Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. «Եկեղեցու դեմ ասպատակումները եւ դրան հիմնավորման տեսք տալը որդեգրած քաղաքականություն է՝ դրսից թելադրված, հստակ ուղղորդվող արեւմտյան կենտրոններից եւ թուրք-ադրբեջանական պահանջներից»

Հունվար 13,2026 23:09

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն այսօր «Հայելի» ակումբում կրկին անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

Ձյունիկ Աղաջանյան

«Երբ որ արդեն փորձ էր արվում եկեղեցու դեմ այս ասպատակումները որոշակի ալիքի վերածել եւ դրան հիմնավորման տեսք տալ, ես հստակ նշել եմ, որ սա որդեգրած քաղաքականություն է՝ դրսից թելադրված, հստակ ուղղորդվող արեւմտյան կենտրոններից եւ թուրք-ադրբեջանական պահանջներից։ Եվ նպատակը մի քանիսն է։

Մեր թշնամիները, ես միայն թուրքերին եւ ադրբեջանցիներին նկատի չունեմ, այլեւ այդ ծրագիրը հղացող եւ իրականացնող կենտրոններին, շատ լավ գիտեն, որ հայ ժողովուրդն իր ինքնությամբ հանդիսանում է սեպ։ Եվ սեպը վերացնելու համար նրանք որդեգրել են ինքնությունը ոչնչացնելու քաղաքականությունը։ Դա իրականացվում է թե պատերազմի միջոցով մեզ պարտության մատնելով, թե կրթության ոլորտում մեր պատմությունը, մշակույթը խեղաթյուրելով՝ այն փոխարինելով անհասկանալի գենդերային գաղափարներով, հայը որպես հայ մեծացնելու եւ հայի ինքնությունը պահպանելու ամբողջ շարքը ոչնչացնելու ճանապարհով։

Հատկապես թուրքերի ու ադրբեջանցիների կողմից թե Հայոց Ցեղասպանության, թե Արցախում իրականացված ցեղասպանական գործողությունների մարսման պրոցեսը անցկացնելու համար նրանց պետք է ոչնչացնել սփյուռքի դիմադրողականությունը եւ դրա առանցք հանդիսացող հայոց եկեղեցին։ Հայ Առաքելական Եկեղեցին այն կառույցն է, որի շուրջ համախմբված է սփյուռքը, եւ որը կարող է ոտքի հանել բազմահազար մեր հայությանը՝ հանուն սեփական, ազգային նպատակների իրականացման։

Նաեւ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը ցույց տվեց, որ նա նաեւ Հայաստանում կարող է մարդկանց ոտքի կանգնեցնել եւ դիմադրողականությունն ու համախմբումն ապահովելով՝ թույլ չտալ «ողնաշարը վերջնականապես ջարդել»։ Այսինքն, համազգային համախմբումը ոչնչացնելու կամ մեր դիմադրողականությունը գլխատելու նպատակով այս արշավը հերթական անգամ ոտքի հանվեց։ Եվ այստեղ արդեն ծրագրային քայլեր գնացին՝ օգտագործելու այն կոմպրոմատային տվյալները, որ իրենց ձեռքի տակ կան, որոշակի սրբազանների պոկելու եւ նրանց միջոցով եկեղեցու ղեկավարությանը հակընդդեմ ինչ-որ մի թեւ ստեղծելու համար։

Իրենք ենթադրում էին, որ հաշվի առնելով, որ այս վարչական ռեսուրսն ունեն, ժողովուրդը կարող է որոշակի աջակցություն ցույց տալ եւ իրենք որոշակի հանրային զանգված կկարողանան դուրս բերել։ Բայց կներեք, մենք այստեղ հոգեւոր ոլորտի, Աստծո հետ գործ ունենք։ Եվ անկախ նրանից, թե ով է նստած մեր եկեղեցու գլխին, ժողովուրդը նաեւ Աստծո հետ հաղորդակցվելու եւ սեփական խղճի ու մեղքի զգացողության հետ կապված հարցեր ունի։ Այստեղ այդ շեմն անցնելը ամեն մեկի համար անհատապես՝ անկախ նրա գրպանը լցվող գումարից, այդքան հեշտ չէ։

Շատերի համար այդ մեղքը եւ դրանից սպասվող պատիժը այն խոչընդոտն է, որը հաղթահարել բավականին դժվար է։ Դրանով է պայմանավորված նաեւ, որ բազմաթիվ ջանքերը, վարչական լծակները, սպառնալիքները, ինչ-որ անհասկանալի խմբեր բերելը, որոնց մի մասն էլ աղանդավորական խմբեր են, չի հաջողվում իրոք հանրային ներկայություն ապահովել։ Եվ դա բնական է՝ հաշվի առնելով մեր ժողովրդի համար հայոց եկեղեցու ինքնության անբաժան մասը դարձած լինելու հանգամանքը։

Եվ այստեղ իրենք ձախողել են։ Պատահական չէ, որ այդ անձը խոսում է, որ այլեւս չի հայտարարելու՝ հույս ունենալով, որ պատահականորեն մարդիկ կգնան եկեղեցի, եւ դրանով իրենք ինչ-որ հանրային ներկայություն կապահովեն, այլ ոչ թե այն ծանոթ դեմքերը, որ մարդիկ անգիր գիտեն»,-ասաց տիկին Աղաջանյանը։

Նա նաեւ նշեց առաջնային երկու քայլ, որ պետք է մեր ժողովուրդը անի։ Տուրք չտալ սադրանքներին։ Երկրորդ, թույլ չտալ, որ կարգալույծ քահանաներն իրենց համար որեւէ ծես կատարեն։ «Դա ցույց է տալու, որ այս մարդիկ տեղ չունեն հասարակության մեջ եւ նրանց քայլերը որեւէ արդյունք չեն տալու։ Եվ դա շատ կարեւոր է»,-ասաց դիվանագետը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031