Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սարգսյան. «Ցանկացած մարզիկ նախ եւ առաջ ՀՀ քաղաքացի է եւ ունի անձնական համոզմունքներ, տարբեր հարցերի շուրջ սեփական դիրքորոշում ունենալու սահմանադրական իրավունք»

Հունվար 10,2026 13:28

Վերջին օրերի տեղեկատվական դաշտում ամենաքննարկվող թեմաներից մեկը դահուկավազքի Tour de Ski-ի ժամանակ մարզումային շապիկի վրայի «Ադրբեջան» գրությունը կպչուն ժապավենով փակելու համար մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Միքայել Միքայելյանին տուգանելն է։ Այդ առիթով մարզիկը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ արածի համար չի զղջում եւ որ իր համար արժանապատվությունն ու հայրենիքը ամեն ինչից վեր են։

Հնչել են տարբեր կարծիքներ ու մեկնաբանություններ։ Aravot.am-ը խնդրի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ներկայումս ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի հետ։ Մասնագետը այս ընթացքում արդեն մի քանի անգամ հասցրել է հանրայնացնել միջադեպի նախապատմությունը եւ մանրամասները, ուստի դրանց չենք անդրադառնում։

-Արդեն ստացե՞լ եք տուգանքի չափի մասին որոշումը։

-Ոչ։ Հայաստանի ֆեդերացիան պաշտոնական ոչ մի գրություն չի ստացել։ Հենց ստանանք, հանրությանն անմիջապես կիրազեկենք։

-Ո՞վ է վճարելու տուգանքը։

-Մենք։ Ֆեդերացիան։

-Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ինչպե՞ս է գնահատում Միքայել Միքայելյանի այդ քայլը։

-Մարզիկ Միքայել Միքայելյանը, ինչպես նաեւ ցանկացած մարզիկ, նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ ունի անձնական համոզմունքներ, տարբեր հարցերի շուրջ սեփական դիրքորոշում ունենալու սահմանադրական իրավունք։ Եվ ոչ ոք իրավունք չունի դրանց վրա բռնանալ։ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հարգում է իր մարզիկներից յուրաքանչյուրի քաղաքացիական դիրքորոշումը, որոնք կարող են նաեւ միմյանց հակասել։

Աշոցքի ձմեռային մարզաձեւերի ակադեմիայից, որտեղ մարզվում է Միքայելը, երբ դուրս ես գալիս, ոչ շատ հեռու Եռագույն դրոշներ են երեւում։ Դրանք ծածանվում են կողքի երկրի ագրեսիաների հետեւանքով նահատակված աշոցքցի երիտասարդների թարմ շիրիմների վրա։ Այդ երիտասարդները Միքայելի եւ նրա հասակակիցների մանկության ընկերներն էին, համադասարանցիները, համագյուղացիները, վերջապես, հարազատները։ Նրանք իրար հետ էին մեծացել։

-Քանի որ Ադրբեջանը դարձել է միջազգային ֆեդերացիայի հովանավոր, հետագա մեկնարկներում էլ կարող են նույն խնդիրները կրկնվել։ Ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը։

-Այդ հարցին եկեք հիմա չպատասխանեմ։ Ինչպես ասում են՝ օրը կգա, բարին հետը։ Միքայելի այդ մեկնարկի հաջորդ օրը, երբ մարզիկներին բաժանել են նոր համարներով մրցումային շապիկները (ժիլետները), դրանց վրա Ադրբեջան բառը բացակայել է։ Ուրիշ բան է գրված եղել։ Չեմ կարող ասել՝ դա պատահականությո՞ւն էր, թե՞ արդյունք։ Իսկ եթե իրավիճակը կրկնվի, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի տուգանքները։ Ես ուզում եմ, որ մեր դահուկորդները վստահ լինեն, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան միշտ կանգնած է իրենց թիկունքում։

Բայց ինձ հիմա մեկ այլ բան է մտահոգում։ Ադրբեջանը սպորտում, այդ թվում՝ ձմեռային մարզաձեւերում, մասնավորապես, դահուկավազքում, որտեղ ինքը չկա ու չի եղել, տասնյակ ու հարյուրավոր միլիոններով դոլար ծախսելով աստիճանաբար զավթում է աշխարհը, գերակա, թելադրողի դիրք է ստանում, իսկ Հայաստանի կառավարությունը, պատասխանատու գերատեսչությունը գրեթե զրո վերաբերմունք ունեն կոնկրետ  ձմեռային մարզաձեւերի նկատմամբ։

Մի պարզ ու բնութագրական օրինակ բերեմ։ Ադրբեջանը դահուկային սպորտի իր երկրի առաջնությունը գիտե՞ք որտեղ է անցկացնում։ Եվրոպայի կենտրոնում գտնվող երկրներից մեկում։ Դա բաց առաջնություն է։ Իսկ գիտե՞ք, թե ովքեր են մասնակցում եւ քանիսն են Ադրբեջանից։ Մասնակցում են եվրոպացի դահուկորդները եւ զրո ադրբեջանցի։ Կամ եթե մեկ-երկու հոգի մասնակցում էլ է, ապա այդ անձինք ապրում են Եվրոպայում։ Դժվար չէ կռահել, որ դրա համար մարզաբազա է վարձակալվում, պատկերացնել, թե որպես քարոզչություն ինչ քանակությամբ ադրբեջանական դրոշներ են կանգնեցվում Եվրոպայի կենտրոնում։ Ու չզարմանանք, եթե մի քանի տարի հետո Ադրբեջանն ունենա իր հավաքական թիմերը։

Իսկ Հայաստանում ձմեռային մարզաձեւերը մի կերպ են պահպանում իրենց գոյությունը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031