«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրում է.
«Իրանում լայնածավալ բողոքները չեն դադարում, կան հաղորդումներ հարյուրավոր ցուցարարների սպանության մասին։ Սիրիայում՝ Հալեպի շուրջ, բախումներն ու զանգվածային տեղահանությունները շարունակվում են։
Այսօր առավոտյան ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործընկերների հետ համատեղ հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին։
Տարածաշրջանը թևակոխում է ավելի «թեժ փուլ», և բազմակողմ վտանգներն ակնհայտորեն սահմանագծով չեն սահմանափակվելու։ Հենց այս պայմաններում օգոստոսի 8-ի՝ վաշինգտոնյան խաղաղության շրջանակի արժեքը բազմապատկվում է։
Կարդացեք նաև
Պատկերացրեք հակառակը․ եթե ԱՄՆ միջնորդությամբ այս գործարքը կնքված չլիներ: Անկասկած ռեգիոնալ ցանկացած լարում շատ ավելի արագ կվերածվեր լայնամասշտաբ էսկալացիայի ու պատերազմի վտանգի, որովհետև երբ մեծ տերությունների ուշադրությունը զբաղված է այլ թեժ կետերով, ուժը փորձարկելը միշտ ավելի հեշտ է թվում։
Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրն ու խաղաղության գործարքը ԱՄՆ-ին պահում են գործընթացի մեջ՝ ոչ թե որպես կողքից դիտող, այլ որպես պատասխանատվություն ունեցող կողմ։ Եվ հենց դա է փոխում հաշվարկը․ սադրանքի գինը բարձրանում է, ճնշման հնարավորությունը՝ նեղանում։ Մեր խնդիրը մեկն է՝ այս պատուհանը չվատնել։
Օգոստոսի 8-ը պետք է թղթից տեղափոխել իրականություն՝ արագ գործարկում, ինստիտուցիոնալ ամրացում, ու միևնույն ժամանակ պաշտպանունակության որակի կտրուկ թռիչք։ Խաղաղությունը չի տրվում․ խաղաղությունը պահվում է, և պահվում է ուժով՝ որակով, կարգապահությամբ, հաշվարկով»:


















































