Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքական իրականության ձևավորումը՝ ակտիվ ընտրողի շնորհիվ

Հունվար 12,2026 18:15

Հայաստանում ընտրություններին մասնակցությունը վաղուց դարձել է ոչ միայն քաղաքացիների իրավունքի կամ պարտականության իրացման ձև, այլ նաև երկրի քաղաքական ուղղությունը որոշող առանցքային գործընթաց։ Քվեարկությանը ներկայանալը օրենքով պարտադիր չէ, բայց այն միակ խաղաղ մեխանիզմն է, որով քաղաքացին կարող է ազդել իր կյանքի վրա։

Մեկ ձայնի արժեքը և մասնակցության նշանակությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի համոզմամբ՝ ընտրություններին բարձր մասնակցությունը լեգիտիմ ընտրությունների կարևոր նախապայման է։ «Երբ ընտրատեղամասերում քաղաքացիների հոսքը մեծ է, ընտրության արդյունքներն ավելի դժվար են դառնում որևէ քաղաքական ուժի կողմից կասկածի տակ դնել կամ շահարկման նյութ դարձնել»։ Թեև, նրա խոսքով, չմասնակցելը նույնպես իրավական տեսակետից դիտվում է որպես ընտրություն, այն հաճախ «դառնում է հարմար օգնական այնպիսի խմբերի համար, որոնք փորձում են կասկածներ առաջացնել ընտրական գործընթացների վերաբերյալ»։

Հովակիմյանը ընդգծում է, որ ժողովրդավարության հիմքում պարտադրանք չկա․ «Մասնակցությունն ավելի ուժեղ է այն ժամանակ, երբ արվում է ազատ որոշմամբ, սակայն հենց այդ ազատությունն էլ ենթադրում է քաղաքացիական պատասխանատվություն»։

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում ընտրական համակարգը անցել է որակական վերափոխում, և այսօր մեկ ձայնը կարող է իրական ազդեցություն ունենալ։ Նա հիշեցնում է Վաղարշապատի վերջին ընտրությունները, որտեղ ընդամենը 16 ձայնը կարող էր փոխել ավագանիի կազմը։ Նրա կարծիքով՝ այսպիսի օրինակները ցույց են տալիս, որ ընտրությունների արդյունքն իրականում կախված է յուրաքանչյուր մարդու որոշումից։ «Սա այն պարզ, բայց շատ հաճախ անտեսված ճշմարտությունն է, որը պետք է փոխանցվի հատկապես այն քաղաքացիներին, որոնք տարիներ շարունակ հավատում են, թե իրենց ձայնը ոչինչ չի որոշում»։

Մասնակցությունից՝ դեպի իրական քաղաքացիական ակտիվություն

Դիտորդական շրջանակների ներկայացուցիչ Մարիամ Հովեյանը վերջին ընտրական միտումները գնահատում է որպես դրական ազդակ։ Նրա խոսքով՝ Վաղարշապատի և Գյումրիի տեղական ընտրություններում գրանցված մասնակցության աճը ցույց տվեց, որ ընտրական գործընթացների հանդեպ հետաքրքրությունը նորից բարձրանում է։ Եթե նախկինում մեծ համայնքներում մասնակցությունը հազվադեպ էր հասնում 30 տոկոսի, ապա վերջին տվյալները, նրա գնահատմամբ, վկայում են քաղաքացիների նորից ակտիվ ներգրավվելու պատրաստակամության մասին։

Հովեյանը շեշտում է, որ ակտիվ ընտրողը չի սահմանափակվում միայն քվեարկությամբ․ «Ընտրությանը ներկայանալը ակտիվության ամենապասիվ դրսևորումն է։ Իրական մասնակցությունը երևում է այն ժամանակ, երբ քաղաքացին հանդես է գալիս որպես դիտորդ, հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ պարզապես հետևում է գործընթացին ու արձագանքում խախտումներին»։

Միևնույն ժամանակ, չմասնակցող ընտրողների շերտը շարունակում է մնալ լուրջ խնդիր։ Հովեյանի դիտարկմամբ՝ նրանց մոտիվացիաները բազմազան են․ ոմանք հիասթափված են քաղաքական ուժերից, մյուսները բոյկոտում են համակարգը, իսկ հատկապես երիտասարդները հաճախ չեն զգում իրենց ձայնի արժեքը կամ չեն պատկերացնում ընտրության նշանակությունը։ Նրա համոզմամբ՝ այս խմբերի ներգրավումը պետք է ապահովեն ոչ թե դիտորդական կազմակերպությունները, այլ քաղաքական ուժերը՝ ներկայացնելով իրական ծրագրեր, համոզիչ ուղերձներ և վստահություն ներշնչող քաղաքական մոտեցումներ։

Մարիամ Հովեյանը կարևոր է համարում քաղաքացիական կրթության վերանայումը, որի պակասը Հայաստանում երկարաժամկետ խնդիր է։ Նրա գնահատմամբ՝ դպրոցներում և բուհերում քաղաքացիական պատասխանատվության, ընտրական իրավունքի և մասնակցային ժողովրդավարության թեմաները դեռևս չեն ներկայացվում բավարար խորությամբ, մինչդեռ հենց դա կարող է ձևավորել գիտակից ընտրողին, որը մասնակցում է ոչ թե ձևական, այլ պատասխանատու քաղաքացիի դիրքից։

 

Մասնակցությունը որպես ժողովրդավարության վերջին օղակ

 

Մասնագետների համոզմամբ՝ ընտրական գործընթացների բարելավումը պահանջում է խորքային փոփոխություններ համակարգի տարբեր մակարդակներում։ Քաղաքական ուժերի ֆինանսավորման թափանցիկությունը, վարչական ռեսուրսի չարաշահման կանխումը և խախտումների արագ ու հավասարաչափ քննությունը այն հիմնական ուղղություններն են, որոնցից կախված է ընտրական վստահությունը։ Մարիամ Հովեյանը շեշտում է, որ երբ իշխանական և ընդդիմադիր ուժերի բողոքները դիտարկվում են նույն չափանիշներով, ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունն ինքնաբերաբար բարձրանում է։ Վահագն Հովակիմյանը հավելում է, որ տեխնոլոգիական լուծումները կարող են աջակցել ընտրությունների կազմակերպմանը, սակայն թղթային քվեարկությունը պետք է պահպանվի՝ որպես ստուգելիության և վստահության կարևոր երաշխիք։

Եզրափակելով՝ թե՛ Վահագն Հովակիմյանը, թե՛ Մարիամ Հովեյանը հանգում են նույն եզրակացության․ ժողովրդավարությունը չի կայանում ինքն իրեն։ Այն ամրապնդվում է այն ժամանակ, երբ քաղաքացու մասնակցությունը ձևավորվում է ոչ միայն օրենքով, այլ նաև գիտակցված ընտրությամբ։

Կարեն Կոլոսով, Հարություն Սարգսյան, Մարիամ Ասոյան, Անահիտ Ավագյան, Նունե Գրիգորյան

Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031