Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ հետ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին եւ հրապարակվել է, չկա որեւէ պայման, որը բանակցվել է եւ ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել»․ Արարատ Միրզոյան

Հունվար 14,2026 11:04

Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի շրջանակներում կողմերը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար ՀայաստանԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ սա դեռ վերջնական փաստաթուղթը չէ, բայց հիմնականն է։ «Ես սա նշանակալի ձեռքբերում եմ համարում Հայաստանի եւ բոլոր գործընկերների համար, շատ շահեկան մի փաստաթուղթ։ Վստահեցնում եմ ձեզ, որ այն, ինչ մեզ բոլորիս քաղաքական հանրային հնչեղության առումով հետաքրքիր է, մեծ հաշվով հենց այս փաստաթուղթն է։ Ենթադրել կարող ենք, որ հետագայում կանոնադրական փաստաթղթերում մի քիչ ավելի իրավական տեքստ կլինի, իհարկե, այն ինչ կլինի, չի կարող շեղվել արդեն իսկ համաձայնեցված դրույթներից։ Նաեւ ուզում եմ միանգամից ասել, որ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին եւ հրապարակվել է երեւանյան ժամանակով գիշերը։ Ավելին համաձայնեցված չէ, չկա որեւէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է եւ ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել ինչ-ինչ նկատառումներից ելնելով։ Միանգամից եմ ասում՝ որեւէ այդպիսի դրույթ չկա, կա այն, ինչ այս փաստաթղթում եւ հրապարակված է»,- ասաց նա։

Միրզոյանը շեշտեց, որ ԹՐԻՓՓ-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում՝ ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ։ Այսինքն՝ չի լինի ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների որեւէ կտոր, որեւէ հատված, որեւէ տեղակայում, որտեղ որեւէ կերպ չի սահմանվի ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը, ասաց նա։

«Կային մանիպուլյացիաներ այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը ճանաչվում էին միայն նոմինալ, այ երբ պայմանները կլինեն, կտեսնենք, որ դա այդպես չէ, բազմաթիվ հարցերում մեր ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանափակվում է։ Ես հիմա ձեզ համար էս թղթից մի քանի բան կկարդամ, որը համաձայնեցված է արդեն ԱՄՆ կառավարության եւ ՀՀ կառավարության կողմից եւ լինելու է հիմք հետագա վերջնական իրավական փաստաթղթերի ու կանոնադրության հիմնադրման համար»,- նշեց Միրզոյանը։

Նա մասնավորապես ընթերցեց հայտարարության այս հատվածը․ «Հայաստանը հստակորեն պահպանում է.  օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին, ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ԹՐԻՓՓ-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը, հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը»։

Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը հստակորեն պահպանում է «ԹՐԻՓՓ»-ով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը։ Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկապես ներկա են Հայաստանի սահմանային մաքսային բոլոր հաստատություններում, ինքնիշխան գործառույթների որեւէ արտապատվիրակում չի իրականացվելու։

Մանրամասները՝ տեսանյութում

«Այսինքն՝ հարգելի հայրենակիցներ, ինչը կասկածի տակ էր դրվում, ինչի շուրջ մտահոգություններ էին հնչում, ինչի շուրջ վախեր էին հնչում, երբեմն ուղղակի չարամիտ մանիպուլյացիաներ էին արվում, ես քիչ առաջ ուղիղ մեջբերեցի, կարող եք ինքներդ բացել, կարդալ, համոզվել։ Այնքան միանշանակ է գրված, որ ցանկության դեպքում անգամ մանիպուլացնելը շատ դժվար է։ Ես չեմ նախանձում մեր որոշ ընդդիմադիրների կամ առանձին մարգինալ խմբակների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում նոր մանիպուլյացիաներ հնարելու համար»,- նշեց Միրզոյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031