Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ե՞րբ է վերականգնելու իր ազգային արժանապատվությունը

Հունվար 14,2026 11:00

Նախաստորագրված խաղաղություն՝ Բաքվի նախապայմաններով

Վերջին երկու շաբաթներին Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչեցված գնահատականները Հայաստանի հետ խաղաղության հաստատման եւ, առհասարակ, TRIPP-ի վերաբերյալ որոշ շերտեր բացահայտեցին։

Նախ, տարեվերջին Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, որ Երեւանը Բաքվին հայտնել է, որ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ «հնարավոր է, Հայաստանը, ստանձնելով TRIPP-ի մասով պարտավորությունները, նաեւ հաշվի է առել երկաթուղու մասը»։

Բայրամովը նկատել է, որ երկաթուղու կառավարման պայմանագիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործում է մինչեւ 2038 թվականը, բայց, ըստ նրա, հայկական կողմը Բաքվին բացատրել է իր դիրքորոշումը, ըստ այդմ՝ Սյունիքում կառուցվելիք երկաթուղու հատվածը Ռուսաստանին չի վերաբերում, քանի որ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին այդ երկաթուղին պարզապես գոյություն չուներ։ «Հետեւաբար հնարավոր չէ պայմանագրում ներառել այն, ինչ պարզապես չկա», նշել է Բայրամովը։

Նկատենք, որ Բայրամովի այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման բաց հատվածում, առանց հստակեցումների, հայտարարել էր, որ «Թրամփի ուղու» նախագծում բազմաթիվ նյուանսներ կան, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին։

«Մենք նաեւ ներկայումս շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ TRIPP երկաթուղու իրականացման եւ կառուցման վերաբերյալ, եւ դրանք իսկապես ներկայացնում են նշանակալի ու իմաստալից փոփոխություններ մեր տարածաշրջանում։ Եվ այստեղ կան բազմաթիվ նրբերանգներ՝ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերություններին առնչվող, եւ այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը», – ասել էր Փաշինյանը։

Ռուսաստանի նախագահն իր հերթին նշել էր, թե հայկական կողմի բարձրացրած հարցերի շուրջ համատեղ կաշխատեն։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ից արդեն մի քանի առիթներով հասկացնել են տվել, որ առանց Մոսկվայի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին», քանի որ Հայաստանում գործող երկաթուղին կառավարում է ռուսական ընկերություն։

Պարզվեց, որ խաղաղության համաձայնագրի կնքման համար ադրբեջանական կողմը եւս մեկ պայման է ավելացրել։ Բայրամովը դարձյալ պնդել էր Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պայմանը եւ ավելացրել եւս մեկը՝ TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը։

Փաշինյանը, նկատենք, հայտարարել է, թե Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող «Թրամփի ուղու» շինարարությունը գործնականում կմեկնարկի 2026 թվականի երկրորդ կեսին, մինչդեռ, ըստ Ադրբեջանի նախագահի, իրենց տարածքում շինաշխատանքները կավարտվեն արդեն գարնանը։

Մյուս հարցը, որին անդրադարձել էր Բայրամովը, հայ-ադրբեջանական սահմանազատումն է, որի գործնական աշխատանքները կանգ են առել Տավուշի հատվածում մոտ 12 կմ սահմանազատելուց հետո։ Բայրամովը վստահեցրել է, թե գործընթացը շարունակվում է։ Նրա խոսքով՝ «երկու երկրների սահմանազատման հանձնաժողովներն ինտենսիվ աշխատում են։ Սահմանազատման գործընթացը, չնայած քաղաքական է, ներառում է բազմաթիվ տեխնիկական մանրամասներ։ Համաձայնություններ են ձեռք բերվել ընդհանուր մոտեցման վերաբերյալ. գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ»։

Ադրբեջանական Գաբալայում սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել էին հաջորդը անցկացնել Հայաստանում։ Ի դեպ, Բայրամովը չէր բացառել իր այցը Հայաստան, սակայն, ինչպես նկատել էր, «եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը»։

«Մեծահոգի» Ալիեւը. «Որպես հաղթանակած երկիր՝ խաղաղության ձեռք մեկնեցինք պարտված Հայաստանին»

Իր ամանորյա ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, թեեւ խոսեց խաղաղության թեմայով, սակայն չմոռացավ շեշտել, որ վերջին հինգ տարիներին Ադրբեջանի զինուժը զգալիորեն ամրապնդել է իր հզորությունը՝ հավելելով, որ նոր զենքով ու տեխնիկայով հագեցած բանակն այժմ ի վիճակի է կատարել ցանկացած խնդիր։

Նա շեշտել է, որ լուծվել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման եւ ամբողջ աշխարհի կողմից դրա ճանաչման հարցը. «Մարտադաշտում արյուն թափելով եւ կորուստներ կրելով՝ մենք հասանք փառահեղ հաղթանակի եւ ամրապնդեցինք այն աշխարհի ամենահեղինակավոր վայրում՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ»։

Ալիեւը հիշեցրել է, որ անցնող տարում ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը «մտավ պատմության դասագրքեր»։ «Ամբողջ աշխարհը ճանաչում է մեր հաղթանակը, ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից»,-ասել է Ալիեւը՝ ընդգծելով, որ դրանով Ադրբեջանը վերականգնել է ոչ միայն իր ինքնիշխանությունը, այլեւ «ազգային արժանապատվությունը»։

Պնդելով, թե Ադրբեջանը չի պատրաստվում նոր պատերազմի, Ալիեւը միաժամանակ նշել է, որ ժամանակակից աշխարհում միջազգային իրավունքի նորմերը չեն աշխատում, եւ շատ երկրներ առաջնորդվում են «ուժն է ծնում իրավունք» կարգախոսով։ Նա տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն շարունակել է բանակի արդիականացումը՝ համալրելով այն տեղական արտադրության եւ դրսից ներկրված զենքերով ու սարքավորումներով. «Մեր զինված ուժերի մարտունակությունը զգալիորեն աճել է, հատուկ նշանակության ուժերի թիվը՝ մի քանի անգամ բազմապատկվել»։

Այնուհետեւ Ալիեւը շեշտել է նաեւ, որ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ցույց է տալիս մեր ժողովրդի մեծությունը եւ մեր քաղաքականության իմաստնությունը»։

Այսպիսով, անցյալ տարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը չստորագրվեց։ Սակայն նախաստորագրվեց ադրբեջանական պահանջներից մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջը, ինչին Երեւանը համաձայնեց։

Պարզ է, որ Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի, քանի դեռ չի կատարվել Ադրբեջանի եւս մեկ նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Բաքուն պահանջում է, որպեսզի դրանում չլինի Անկախության հռչակագրին հղումը։

Այսինքն, ի՞նչ է ստացվում… Բաքուն չբավարարվեց նրանով, որ պաշտոնական Երեւանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Եվ չնայած Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք շարունակում է մնալ ադրբեջանական օկուպացիայի տակ, հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, իսկ Ալիեւը պարբերաբար պնդում է ադրբեջանցիների վերադարձի անհրաժեշտության մասին։

Այս պայմաններում էլ Փաշինյանը շարունակում է հայտարարել, թե «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատվել»։

Ամփոփումը՝  այստեղ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031