ՆԳՆ նախարարի հրամանով՝ Արթիկի համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Ասքանազ Դավթյանը։
Նշենք, որ նա աշխատել է Ամասիայի ոստիկանությունում, այնուհետ զբաղեցրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնը, որից հետո նշանակվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։
Ըստ շրջանառվող լուրերի, նրան Վաղարշապատի պետ նշանակել էին Արթուր Բդոյանի միջնորդությամբ, որը կարճ ժամանակով զբաղեցրել էր Շիրակի մարզի ոստիկանապետի պաշտոնը, այնուհետ նշանակվել Արմավիրի քրեական ոստիկանության վարչության պետ ու պաշտոնազրկվել Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության պատճառով։
Ըստ որոշ տեղեկությունների, Ասքանազ Դավթյանի պաշտոնազրկումը ուղիղ կապ ուներ Արթուր Բդոյանի պաշտոնազրկման հետ։
Կարդացեք նաև
Ասքանազ Դավթյանին Շիրակի մարզի իրավապահ համակարգում բնութագրում են որպես լավ աշխատող կադրի, թեև մամուլում նրա անունը հաճախակի է շրջանառվում՝ որոշակի աղմկոտ սպանություններ չկանխարգելելու քննադատությամբ, մասնավորապես նրա պաշտոնավարման օրոք տեղի է ունեցել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում սպանությունը, անցած տարվա ապրիլի 24-ին Էջմիածնի հրապարակում էլ խմբակային ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հետևանքով 22-ամյա տղայի գլուխը ջախջախվել էր, ու երիտասարդը մահացել էր։
Անիի ոստիկանապետ էլ նշանակվել է փոխգնդապետ Մանուկ Գորգինյանը, որը եղել է Գյումրու Մուշ բաժնի ոստիկանապետի տեղակալ։ Նրան Մուշ բաժնից տեղափոխել էին Անիի ոստիկանություն, այժմ էլ պաշտոնը բարձրացրել են։ Նրան ևս Շիրակի մարզի իրավապահ համակարգում բնութագրում են որպես նորմալ աշխատող կադրի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































