«Արցախի հոգեբանների միություն» ՀԿ-ի նախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանի ֆեյսբուքյան գրառումը
Մենք շատ ենք խոսել այն մասին, ինչ է տեղի ունեցել Արցախի բռնի տեղահանության ժամանակ, բայց շատ քիչ՝ այն մասին, ի՞նչ կարելի է անել հիմա։
Արցախցիների բռնի տեղահանությունը միայն քաղաքական կամ հումանիտար խնդիր չէ։ Դա զանգվածային հոգեբանական տրավմա է։
Երբ մարդը մեկ օրում կորցնում է տունը, հողը, գերեզմանները, անվտանգությունը, նա չի տեղափոխվում միայն ֆիզիկապես․ նա տեղափոխվում է վախի, անորոշության և կորստի մեջ։
Եվ այստեղ ուզում եմ հստակ ասել․ սիրելի հայրենակիցներ, մեզ՝ բոլորիս, պատուհասած դեպրեսիան, տագնապը, անքնությունը, նյարդային լարվածությունը մեր թուլության նշանները չեն, բնավ։ Դրանք ընդամենը բնական, նորմալ արձագանք են աննորմալ ազդեցությանը։ Խնդիրն այն է, որ շրջապատը և մենք ինքներս մեզնից պահանջում ենք, որ «արագ հարմարվենք», հաշվի չառնելով, որ մարդկանց հոգեկանում դեռևս ապրում են շարունակվող պատերազմի չմարող արձագանքները։
Եթե ուզում ենք իրական լուծում, պետք է փոխենք մոտեցումը։
Կարդացեք նաև
Առաջինը պետության խնդիրն է. մարդուն պետք է վերադարձնել անվտանգության զգացումը։ Գտնել անհրաժեշտ միջոցներ և տարիներով չհետաձգել բնակարանային հարցի լուծումը: Առանց մշտական կացարանի, կանխատեսելի աջակցության և հստակ կարգավիճակի՝ ոչ մի հոգեբանական օգնություն լիարժեք չի աշխատի։ Խիստ ընկճող է տեղահանվածների անձնագրի կարգավիճակի ստորացումը, իբր՝ դրանք ընդամենը ճամփորդական վկայականներ են: Այսպիսի մոտեցումը ենթագիտակցորեն պրոյեկտվում է մարդկանց ինքնության, ինքնագնահատականի, ինքնավերաբերմունքի` առանց այդ էլ ցածրացված, մակարդակի վրա՝ էլ ավելի իջեցնելով դրանք:
Մարդիկ տասնամյակներով հպարտ ու կարևոր են զգացել՝ լինելով Արցախի քաղաքացի և ամուր համոզմունք, որ մայր Հայաստանը, անձնագրավորելով բնակչությանը, իր հյուրընկալ գիրկն է ընդունելու ոչ միայն ֆիզիկապես (հոգաչափ շնորհակալ ենք դրա համար), այլ նաև իրավական առումով: Իրականում սեփական կապույտ անձնագիրը չճանաչելը մարդկանց ընկճել է և վիրավորել նրանց արժանապատվությունը:
Երկրորդ՝
պետք է դադարենք մարդկանց դիտել միայն որպես օգնություն ստացող ակցեպտորներ։ Արցախցին զոհ չէ միայն։ Նրանք փորձ ունեցող, ուժեղ, աշխատող, եթե կուզեք՝ իրասածի ու կողահաստ, մարդիկ են, որոնց, դժվար է, բայց պետք է դարձնել համայնքի գործող անդամներ։
Շուկայական-մրցակցային պայմաններում այս խնդիրը դանդաղ է լուծվում: Առայսօր արցախցիները ստիպված են տիտանական ջանք գործադրել՝ ինքնուրույն ուսումնասիրելու շուկան, հաղթահարելու բնական դիմադրությունը, հասնելու և արժանիորեն մրցակցելու տեղական մասնագետների, գործարարների հետ:
Երրորդ՝
անհրաժեշտ է ոչ միայն անհատական թերապիա, այլ համայնքային վերականգնում։ Խմբեր, հանդիպումներ, պատմություններ, որտեղ մարդը լսվում է ու ճանաչվում։ Հավելյալ տեղեկացնեմ, որ «ԱՐՑԱԽԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ» «ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ աջակցությամբ, ձեռնամուխ է եղել այնպիսի ծրագրի իրականացմանը, որի թիրախը մարզերում բնակվող տեղահանված արցախցիներն են: Փորձ է կատարվում ըստ ամենայնի տեղերում մատուցել հոգեբանական աջակցություն, հիմնականում՝ խմբային ռացիոնալ թերապիայի տարբերակով, որպեսզի մարդիկ թոթափեն լքվածության և չհասկացվածության համախտանիշը, լցվեն ապրեցնող իմաստով և փորձեն ինքնուրույն գտնել վերկացի ուղին…
Չորրորդ՝
աշխատանք ինքնության հետ։ Ոչ թե մոռանալ Արցախը, այլ սովորել ապրել՝ այն կրելով մեր մեջ, ոչ թե կորցնելով մեզ՝ կորստի հետ միասին։ Արցախցիներից մեկն ինձ խոստովանել է մի հոգեվիճակ, որը բնորոշ է շատերի համար՝ ես Արցախի հետ կորցրել եմ ինքս ինձ, իմ ինքնությունը, ու չեմ գտնում… սիրելի հայրենակից, վերագտեք ձեզ, իսկ Արցախը կա, ոչ մի տեղ չի գնացել, այնտեղ է… կորել է մեր հսկողությունը։ Փորձենք կառավարել մեր հույզերն ու մտքերը` գիտակցելով, որ միայն այդպես կարող ենք կանգուն մնալ, մինչև որ Արցախը նորից հայեցի կդառնա։
Եվ վերջապես, մարդը չի կարող ապրել միայն սուգով: Պետք է ունենալ համարձակություն՝ խոսելու ապագայի մասին։ Ոչ կեղծ հույսերով, այլ իրական հնարավորություններով։
Այս խնդիրը չի լուծվելու լռությամբ։ Չի լուծվելու միայն սննդով կամ միանվագ աջակցությամբ։ Այն լուծվելու է, երբ որպես հասարակություն ընդունենք՝
– բռնի տեղահանությունը բոլոր հայերի հոգեբանական վերքն է,
– ջնջելով անցյալը՝ մենք խորացնում ենք տրավման, ինքնության կորուստը։
Եվ եթե այսօր չսկսենք աշխատել դրա հետ, վաղը դրա գինը վճարելու ենք բոլորս։


















































