Լրահոս
Օրվա լրահոսը

«Խափանման միջոց կալանքը դարձել է պատժիչ գործառույթ, վատ պրակտիկա է ձևավորվել, իմ աշխատանքի վրա նկատելիորեն դա զգում եմ»․ Արայիկ Պապիկյան

Հունվար 12,2026 17:51

«Ցավոք, շատ վատ պրակտիկա է ձևավորվել, իմ աշխատանքի վրա նկատելիորեն դա զգում եմ։ Եթե մեկ-մեկուկես տարի առաջ շաբաթվա մեջ մեկ-երկու օր էի ստիպված լինում քրեակատարողական հիմնարկ գնալ, անցյալ շաբաթ և կիրակի օրերին ևս այցելել եմ քրեակատարողական հիմնարկ, որովհետև պաշտպանյալներս, որոնք կալանքի տակ են գտնվում, նրանց թիվն ավելացել է»,-Aravot.am-ի փաստմանը՝ 2018-ից ի վեր կալանքի կիրառումը ՀՀ-ում կրկնապատկվել է և հարցին՝ Ձեր գործունեության ընթացքում դա նկատելի՞ է, այսպես պատասխանեց Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Արայիկ Պապիկյան

Ըստ փաստաբանի՝ սա շատ վատ պրակտիկա է․ «Դատարանները պատժիչ գործառույթ են իրականացնում․ խափանման միջոց կալանքը դարձել է պատժիչ գործառույթ։ Այն գործերը, որտեղ կա քաղաքական շահագրգռվածություն՝ հատկապես իշխանության կողմից կամ իշխանական շրջանակներից, նույնիսկ գիտենք այն դատավորների շրջանակը, ովքեր պիտի քննեն և ինչ որոշում պիտի կայացնեն»։

Հետաքրքրվեցինք՝ այս իրավիճակը չի՞ վտանգում ժողովրդավարությունը, Արայիկ Պապիկյանը պատասխանեց․ «Շատ սուբյեկտիվ են մեկնաբանություններ տալիս, բայց չոր վիճակագրությունն ավելի հստակ է․ վերջին երեք տարվա ընթացքում՝ 2022-2025-ին քրեական օրենսգրքի 329-րդ և 330-րդ հոդվածներով 300 քրեական վարույթ է հետապնդվել՝ հիմնականում դրանք ուղղված են խոսքի ազատությունը ճնշելուն։ Այդ գործերով 60-ից ավելի քրեական գործերով անձինք կամ դատապարտվել են կամ դատապարտման ընթացքում են։ Խոսքը վերաբերում է նրան, որ մարդիկ ինչ-որ արտահայտություն են արել, որ դատարանը կամ իշխանությունը գտել է, որ դա բռնության կոչ, խուլիգանություն կամ հայհոյանք է։ Այսինքն՝ խոսքի ազատությունը ճնշելու իմաստով երեք տարվա մեջ 300-ից ավելի գործ է քննվել ժողովրդավարության բաստիոնում․ խոսքի ազատությունը քրեական գործերով պատժվում և սահմանափակվում է։

Խնդրում եմ Քննչական կոմիտեին կամ դատախազությանը հրապարակեն՝ հանրային գործիչների նկատմամբ բռնության հրապարակային կոչով, բացի Նիկոլ Փաշինյանի անձից՝ որևէ ընդդիմադիրի նկատմամբ նման կոչով քրեական հետապնդում ՀՀ-ում եղե՞լ է, թե՞ ոչ։ Գիտենք, որ չի եղել։

2023-ի սեպտեմբերի վերջին տասնօրյակում խոսքի ազատության և հրապարակային կոչերի համար տասնյակ մարդիկ են կալանավորվել այնպիսի հոդվածներով, որը տարվա այլ ժամանակ չի արվում․ ոչ դատախազությունը, ոչ դատարանները, ոչ Քննչական կոմիտեն չէին նայում, որ այդ օրերը Արցախի հայաթափման օրերն էին․ մարդիկ վրդովված էին, արտահայտվելու կարիք կար, հանրային պահանջ էր այդ վրդովմունքն արտահայտելը։ Նրանք, ովքեր արտահայտվում էին Արցախի հայաթափման դեմ, նրանց տանում էին կալանքի։ Ինչո՞ւ օրինակ այդ հոդվածները այլ ամիսների չկային, որովհետև այդպիսի ցնցում հանրությունը չէր ապրում։ Մեր երկրում չոր վիճակագրություն վարել առանց փաստերին ու հանգամանքներին ուշադրություն դարձնելու, անլուրջ է։

Համոզիչ կարող եմ՝ ասել Քննչականը և դատախազությունը հանրային ընդվզումն առանց հաշվի առնելու քանի դեռ իշխանությանը թթու խոսք են ասել՝ հատկապես, երբ դա ուղղված է Փաշինյանին կամ նրա տիկնոջը, պիտի տանեն կալանքի։ Դա է պատճառը, որ այսօր ունենք այնքան շատ կալանավորներ, որ քրեական գործով աշխատող փաստաբանները օրվա մեծ մասը՝ անգամ շաբաթ կիրակիները, ստիպված են գնալ քրեակատարողական հիմնարկ»։

Փաստեցինք՝ վիճակագրության համաձայն՝ վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց մեծամասնությունը կալանավորված անձինք են, օրինակ՝ 2025-ին դրությամբ անազատության մեջ գտնվող անձանցից 1401-ը կալանավորված անձինք են, 1395-ը՝ դատապարտյալներ։ Ըստ Արայիկ Պապիկյանի՝ այս թվերը շատ վատ իրավիճակի մասին են խոսում․ «Պետք է նկատենք, որ այդ վիճակագրության մեջ դեռ արտացոլված չեն դատարանում քննվող հազարավոր գործերը։ Գիտենք՝ դեռևս խորհրդային ժամանակներից այդ չակերտավոր ավանդույթն ունենք, որ եթե քրեական գործը եկել է դատարան, ուրեմն մարդը պետք է պատժվի։ Այստեղ ճնշող մեծամասնության դեպքում՝ հազարավոր գործերով, արդարացման վերդիկտ չի լինելու, այլ մեղադրական վերդիկտ է լինելու, և մի քանի հազար մարդ այս պահին պոտենցիալ դատապարտյալ է․ այդ թիվն առաջիկա տարիներին կարող է շեշտակի ավելանալ»։

Արայիկ Պապիկյանի կանխատեսմամբ՝ նախընտրական ժամանակահատվածում դեռ շատ կալանքների ականատես կլինենք՝ նաև պատվերով կալանքներ կլինեն․ «Խոսքի ազատությունը ճնշելու կալանքներ պիտի լինեն․ հատկապես համակարգի հետ չհամագործակցող, իշխանությանը թթու խոսք ասող անձինք դեռ իրենց խոսքի համար պետք է կալանքների գնան։ Ընտրություններից հետո դատարաններին կթույլատրվի, որ այդ կալանավորված անձանց խափանման միջոցը փոխեն տնային կալանք, գրավով, որի համար իշխանությանը մենք պետք է շնորհակալություն հայտնենք, որ նրանք մեծահոգի եղան և կալանքից ազատեցին այն դեպքում, երբ դա մեղմ ասած՝ միապետություն տանող ճանապարհի քայլերից մեկն է։ Մեր իշխանության ղեկավարը, երբ կբարեհաճի թուլ տալ, որ դատարանները արդար լինեն, այդ թույլտվությունը ստանալու պահից հետո հանրությունն իրենից պետք է շնորհակալություն հայտնի։ Ես սա հեգնանքով եմ ասում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031