«Մենք ուշադիր եւ հետեւողական ենք ողջամիտ ժամկետում դատական գործերի քննությանը, քանի որ այսօր ՀՀ-ում գործերի ողջամիտ ժամկետի քննության իրավունքի խախտման հիմքերով դատական հայցեր կան ՀՀ դատարաններում քննվող, որի հետեւանքով ՀՀ դեմ կայացվում են դատական ակտեր՝ գումարի բռնագանձման տեսքով։ Եվ սա էլ ազդակներից մեկն է, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք այդ հանգամանքին»,- այսօր «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։
Նա նշեց, որ իրենք չեն խուսափում խնդիրները բարձրաձայնել։ «Շատ ժամանակ հատուկ մեր խնդիրները բարձրաձայնել ենք, որպեսզի մեր գործընկերներից լսենք կոմպետենտ դիրքորոշումներ ու կարծիքներ մեր ունեցած խնդիրներին լուծումներ տալու համար։ Հարցնում եք՝ ինչքանո՞վ եք ընդունում ուշացած արդարադատությունը։ Իրականում ես չեմ ընդունում ուշացած արդարադատությունը, որովհետեւ ուշացած արդարադատությունը դա մերժված արդարադատությունն է»,- նշեց ԲԴԽ նախագահը։
Նա ասաց, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել։ Մասնավորապես, դատական համակարգում կա ծանրաբեռնվածության խնդիրը, դատավորները ծանրաբեռնված են։ «Իհարկե, ծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել ուշացած կամ մերժված արդարադատություն ունենալը։ Այն, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ արդարադատությունը հնարավորինս իրականացվի, դա բոլորիս համար հրամայական է»,- հավելեց նա։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































