Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է Բաքվի տարածքային պահանջները չեզոքացնել բառախաղով

Հունվար 14,2026 16:00

Սկիզբը՝ այստեղ:

Նիկոլ Փաշինյանը «փակե՞ց» միջանցքի թեման

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպման օգտագործումը որակեց որպես ապալեգիտիմ բառապաշար եւ բացահայտ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։

Թվում էր՝ սա այն պահն է, երբ Երեւանը վերջապես հստակ կարմիր գիծ է քաշում եւ հրապարակավ արձանագրում, որ որեւէ «միջանցք» Հայաստանի համար անընդունելի է։ Սակայն բառացիորեն երկու օր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միջանցքի թեման փակված է։ Փակված՝ ոչ թե քաղաքական համաձայնությամբ կամ Բաքվի դիրքորոշման փոփոխությամբ, այլ բառերի մեկնաբանությամբ։

Փաշինյանի պարզաբանմամբ՝ ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցք» է անվանում ոչ թե Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը, այլ՝ Հորադիզ–Զանգիլան երթուղին, որն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Այսինքն՝ պաշտոնական Երեւանի ընկալմամբ խնդիրը եղել է ոչ թե բովանդակային, այլ լեզվական։

Սակայն հենց այստեղ է, որ տրամաբանական հարց է ծագումգ արդյոք հնարավո՞ր է Բաքվի կողմից առաջ քաշվող տարածքային պահանջները չեզոքացնել բառախաղով։ Չէ՞ որ Ադրբեջանի համար քաղաքական բովանդակությունը բառերի գործածումից երբեւէ չի փոխվել եւ չի փոխվելու։

Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն բաց տեքստով հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կբացվի»՝ անկախ նրանից, թե ինչպես այն կկոչվի։ Այսինքն՝ նրա համար անվանումը երկրորդական է, իսկ բովանդակային մասը՝ արդեն լուծված։

Անվանափոխված «միջանցք»՝ առայժմ անորոշ բովանդակությամբ

Հայաստանի իշխանությունները փորձում են «միջանցք» բառը փոխարինել «ուղի», «ճանապարհ» կամ TRIPP հապավմամբ՝ ներկայացնելով, թե դա սկզբունքային փոփոխություն է։ Սակայն անվանափոխությունը չի վերացնում հարցի էությունը, եթե բովանդակային առումով խոսքը նույն պահանջների մասին է։

TRIPP նախագծի շուրջ մինչ օրս բաց են մնում առանցքային հարցերը։ Որքա՞ն ժամկետով է նախատեսված հայ-ամերիկյան գործակցությունը։ Ի՞նչ իրավական ռեժիմով է գործելու ճանապարհը։ Ո՞վ է վերահսկելու այն, եւ ի՞նչ երաշխիքներ ունի Հայաստանը։

Սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսեց 99 տարվա մասին՝ հնարավոր երկարաձգմամբ։ Այնուհետեւ Հայաստանի իշխանությունները ամիսներ շարունակ պնդեցին, թե 99 տարվա վերաբերյալ որեւէ ֆիքսված պայմանավորվածություն չկա։ Սակայն հենց վարչապետ Փաշինյանը հետագայում հայտարարեց, որ Երեւանն ու Վաշինգտոնը քննարկում են երկու սցենար՝ 49 եւ 99 տարվա։

Մինչդեռ այս հակասական հայտարարությունները միայն խորացնում են անվստահությունը։ Գործնական քայլերի մասով հայտնի է, որ նախատեսվում է ստեղծել հայ-ամերիկյան համատեղ կառույց՝ TRIPP-ի պլանավորման եւ կառուցման համար։

Սակայն նույնիսկ իշխանության ներսում չկա հստակություն՝ ո՞ր ենթակառուցվածքից կսկսվի շինարարությունը։ Փոխվարչապետ Գրիգորյանը, որը զբաղվում է նաեւ ապաշրջափակման հարցով, խոսում էր երկաթուղուց, մյուսները՝ ավտոճանապարհից։

Միաժամանակ Հայաստանը ցանկանում է, որ TRIPP-ի ներդրումները չսահմանափակվեն միայն Սյունիքով։ Բայց Փաշինյանի նոյեմբերյան հայտարարություններից պարզ է դառնում, որ այս հարցում եւս համաձայնություն չկա։

Բացի այդ, սահմանազատման գործընթացում էլ դադար է։ 2025 թվականին հայ-ադրբեջանական սահմանազատումը ոչ միայն առաջ չգնաց, այլ փաստացի սառեցվեց։ Տավուշի հատվածում մոտ 12 կիլոմետր սահմանազատելուց հետո գործընթացը կանգ առավ։

Բաքվի պահանջների շարքը այսքանով չի սահմանափակվում։ Սահմանադրության փոփոխության հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը նույնպես հակասական է։ Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ Ադրբեջանի մտահոգությունները հիմնավոր չեն, մյուս կողմից՝ հենց ինքն է պնդում, որ նոր Սահմանադրության նախաբանում չպետք է լինի Անկախության հռչակագրին հղում։

Թեեւ իշխանությունը սա ներկայացնում է որպես զուտ ներհայաստանյան գործընթաց, Ադրբեջանի համառ պահանջների եւ հայտարարությունների ֆոնին այս հիմնավորումը չի համոզում ընդդիմությանը, եւ նոր Սահմանադրության մշակման նախաձեռնությունը դիտարկվում է որպես Բաքվի օրակարգի մաս։

Ալիեւի ինքնավստահ խոսույթը եւ Վաշինգտոնի գործոնը

Վաշինգտոնյան համաձայնությունների ֆոնին Իլհամ Ալիեւը հետեւողականորեն ձգտում է խորացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Նա բարձրացնում է 907-րդ լրացման չեղարկման հարցը՝ պնդելով, որ այն այլեւս չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների զարգացման մակարդակին։

Ալիեւը հայտարարում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության պայմաններում, ճանապարհները բաց են, Ադրբեջանի տարածքով բեռներ են անցնում դեպի Հայաստան, եւ, հետեւաբար, շրջափակում գոյություն չունի։ Այս թեզի հիմքով նա ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսը կչեղարկի 1992 թվականին ընդունված լրացումը։

Միեւնույն ժամանակ Ալիեւը բաց տեքստով հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքը կբացվի», եւ որ այս հարցից խուսափելը Հայաստանի համար «քաղաքական ինքնասպանություն» կլինի։

Բառախաղի քաղաքականությունը

Այս ամբողջ համատեքստում «միջանցքի թեմայի փակման» մասին հայտարարությունն առավելապես հիշեցնում է բառախաղ, քան իրական քաղաքական ձեռքբերում։ Երբ դիմացինը շարունակում է առաջ քաշել նույն պահանջները եւ նույն օրակարգը, թեման փակված չի կարող համարվել։

Այսինքն՝ բառերը փոխելով քաղաքականությունը չի փոխվում։ Իսկ երբ բառերի փոփոխությունը ներկայացվում է որպես հաջողություն, բնականաբար, վտանգ կա, որ փակվել է ոչ թե «միջանցքի թեման», այլ Հայաստանի հնարավորությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը։

 Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031