Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգևոր ծառայությունը իշխանահաճո քծնանքի վերածելը Հուդայի համբույրին հավասարազոր դավաճանություն է. հայտարարություն

Հունվար 10,2026 16:59

Հայաստանում ականատես ենք լինում պետական մակարդակով կազմակերպված հանցավոր արշավի՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների լկտի հայտարարություններն ու սանձարձակ քայլերը այլևս բացահայտ ոտնձգություն և հարձակում են մեր ազգային-հոգևոր ողնաշարի դեմ։

Սա անթաքույց փորձ է՝ ենթարկեցնել դարավոր կառույցը և հաստատել տոտալ վերահսկողություն հոգևոր կյանքի նկատմամբ։

Մենք արձանագրում ենք՝ գործադիր իշխանությունը թքած ունի Սահմանադրության վրա։ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որը արգելում է պաշտոնյաներին դուրս գալ իրենց լիազորությունների շրջանակից, այսօր ցուցադրաբար ոտնահարվում է։ Սա պարզապես օրենքի խախտում չէ, սա իշխանության յուրացում է, ինչը հղի է բռնապետական կարգերի հաստատմամբ։ Երբ պաշտոնյան իրեն վեր է դասում օրենքից և Եկեղեցուց, մենք գործ ունենք սահմանադրական կարգի տապալման փաստացի գործընթացի հետ (ՀՀ ՔՕ 420-րդ հոդված)։ Իրավական նիհիլիզմը հասել է գագաթնակետին․ պետական այրերը իրենց պահում են ոչ թե որպես ծառայողներ, այլ որպես ամենաթողության մատնված «տերեր»։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սոսկ կրոնական կառույց չէ, այն մեր պետականության և ինքնության վերջին ամրոցն է։ Այս կառույցի դեմ ցանկացած ոտնձգություն ազգադավություն է և պետականակործան քայլ։ Եկեղեցու դեմ պայքարողը պայքարում է Հայաստանի և հայության գոյության դեմ։

Միևնույն ժամանակ, մեր խորին զզվանքն ու ցասումն ենք հայտնում այն հոգևորականների վարքագծի կապակցությամբ, ովքեր, մոռանալով իրենց սրբազան երդումը, դարձել են օրվա իշխանության սպասարկուն։

Հոգևորականի սքեմի տակ թաքնված այդ դավաճանները, ովքեր սպասարկում են քաղաքական պատվերներ և պառակտում են ներեկեղեցական կյանքը, արատավորում են Հայ Եկեղեցու վարկը։ Հոգևոր ծառայությունը իշխանահաճո քծնանքի վերածելը Հուդայի համբույրին հավասարազոր դավաճանություն է։ Կոչ ենք անում նմաններին՝ սթափվել, դադարել լինել դավաճանական իշխանության գործիքը և մեղա գալ Հայոց Եկեղեցու և Աստծո առջև:

 

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031