Լրահոս
Օրվա լրահոսը

«Փետրվարի 30» հեքիաթների գիրքը նման չէ ավանդական հեքիաթներին

Հունվար 12,2026 11:50

Aravot.am-ը հարցազրույցի հրավիրեց «Փետրվարի 30» հեքիաթներ գրքի հեղինակին՝ Մարկ Տվենի անվան միջազգային և այլ մրցանակների դափնեկիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանին:

Դուք ընթերցողին հայտնի եք հատկապես բազմաթիվ մրցանակների արժանացած «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գրքով, որը լույս է տեսել 2017-ին: 8 տարի հետո տպագրեցիք «Փետրվարի 30-ը» (հրատարակել է «Անտարեսը»): Երկա՞ր ընդմիջում չէր հեքիաթագրի համար:

–  Գուցե երկար է, հեքիաթները ծնվել են այն ժամանակ, երբ պետք է ծնվեին: Չեմ խրախուսում այն պահը, երբ նստում են ու սկսում են հորինել՝ ինչ կստացվի, կստացվի: Պետք է ապրել կյանքի ամեն օրը, ու եթե հոգիդ զգայուն է, կարձագանքի, կծնվի հեքիաթ:

Համացանցում կա տեսանյութ, որտեղ Գերմանիայում և Վիեննայում հիացած են խոսում Ձեր նախորդ գրքի գերմաներեն թարգմանված հեքաթների մասին: Մարկ Տվենի անվան միջազգային, ինչպես նաեւ՝ Հայաստանում ավելի քան տասը տարբեր մրցանակների արժանացած Ձեր հեքիաթների հաղթարշավից հետո ինչպե՞ս Ձեզ ընդունեցին գրական ու ընթերցողական դաշտում:

– Հասկացա Ձեր ակնարկը… Մրցանակները հարաբերական են, բայց «մարտի» ես դուրս գալիս, փորձում ես ուժերդ այլ լավագույնների հետ, ճանաչում ինքդ քեզ… Չեմ կարող ուրանալ ու ասել՝ մեզ մոտ լավ չեն ընդունել, ո՛չ, Հայաստանում էլ են շատ լավ ընդունել «Բյուրեղապակե մարդը», այլապես մի քանի անգամ չէր վերահրատարակվի, չէր սպառվի, դպրոցները չէին բեմադրի հեքիաթները, հարյուրավոր հանդիպումներ չէին կազմակերպվի և այլն, բայց այլ է, երբ օտարազգին է գնահատում հայ հեղինակին: Սիրտս, օրինակ, հպարտությամբ է լցվում, երբ մերոնք որևէ երկրից մրցանակով են վերադառնում:

Թերթելով «Փետրվարի 30»-ը, գրքում ընդգրկված հեքիաթների շարքում  նկատեցինք դրանցում ավանդական ժանրից դուրս գալու, պատմվածքի, կինեմատոգրաֆիականության, քաղաքական շերտի, սուր սատիրայի, լեգենդի որոշ կանոններ ներմուծելու, հատկապես հումորի առկայություն:  Հեքիաթները չեն սկսվում ավանդական ձևով, թվային խաղ կա… Չե՞ն մեղադրի ավանդականի մեջ չմնալու համար:

– Դիպուկ եք նկատել… Ի՞նչ է, պետք է դասականներին կրկնօրինակել, որ գոհանա՞ն կարծրատիպեր ունեցող ընթերցողները: Չէ՛: Ես գրում եմ այսօրվա համար: Խոնարհվում եմ տիեզերքի չափ մեծ Թումանյանի կամ մեր մյուս հեքիաթագիրների առջեւ, բայց չի կարելի նմանակել նրանց: Նրանք իրենցը պատվով արեցին, գնացին: Հիմա նորի ժամանակն է. ես գրում եմ այսօրվա տարիքով փոքր ու տարիքով մեծ մարդկանց համար: Ավելին՝ Թումանյանը կխրախուսեր լավ նորը… Նիհիլիստներ միշտ եղել են ու կլինեն: Չուզենալ տեսնելը իրենց սնում է, բայց դեռ չեմ հանդիպել ինքնահրկիզվող նիհիլիստի: Հետո, եթե հանդգնում ես հանրային դարձնել քո ստեղծածը, ուրեմն պետք է պատրաստ լինես նաև հակառակ կարծիքի: «Մեկը տերտերին է սիրում, մյուսը՝ տերտերի կնգան»,-  ասվում է ժողովրդական խոսքում:

Գրականագետներից մեկ-երկուսը, մեզ հետ զրույցում  հավաստիացրին, որ «Փետրվարի 30»-ը ավելի «ուժեղ» է «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գրքից, որը մեծ սեր է վայելում: Համաձա՞յն եք:

– Ա՛յ, այդ հարցին ընթերցողը կարող է պատասխանել. իրարից տարբեր են, «Փետրվարի 30»-ը պատանեկան ու ավելի մեծահասակ ընթերցողների համար է, դա վստահ կարող եմ ասել: Գործեր կան, որ այսօր չէի գրի, բայց լավ է, որ այն ժամանակ գրել եմ… Ինքս էլ եմ փոխվում… Հիմա մի տեսակ սպառվածի պես եմ զգում ինձ, նորից պետք է «լցվեմ»…

– «Փետրվարի 30»-ը ունի շքեղ նկարչական ձևավորում, որն իրականացրել է Ամալյա Վարդանյանը …

– Ընդհատեմ Ձեզ ու հիացմունքս արտահայտեմ տաղանդավոր նկարչի աշխատանքի մասին: Իհարկե շատ եմ նրան «չարչարել». քննարկել ենք ամեն նկարի ամեն դետալ: Ամալյան և՛ իր ստեղծագործական մոտեցումն է  բերել և՛ փորձել է պահպանել իմ հեքիաթագրի ոճը: Գրքի վրա մի ամբողջ խումբ է աշխատել, շնորհակալություն նաև գրքի խմբագրին՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին, որը ևս խստապահանջ է, բայց անհամեստանամ,  նա ասաց. «Շատ լավ գիրք է»:

– Եթե փաստերը ցույց են տալիս, որ Ձեր նախորդ գիրքն ունեցել է նաև միջազգային հաջողություններ, վստահ ենք՝ սա էլ իր ընթերցողները կունենա, նաև կթարգմանվի:

– Ուրախությամբ նշեմ, որ «Փետրվարի 30»-ը  տպագրվելուց հետո շուրջ 20 օրվա ընթացքում արդեն 60 գիրք վաճառվել էր՝ ըստ «Անտարեսի» աշխատակցուհու: Ինչ վերաբերում է թարգմանելուն, իհարկե ունենք մեր հեղինակների թարգմանված գրքեր, ինչը հրաշալի է: Դա առանձին մասնագիտություն է, դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, ունեն գրականագետի ու տաղանդավոր ընթերցողի քիմք, գիտեն որ հեղինակի ո՛ր գիրքը թարգմանել, մատուցել, իսկ ամենից առաջ պետք է իրենք էլ կարդան՝ իմանալու համար ինչ որակի գրականություն ունենք աշխարհին ցույց տալու, բայց… այդ առումով դեռ ոչինչ չեմ կարող ասել:

 –Համացանցում կան տեսանյութեր, որտեղ ընթերցողները, կարդալով ժամանակակիցներից շատերի գործերը, հավանություն են տալիս այսօրվա Ձեր կոլեգաների, այդ թվում  Ձեր գրածներին: Սա բացասաբար չի՞ անդրադառնում  …

– Արդեն անդրադարձել է, ազդել է… (ծիծաղում է):  Եթե այդ «դոզան» գնալով ավելանա, գուցե ինքս դառնամ իմ իսկ սատիրայի «ծաղրահերոսը»: Հաճելի է: Բայց  վախենամ, որ դա սովորական  դառնա…

Հարցազրույցը՝  Սամվել Դանիելյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031