«Որեւէ անգամ որեւէ մեկը որեւէ հանձնարարություն չի տվել ինձ, ես գործում եմ բացառապես Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան։ SMS-ներ ստանում եմ իմ ընկերներից ու իմ տան անդամներից։ Ես Նիկոլ Փաշինյանի հեռախոսահամարը չունեմ, կարծում եմ՝ ինքն էլ իմը չունի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատավոր Սարգիս Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանից հանձնարարական ստացե՞լ է։
Անդրադառնալով հարցին, որ ՔՊ ցուցակով եղել է պատգամավորի թեկնածու, եւ այդ հանգամանքով պայմանավորված՝ իր անաչառությունը մշտապես կասկածի տակ է դրվել՝ Պետրոսյանն ասաց․ «Մեկ տարի եւ վեց ամիս ես պաշտոնավարում եմ։ Որեւէ դեպք կարո՞ղ եք մատնանշել, որ ես ոչ օբյեկտիվ եմ գտնվել, ոչ արդար: Ինձ համար անձինք կարեւոր չեն, ինձ համար կարեւոր են Սահմանադրությունը, օրենքները, միջնորդությանը կից ներկայացված նյութերը, քրեական գործը։ Ես որեւէ մեկի սրտի որոշումը չեմ կայացնում, ես օրենքի սրտի որոշումն եմ կայացնում։ Եվ իմ որոշումներն ու ակտերը բացառապես բխում են օրենքից, դրանք գնահատում եմ իմ խղճով, իմ ներքին համոզմունքներով»։
Նշենք, որ Սարգիս Պետրոսյանը գործարար Սամվել Կարապետյանի գործով դատավորն է։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելուն եւ հարցին, թե պայմանավորվածությո՞ւն կար, Սարգիս Պետրոսյանը պատասխանեց․ «Ի՞նչ պայմանավորվածություն, եթե բացահայտեք․․․ Դատավոր Սարգիս Պետրոսյանի հետ որեւէ մեկը չի կարող պայմանավորվածություն ձեռք բերել, դատավոր Սարգիս Պետրոսյանը գործում է բացառապես օրենքով եւ իր խղճով։ Իմ բոլոր որոշումներն ու դատական ակտերն իրենց մեջ որոշակի առումով համարձակություն պարունակում են։ Յուրաքանչյուր դատավոր պետք է լինի համարձակ, պետք է գործի Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան»։
Հարցին, թե Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման որոշումից հետո իր նկատմամբ ճնշումներ չկա՞ն, դատավորը պատասխանեց․ «Իմ նկատմամբ որեւէ անգամ ճնշումներ չեն եղել, չկան եւ լիահույս եմ՝ չեն լինի։ Դատավորի կողմից անկախ, անաչառ դատական ակտ կայացնելու համար որեւէ ճնշումներ չկան եւ չպետք է լինեն»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































