ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ի, «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ-ի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի վերաքննիչ բողոքը՝ վերացնելով ՀՀ վարչական դատարանի 20․11․2025 թվականի որոշումը, որով մերժվել էր կազմակերպությունների հայցադիմումի ընդունումը։
Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը սահմանափակել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տասնյակ տարիներ գործունեություն իրականացնող կազմակերպությունների՝ դատական պաշտպանության և բողոքարկման իրավունքը։
Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունները հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 11․09․2025 թվականի որոշումը, որով նախնական համաձայնություն էր տրամադրվել Քարաբերդ բնակավայրի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար։
Առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցադիմումի ընդունումը՝ հիմնավորելով, թե վիճարկվող որոշումը չի առնչվում կազմակերպությունների կամ նրանց շահառուների իրավունքներին և անմիջականորեն չի շոշափում շրջակա միջավայրի պահպանությանը և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
Կազմակերպությունները, տարիներ շարունակ իրականացնելով մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունում, հրապարակայնորեն արտահայտել էին իրենց դիրքորոշումը Փամբակ խոշորացված համայնքում հանքի շահագործման վերաբերյալ որոշման դեմ, մասնակցել էին դրա ընդունմանը նախորդած հանրային քննարկումներին և պնդել էին, որ ավագանու որոշումը կայացվել է նյութական և ընթացակարգային նորմերի էական խախտումներով՝ ստեղծելով մարդու իրավունքների խախտման իրական և կանխատեսելի վտանգներ, հատկապես շրջակա միջավայրի պահպանության համատեքստում։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ


















































