«Առաջին անգամ ենք խոսում Սամվել Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ, որը հենց վրա է հասել քրեակատարողական հիմնարկում կեցության պայմանների ոչ բարվոք վիճակի պատճառով։ Սամվել Կարապետյանը մեզ միշտ հորդորել է, որ մենք ընդհանրապես այդ մասին չխոսենք, բայց մենք մեր բողոքարկումներում՝ դատական ատյաններում, բարձրացրել ենք այդ հարցը»,-Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամների հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Նա նշեց՝ բոլոր դատավորները հստակ ամրագրել են այն փաստական տվյալը, որ եթե շարունակվի Սամվել Կարապետյանի առողջական վիճակին պատշաճ օգնություն չցուցաբերելը, դա հիմք է լինելու խափանման միջոցի փոփոխման համար․ «Վարույթն իրականացնող մարմինը դա շարունակաբար չի իրականացրել, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոքաբորբ։ Քրեակատարողական հիմնարկի պայմաններում իբր իրականացվում էր բուժում, և պարզվում է, որ իբր ոչ մի խնդիր էլ չկա»։
Փաստաբանն ասաց, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքի պայմաններում ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում, քան բանտային պայմաններում․ «Սամվել Կարապետյանը հիմա իրենց տնից չի կարող զանգել տղային, աղջկան, ինչպես բանտային պայմաններում, չի կարող հրապարակային ելույթներ ունենալ, մինչդեռ բանտային պայմաններում կարող էր որոշակի հրապարակային ելույթներով հանդես գալ։ Հանրության ստվար զանգվածի մոտ, եթե նույնիսկ առկա է այն թյուրըմբռնումը, որ իբր առկա է որոշակի համաձայնություն, ես ուզում եմ փարատեմ նրանց մտավախությունները, որ նման համաձայնություն գոյություն չունի Սամվել Կարապետյանի դեպքում, չի էլ կարող երբևէ գոյություն ունենալ։ Որ նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք, պայմանավորված էր այն իրավական գործիքակազմով, որ չորս դատավորներ արդեն ամրագրել էին, որ նրա առողջական վիճակին լուծում չտալը հիմք է խափանման միջոցի փոփոխման համար։ Դատավորն այլընտրանք չունենալու պայմաններում գնաց այդ որոշման»։
Կարդացեք նաև
Արմեն Ֆերոյանն ասաց, որ Սամվել Կարապետյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու պայմաններում մշտապես դժգոհում էր խցի ցուրտ լինելուց․ «Մեզ արգելում էր, որ դրա մասին հրապարակային ելույթ ունենայինք։ Մենք մշտապես քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին, վարչության աշխատակիցներին գրավոր և բանավոր հորդորում էինք, որ ժողովուրդ՝ ցուրտ է այս մարդու խուցը, խնդրում ենք ապահովել բավարար ջերմաստիճան․ ձեզնից ավել բան չենք խնդրում։ Մարդուն, որը ազգային բարերար է, այս երկրում ունի բազմաթիվ բարեգործություններ իրականացրած, դրա մասին հանրությունն ակներև գիտի, ընդամենը իր խուցը պետք է ջեռուցել։ Ոչ մի ձև չարեցին․ այն աստիճան հասավ, որ նա ունեցավ առողջական խնդիրներ, մշտապես ուներ մրսածություն, անդադար մրսում էր, հասանք նրան, որ իր մոտ ախտորոշվեց երկկողմանի թոքաբորբ, երկու օր առաջ Քովիդի առկայությունը հաստատվեց, որը բավականին ծանր դինամիկ ընթացք է ունենում Սամվել Կարապետյանի մոտ»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































