Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստում պետք է շարունակվեր վկաների հարցաքննությունը։ Սակայն նրանք տարբեր պատճառներով դատարան չէին ներկայացել, ուստի նրանց հարցաքննությունը հետաձգվեց հաջորդ նիստ, որը կկայանա հունվարի 30-ին ժամը 12:00-ին։
Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց 100 մլն. դրամ գրավի չափը նվազեցվի 25 մլն. կամ 50 մլն. դրամի՝ հիմնավորելով, որ 3,5 տարի առաջ նրա նկատմամբ կիրառված գրավի չափից հետո դատակոչի ցուցակի 54 անձից արդեն հարցաքննվել է 50-ը եւ, տվյալ պարագայում քննությանը խոչընդոտելու ռիսկը, որ եղել է 3,5 տարի առաջ, չի կարող գտնվել նույն այն մակարդակում, ինչ հիմա։ Հետեւաբար, նման պայմաններում պաշտպանության կողմը ներկայացնում է ոչ թե խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ միջնորդություն, այլ ընտրված խափանման միջոցի չափը նվազեցնելու։ Մեղադրող կողմը առարկեց դրա դեմ, սակայն պաշտպանության կողմը շարունակեց պնդել իր միջնորդությունը։
Կարդացեք նաև
Դատավոր Տիգրան Դավթյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը եւ Աղվան Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց գրավը սահմանեց 50 մլն. դրամ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































