում։ Հիմա, այսօրվա կառավարության գործունեությունը համեմատում եք նախկին վատ կառավարիչների գործունեության հետ և ասում՝ լավ է։

Ո՛չ, պետք է համեմատել այսօր ներկայացվող պահանջների հետ։

SIGMA-ն համեմատել է և տեսեք ինչ ունենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031