Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնային պաշտոնյան ինչո՞ւ առանձնացրեց հայերի ներգրավմամբ խարդախությունները Կալիֆոռնիայում

Հունվար 13,2026 10:24

Ամերիկյան առողջապահական պետական աջակցության ծառայությունների համակարգող Մեհմեթ Օզը (լուսանկարում) խոսել է Կալիֆոռնիա նահանգում առողջապահական խարդախությունների բարձր ծավալի, դրանք հետաքննելու անհրաժեշտության մասին։

Ավելի վաղ Aravot.am-ը գրել էր, որ Օզը մատնանշել էր նահանգում գործող ռուսական եւ հայկական հանցախմբերի ներգրավվածությունը առողջապահական խարդախություններում։

«Լոս Անջելեսի շրջանում հինգ տարվա ընթացքում մահերի թիվը յոթ անգամ չէր կարող աճել։ Սրանք խարդախներ են, եւ հաճախ այստեղ առկա են օտարերկրյա ազդեցություններ՝ ռուսական եւ հայկական հանցախմբեր, մաֆիա, որոնք առաջնորդում են այս ջանքերի մեծ մասը», – ասել էր Օզը մամուլի ասուլիսի ժամանակ։

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության տվյալներից տեղեկանում ենք՝ 2025-ին 16 մլն ԱՄՆ դոլար խարդախության համար ազատազրկման են դատապարտվել ինչպես Խուան Կառլոս Էսպարազան, այնպես էլ հայազգի Սուսաննա Հարությունյանը (1 տարի 3 ամիս եւ 2,822,963 ԱՄՆ դոլարի փոխհատուցում), Կարպիս Սրապյանը (4 տարի 9 ամիս եւ 3,203,574 ԱՄՆ դոլարի փոխհատուցում), Միհրան Փանոսյանը (4 տարի 9 ամիս եւ 4,680,146 ԱՄՆ դոլարի փոխհատուցում) եւ Պետրոս Ֆիչիդժյանը (12 տարի եւ 17,129,060 ԱՄՆ դոլարի փոխհատուցում)։

«Մենք արդեն հայտնաբերել ենք մոտ 1,3 միլիարդ դոլարի չափով դաշնային միջոցներ, որոնք ծախսվել են ապօրինի ներգաղթյալների խնամքի վրա», – ասել է Օզը։

Չնայած խարդախություններում հայերի ներգրավվածության ապացուցված դեպքեր կան, հայտնի չէ, թե որքա՞ն համատարած է այդ ներգրավվածությունը մյուս ազգային փոքրամասնություններին համեմատ, քանի որ վիճակագրության մեջ ազգություն չի նշվում։

Դժվար է ասել նաեւ, թե ի՞նչ պատճառով է ազգությամբ թուրք եւ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի երկքաղաքացի Օզն իր մամուլի ասուլիսի ժամանակ առանձնացրել հայերին եւ արդյոք դա պայմանավորված է ազգային պատկանելությամբ։

Այնուամենայնիվ, դեռ 2022-ին, երբ Օզը սենատորական ընտրության արդյունքում պարտվել էր, Դաշնակցության բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնել էին․ «Օզը, բացի թուրքական իշխող վերնախավի հետ իր անթաքույց կապերով, հայտնի է նաեւ Հայոց ցեղասպանության մերժմամբ։ Մեհմեթ Օզի ընտրվելը որպես սենատոր էական խոչընդոտներ կարող էր հարուցել ինչպես Ամերիկայի հայ համայնքի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների համար»։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031