Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հերթական տոնը պարգեւեց ունկնդրին. հունվարի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահը վերածվել էր Ավստրիայի մայրաքաղաքի վեհաշուք պալատներից մեկի։ «Վիեննական գալա» երեկոն իր տոնական շքեղությամբ մոռացնել տվեց առօրյա կենցաղայնությունը։ Ֆիլհարմոնիկն արդեն գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել՝ վիեննական ամանորյա շնչով լցնելու ձմեռային տոնական օրերը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը իրեն բնորոշ վարպետությամբ ու յուրօրինակ մեկնաբանությամբ կենդանություն հաղորդեց Շտրաուսների լեգենդար գլուխգործոցներին՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հմուտ ղեկավարությամբ:
Կարդացեք նաև
Հնչեցին «Կայծակ եւ որոտ», «Թրիչ-թրաչ», Ֆրանսիական «Կրակի տոնակատարություն», «Որսի պահին» կրակոտ պոլկաները, «Նապոլեոն», «Եգիպտական» հանդիսավոր քայլերգերը, «Հնչող ոլորտներ», «Կայսերական», «Երկնագույն Դանուբ» եւ այլ վիեննական վալսերը:
Համերգն ավանդաբար եզրափակվեց «Ռադեցկի» քայլերգով, որից հետո լեփ-լեցուն համերգասրահը պայթեց հոտնկայս ծափահարություններից:
Երեկոյի ընդմիջմանը ունկնդիրը մեկ գավաթ շամպայնով ընդգծեց Վիեննական երեկոյի իր բարձր տրամադրությունը։
«Վիեննական գալայի» պարային հատվածը վստահվել էր «Բարեկամություն» անսամբլի գեղեցկուհիներին, որոնք ճեմասրահից սկսած՝ էլեգանտ կավալերների ուղեկցությամբ հանդես եկան պարահանդեսային պարերի կատարումներով: Ի դեպ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նաեւ նման երեկոներին համապատասխան հանդերձանքով ներկա գտնվելու գեղեցիկ մշակույթ է ձեւավորել․ հանդիսատեսը եկել էր երեկոյան զգեստներով ու հարդարանքով։
Հավելենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մի քանի օր առաջ է վերադարձել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած մասշտաբային շրջագայությունից, որտեղ մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել 9 համերգներով՝ Չինաստանի հեղինակավոր համերգասրահներում:
Պատրաստեց՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ Ֆիլհարմոնիկի ֆեյսբուքյան էջից

























































