«Եթե մեզ հաջողվի մի քանի ծրագրերով մի քանի գերտերությունների կոմունիկացիաներ ապահովել մեր երկրով, կարելի է ասել՝ մեր անվտանգության խնդիրները շատ ավելի բարձր մակարդակով կլուծվեն»,- «Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։
Նա փաստեց՝ այսօր մեր տարածաշրջանում խաչվում են երեք հիմնական մեգածրագրեր․ «Դրանցից մեկը Չինաստանի «մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագիրն է, որի նպատակն է կապ հաստատել Չինաստանից մինչև Եվրոպա, երկրորդը՝ Պարսից ծոց-Սև ծով ծրագիրն է, որտեղ նույն խնդիրն իր համար փորձում է լուծել Հնդկաստանը։ Երրորդ մեգածրագիրը ՌԴ-ի կողմից իրականացվող Հյուսիս-հարավ ծրագիրն է»։
Կարդացեք նաև
Գագիկ Մինասյանը ներկայացրեց ՀՀԿ-ի կողմից առաջարկվող մի քանի ծրագրեր։ Օրինակ՝ ավտոմոբիլային ծրագիր, որը նպատակ ունի Վանաձորը կարճ ճանապարհով կապել Հրազդանի և Երևանի հետ․ «Մեկ ճանապարհ, մեկ գոտին կարող է անցնել Իջևանով մինչև Գյումրի։ Սա միակ ճանապարհը չէ։ «Մեկ ճանապարհ մեկ գոտին» ևս ունի Վրաստանով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի։ Մեր այս ճանապարհն ինքն, ըստ էության, 200 կմ ավելի կարճ է, և մեգա ծրագրի համար ավելի նպաստավոր է մեր ճանապարհով անցնել։
Կա նաև ծրագիր՝ այսպես կոչված TRIPP-ը, որը ևս կապելու է միջին միջանցքի տրամաբանության մեջ Բաքուն Կարսի հետ։ Դա ևս շուրջ 200 կմ ավելի է այն ճանապարհից, որը մենք ենք առաջարկում։ Այս «մեկ ճանապարհ մեկ գոտի» ծրագրերի իրանական տարբերակն է, որն անցնում է հարավով։ Այս ծրագրի իրականացման արդյունքում տրանսպորտը կարող է գնալ դեպի Իրան և այս նոր նշածս երկաթգծով բարձրանալ Վրաստան՝ դեպի Անակլիա։
Այստեղ ևս պետք է խոսել դիվերսիֆիկացիայի մասին։ Չափազանց կարևոր է, որ որևէ երկիր չդառնա մենաշնորհային։ Եթե նայենք՝ Ադրբեջանը մնում է մենաշնորհային կարգավիճակում՝ որպես միջին միջանցքի երկիր, իսկ Թուրքիան՝ որպես հարավային իրանական միջանցքի երկիր, ապա ըստ էության՝ Չինաստանի «մեկ ճանապարհ, մեկ գոտին» էլի կախված է լինելու մեկ կենտրոնից, որն էլի անընդունելի է։ Միակ այլընտրանքը մեր ճանապարհով Իրանը ՀՀ-ով և Վրաստանով Անակլիային կապելու խնդիրն է»։
Ըստ Գագիկ Մինասյանի՝ նորմալ աշխատելու դեպքում ՀՀ-ով այս ծրագրերի ավարտի պարագայում կունենանք 8-12 միլիոն տոննա բեռի փոխադրում․ «Դա նախ մեծ տնտեսական հնարավորություն է տալիս ՀՀ-ին և դառնում չափազանց կարևոր անվտանգային գործոն, քանի որ մեր տարածքով անցնելու են կենսական կապեր՝ այդ երեք տրանսպորտային ծրագրերի համար»։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































