Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հենց չասվածը ասելու համար եմ»

Հունվար 14,2026 12:00

Երիցս ճիշտ է Լեւոն Ջավախյանը, երբ գրում է, որ լավագույն գրողը գնում է հոսանքին հակառակ, ապա մեջբերում Հայնրիխ Հայնեին, որ հարցնում էր՝ Գերմանիա, ո՞վ է քո համարձակ որդին, եւ պատասխանում էր՝ նա, ով համարձակ թքում է քո դեմքին… Ապա հայ գրողն անմիջապես դառնում է ինքն իրեն ու շարունակում. «Ես համարձակվեցի թքել ստի ու կեղծիքի դեմքին, անարդարության դեմքին, դեպի ստորություն եւ նվաստացում տանող իշխանավորի դեմքին, ազատությունը, անկախությունը, ազգային արժանապատվությունը վարկաբեկող, ինքնությունը ոտնահարող վարչապետի երեսին…»:

Այս խոստովանությունը Լեւոն Ջավախյանի վերջերս լույս տեսած գրքից հատված է: «Տուն գնացող արեւը», այսպես է վերնագրել գրողն իր գիրքը: Վերնագիրը սիրուն է, խորհրդանշական է, նաեւ վախեցնող է…

Մենք Լեւոնի հետ անցյալ սերունդ ենք, սովետական սերունդ, 70-ականների սովետը լավն էր, անհոգ ապրում էինք, եւ ինչպես ինքն է գրում. «Սովետ Միությունը կավե փխրուն ոտքերով հսկա էր, որի փլվելու հավանականության մասին դեռեւս մենք անտեղյակ էինք»: Հետո եկավ անկախությունը, հետն էլ պատերազմը… շատ էր ցավոտ, բայց հաղթանակ բերեց…

Երեւի դժբախտ սերունդ էինք… կորցրեցինք ինչ գտել էինք… մեր լավագույն տղաների արյունով գտած հաղթանակը… հետո հավատը:

«Արցախի կորուստը սեւ խարան կմնա քպ-ականների ճակատին» – կգրի Լեւոն Ջավախյանը, եւ ասես որպես ճիչ կհնչի գրողի խոստովանությունը. «Ես ուզում եմ ազատ շունչ քաշել, Աստծո շունչը՝ դավից, ցավից, դավաճանությունից, թույնից, կորուստներից, անկարողությունից, նարցիսիզմից, ստորությունից, ստրացումից, ստից, կեղծիքից, անամոթությունից, անխղճությունից, դեմագոգիայից, երեսպաշտությունից, անտարբերությունից, խելագարությունից անդին…»:

Կարդում ես մեր ժամանակի գրողի այս որակումների երկար շարքն ու սարսափում, որովհետեւ սա մեր իրականությունն է, մեկեն-մեկ, ցավալի համընկնումներով, որտեղից իրականում ուզում ես փախչել, շունչ քաշել, վերջապես պարզապես ապրել:

Պատմվածքներից մեկը թվագրված է 2023 թվական, Ջավախյանը գրում է. «Եկող տարին Վիշապի տարի է: Մեզ համար հինգ տարի է, ինչ հրեշի տարի է: Երազանքի ակունքը հրեշն է փակել: Շաղվել, պղտորվել, պապանձվել, գոլ են տվել գալիք ջրերը: Վիշապը վարից վեր ոլորվել, կալմեջ է արել հույսի, հավատի գլգլան ջրերը»:

Ժողովրդական բառ ու բանով շաղախված, ինքնատիպ կոլորիտով, կրճատ ոճով, անհանգիստ ու թափառող մտքով, շատ հաճախ նաեւ ապշեցուցիչ նատուրալիզմով գրված այս գիրքը մեր կյանքն է, մեր դաժան իրականությունը, մեր չստացված անկախության պատմությունը:

Գրքում զետեղված նրա պատմվածքները սրտամոտ ու բաց զրույցի, զարմանալի անկեղծության, նաեւ պատկերավոր մտածողության պատառիկներ են, որ անթաքույց տեքստով խոսում են հայրենի հողի վրա ամուր կանգնած անհատի, սեփական երկրի լավով ու վատով ապրող մարդու, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու զգայուն կերպարի, արմատները հարազատ բնօրրանից չկտրած գրողի մասին: Անգամ չափազանց նատուրալիստական պատկերները, որ գրողի ստեղծած կոլորիտի անբաժան մասն են, ասես շեշտում են նրա ինքնատիպությունը, տարբերակում նրա ձեռագիրը, նրան դարձնում անցյալի ու ներկայի, քաղաքի ու գյուղի կապող օղակը: Իսկ հատվածաբար գրողի պատկերավոր մտածողությունը շատ հաճախ սիրուն պատկերներ է նկարում:

Այս գրականությունը երազի ու իրականության, անցյալի ու իրականության սահմանագծում է. «Մեզանից ոչ ոք չի խլել մեր երազը, քանզի ներսում եղածը դրսից ազատագրվածն է»:

Գրքում պատմվածքներ են ու առանձին մի հատված՝ «Գյադի ժամանակը» վերնագրված: Եթե պատմվածքներում գրողը մերթընդմերթ շեղվում է իրականությունց, կենտրոնանում առօրյայի, ծանոթ մարդկանց վրա, գնում հարազատ վայրեր, բաց անում հիշողության շերտավոր վարագույրը, ապա մյուս  հատվածում  առօրյա ցավն է, հարցականներն ու տագնապը: Այստեղ գրողը կենտրոնացել է միայն մեր տխուր ու անհասկանալի իրականության վրա: Նա փորձում է վերլուծել, փորձում է չհուսահատվել, փորձում է չար մտքերը վանել… չի ստացվում, շատ դառն է իրականությունը. «Աստված, որ մեկին պատժում է, սկզբում խելքն է վերցնում.. Մեզ կրկնակի պատժեց՝ խելքը վերցրեց ու փոխարենը նիկոլ բնադրեց… Գիտեք, չէ՞, նույնիսկ էս օրերին կան մարդիկ, ովքեր Նիկոլին ոչ միայն սիրում, համակրում են, այլ պաշտում, – գրում է Ջավախյան Լեւոնը, –  որպես կանոն,  նրանք բաժանվում են երեք դասի: Առաջինը նրանք են, որոնք պաշտոն ունեն կամ անձնական շահ: Նրանց մեջ նաեւ լորձաշուրթ քծնանքով աչքի ընկնող որոշ լափակեր մտավորականներ: Երկրորդ դասի մարդիկ անարատ ապուշներ են, որոնք մեծ սիրտ ունեն ու նույնքան մեծ սեր, եւ էդ սերը պարզապես կպել է աթարին: Երրորդ դասի մարդիկ ազնիվներն են, որոնք քիչ բանով են տարբերվում ապուշներից: Նրանք Նիկոլի սուտը իրենց ազնվության չափով են չափում»:

Գրքի ամեն էջում հեղինակի ապրումներն են, ցավերն ու զայրույթը, ներսից ու դրսից հոսող արցունքները: Եվ այս ամենը շատ անկեղծ է, շատ վայրի, շատ թափանցիկ. «… ներսս դրսի հետ անհաշտ է, աններդաշնակ, իրականության հարձակմանը չի դիմանում»: Իսկ դիմանալն իրոք դժվար է: Գրողին հանգիստ չի տալիս փշրված երազը, որ մեր ներսում էր, պարտված հաղթանակը, որ մեր երեսատեղն էր աշխարհում, դրոշների ծանրության տակ կքված Եռաբլուրը, որտեղ «սերը ծիլ չի տալիս», ամենուր թափառող սուտը, որ քայքայում է ախտածին որդի նման, ստին ենթակա կամակատարը, որ ստորաքարշ պաշտոնյան է, լուռ մտավորականը, որ արդեն ոչինչ է, ապուշացած հարեւանը, որ ոչինչ չի տեսնում, հազարավոր ոստիկանների պատնեշն ու «տասնյակ զրահապատ մերսեդեսների շարասյունը», որ պաշտպանում են «թավիշը»… Տեր Աստված, ինչքա՜ն բան կա, որ հանգիստ չի տալիս… ու հանկարծ հուսահատ մի պոռթկում. «հողը ճաք է տալիս ոտքերի տակ, մեր հողը մեր ոտքերի տակից գնում է»: Ու անվերջ հետապնդող մտքերին հետեւում է մի պարզագույն ցանկություն՝ «տառապել չեմ ուզում», մի դատարկ խոսք է ուզածը, լավ լուր՝ «ուզում եմ քնեմ ու վեր կենամ ցանկալի լուրով: Իմանամ, որ չարն այլեւս չկա, թռել, լքել է երկիրս», որովհետեւ իրականությունը ցավացնում է, չարը շատ է անսքող, շատ  է անամոթ…

Եվ մեր առօրյա ցավի ու անհանգստության արդյունքը գրողի խոսքն է՝ նույնքան ցավոտ ու դաժան. «Հայաստանի իշխանությունները որդեգրել են ռուսական գուբեռնիա չլինելու ուղենիշը՝ վարպետորեն քողարկելով թուրքական վիլայեթ լինելու հեռանկարը… Կարեւորը անձնական միս ու արյունի անվտանգությունն է, լափամանի առատությունն ու դեպքից դեպք Ջենիֆեր Լոպեսի հետույքին առերեսվելու հնարավորությունը…»:

Եվ այս ամենի հետ միաժամանակ հանկարծ մեղմ ու հուզական մի կտոր, ներսում պահված, որպես մխիթարություն, չմարող հավատարմություն ու սեր. «…Հայաստան… Ով ասես քո վրայով չի անցել, ինչ ասես, որ հետդ չեն արել, դարձրել ոտքի կոխան, պղծել արյունդ, սրբություններդ, տաճարներդ… Սակայն էլի ու էլի սիրուն ես եւ գայթակղիչ, գորգի պես նախշուն ու բլրանախշ… Ինչքան գրավիչ ես կորստյան երկյուղիս տագնապներում»:

Լեւոն Ջավախյանն այն անհատն է, որի համար սուտը պարզապես գոյություն չունի, որի համար հնարովի գիրն անծանոթ է, Լեւոն Ջավախյանն այն գրողն է, որի համար «գրականությունը լոկ պայքարի միջոց է», նա այն հայաստանցին է, որ չի կարող չտեսնել, որ «Հայոց պետականությունը խաղաղության կարգախոսով դեպի մահ է գնում», նա այն հայն է, որի համար հայրենիքն իր կյանքն է ու իր աղոթքը եւ պետք է ասի. «Գժվել կարելի է, մարդը ձեռնոց է նետել Աստծուն… Ախր, ո՞վ ես դու, թշվառական մահկանացու…»:

Եվ Լեւոն Ջավախյանն այն հայն է, որ կարող է իր հայրենիքի մասին ասել. «Չորս կողմդ փակ է, դագաղի պես քառակոփ, փոս ու անապատ: Միայն երկինքն է, որ բաց աչքով է քեզ նայում: Տեր, հոգնած եմ, արնաքամ: Կատարյալ չեմ: Խնդրում եմ, պաղատում՝ լեղու այս գավաթը հեռու տար ինձնից…»:

Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

բանասիրական գիտ. դոկտոր

«Առավոտ» օրաթերթ
13.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031