Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին բարենորոգելու եւ պետությունից տարանջատելու այդ կարգախոսի ներքո իրենք են, որ քաղաքականացնում են, Հայոց եկեղեցին բերում են քաղաքական դաշտ. Րաֆֆի Հովհաննիսյան

Հունվար 09,2026 18:41

«Ըստ էության, ոչ լեգիտիմ, անվավեր նախկին վարչապետը նախապատրաստվում է ընտրական հանդեսի։ Եվ գործիքներից մեկը, որին ինքը դիմում է, այս արշավն է թե եկեղեցու դեմ, թե առանձին հոգեւորականների դեմ՝ նրանց բանտարկելով, հետապնդելով, հալածելով, եւ եկեղեցու միջոցով նաեւ՝ մեր սահմանադրության, սահմանադրական կարգի եւ պետականության դեմ»,-ասաց ՀՀ ԱԳ առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արշավի մասին։

«Սա բարոյապես, մարդկայնորեն եւ քրեորեն պատժելի մոտեցում է եւ ոչ մի լավ տեղ չի տանելու ոչ եկեղեցուն, ոչ էլ պետությանը։ Եթե այդ եպիսկոպոսները ուզենային իրապես բարեփոխել եկեղեցին, իրենք պետք է մնային կանոնական իրենց մայրուղու մեջ։ Թող ժողով անեին հինգ, տասը, տասնհինգ եպիսկոպոսով, հայր սուրբով, քահանայով եւ բարենորոգման առաջարկ ներկայացնեին՝ կադրային փոփոխություն, կաթողիկոսի հետ կապված ընտրական գործընթաց եւ այլն։ Այդ ամեն ինչը թող անեին։ Բայց այդ պահից, երբ իրենք միանում են շատ ստոր, հակապետական, հակաեկեղեցական արշավի, նախկին գործող այդ վարչապետի ձեռամբ՝ դառնալով ձեռքի գործիք, նրա քաղաքական եւ անձնական նկրտումներին իրենք եւս, ոնց որ այդ մարդն է, դառնում են ոչ լեգիտիմ, անհեռանկար, անվավեր։ Եվ իրենց ամեն ինչը ի չիք է։

Ցավում եմ դրա համար։ Ոմանց ճանաչում եմ։ Եվ ես չէ, որ պետք է ապաշխարանքի դիմում, հորդոր անեմ։ Բայց կարծում եմ՝ քանի որ իրենք միացել են այդ մարդուն եւ ստեղծում են ոչ լեգիտիմ նոր մարմիններ՝ փորձելով այս կամ այն ճնշում բանեցնել եկեղեցու վրա, իրենք առաջին հերթին հիմնավորում չունեն խոսելու ընդհանրապես։ Թող իրենց բարեվարքության մասին մտածեն։ Ամեն մեկն ունի իր հետագիծը՝ տղա է, աղջիկ է, փող է, խորանադավություն է, եւ նոր թող պահանջներ ներկայացնեն Մայր Եկեղեցուն։

Եկեղեցին բարենորոգելու եւ պետությունից տարանջատելու այդ կարգախոսի ներքո իրենք են, որ քաղաքականացնում են, Հայոց եկեղեցին բերում են քաղաքական դաշտ։ Այսօր անհատների մասին չէ, թե ես ում եմ համակրում, ում չեմ ընդունում։ Այսօր մեր պետականության, մեր արժեքների, մեր ինքնության եւ մեր հեռանկարի հարցն է դրված։ Եվ ցավում եմ շատ, որ եկեղեցին դարձել է այդ մարտադաշտերից մեկը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031