Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ)՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, 2025թ. դեկտեմբերի 27-ից 2026թ.-ի հունվարի 7-ը, 9 համերգներով հանդես է եկել Չինաստանի այնպիսի կարևոր մշակութային կենտրոններում, ինչպիսիք են Չանշայի և Ցինդաոյի համերգասրահները, Ժուհայի, Լյաոյանի, Շենյանի, Ուհանի, Չանգշուի, Ցզիբոյի, Բաոցզիի, Վուքսիի մեծ թատրոնները:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած ամանորյա մեծ շրջագայությունից հետո, Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, ՀԱՖՆ -ի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը հայտնեց, որ շրջագայության ժամանակ ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ որպես մենակատարներ հանդես են եկել ճանաչված չինացի երաժիշտներ՝ կլարնետահար Տիան Շենը, սոպրանո Վու Բիքսիան, ինչպես նաեւ՝ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը:

Հավելեց նաև, թե նվագախումբը Չինաստանում մենակատարների հետ հնչեցրել է նաև չին կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հետո հատուկ շեշտեց. «Կազմակերպչական հարցերում չինացիները շատ վստահելի և պարտաճանաչ գործընկեր են: Ասեմ նաև, որ վերջին շրջանում ողջ երկրով մեկ կառուցվել են աննկարագրելի ներկայանալի համերգասրահներ՝ ֆանտաստիկ ակուստիկայով»:
Կարդացեք նաև
Հետաքրքրությանը, թե ինչ կոմպոզիտորների երկերով են հանդես եկել, Արման Պադարյանը նախ նշեց՝ ամանորի խորհրդանիշը հանդիսացող Շտրաուսների անունը, հետո՝ Բրամս, Ռոսինի, Գլինկա, Մոցարտ և ինչպես ենթադրում էինք՝ Խաչատրյան:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ


















































