Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց դիտավորության, առանց դրդապատճառի սպանություն չի լինում». Նարեկ Վարդանյան

Հունվար 14,2026 12:30

Դեպքի վայրի զննության ժամանակ մատնահետք չի վերցվել

Հունվարի 7-ին Երեւան քաղաքի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեցին Նարեկ Սարգսյանի պաշտպանների ճառերը։

Նարեկ Սարգսյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար, որը համապատասխանում է գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին;

Ըստ քրգործով  առաջադրված մեղադրանքի՝  2022 թ. մայիսի 04-ին՝ ժամը 21:15-ից մինչեւ 23:20-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Ադոնցի փողոցի 6-րդ շենքի 100-րդ բնակարանում Նարեկ Սարգսյանը վիճաբանել է իր նախկին կնոջ՝ Տաթեւիկ Աբրահամյանի հետ եւ իրենց մանկահասակ դստեր՝ Լ. Ս.-ի ներկայությամբ, Տաթեւիկ Աբրահամյանին առանձին դաժանությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ անտեսելով եւ անտարբերություն դրսեւորելով Տաթեւիկ Աբրահամյանի եւ Լ. Ս.-ի տանջալից ապրումների նկատմամբ՝ բռնություն է գործադրել Տաթեւիկ Աբրահամյանի նկատմամբ, ինչի արդյունքում Տաթեւիկ Աբրահամյանը մեխանիկական շնչահեղձությունից մահացել է։

Պաշտպան Նարեկ Վարդանյանն իր  ճառում ասաց. «Լսելով հանրային մեղադրողի ճառը՝ կարծում էի, որ վերջինիս կողմից կբերվեն այնպիսի անհերքելի փաստեր եւ ապացույցներ, որոնք կհիմնավորեին Նարեկ Սարգսյանի մեղավորությունը՝ իբրեւ իր կնոջ սպանելու, այն էլ առանձնակի դաժանության եղանակով սպանելու մեջ, ինչպես նաեւ հույս ունեի, որ հանրային մեղադրողի ճառում կլսեմ այն դրդապատճառը, որի համար տեղի է ունեցել սպանությունը, սակայն դա տեղի չունեցավ։ Հանրային մեղադրողն իր ճառում գեթ մեկ տող չանդրադարձավ տվյալ հանցանքի կատարման դիտավորության, դրա դրդապատճառներին, այսինքն, թե ինչ նպատակով, ինչ դրդապատճառ ուներ Նարեկ Սարգսյանն այդ արարքը կատարելու համար, գեթ մեկ միտք այդ ուղղությամբ տեղի չունեցավ։ Առանց դիտավորության, առանց դրդապատճառի սպանություն չի լինում, իսկ սույն պարագայում Նարեկ Սարգսյանը որեւէ դրդապատճառ չուներ նման արարք կատարելու համար։ Այդ հանգամանքը հիմնավորվել է ամբողջ դատավարության ընթացքում, եւ գեթ մեկ փաստական տվյալ չի ներկայացվել եւ իրականության մեջ գոյություն էլ չունի, թե ինչի համար նման քայլի պետք է դիմեր Նարեկ Սարգսյանը։ Ավարտելով դատավարությունը, մենք եկել ենք այն փուլին Պատվարժան դատարան, որ Դուք գնալով խորհրդակցական սենյակ, վերլուծելով ամբողջ ապացույցներն իրենց թույլատրելիության, վերաբերելիության եւ արժանահավատության չափանիշներից, պետք է որոշում կայացնեք»։

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց սույն քրեական վարույթ իրականացնող քննիչի կողմից կատարված նախաքննությանը, հայտնելով, որ  «ակնհայտ եղել է ոչ օբյեկտիվ, ոչ լրիվ եւ միակողմանի քննություն, որի ժամանակ քննիչը չի ապահովել ամբողջական քննություն»։

Նա անդրադարձավ նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ քննիչի գործողություններին, հայտնելով, որ քննիչի կողմից կրիմինալիստ-փորձագետ չի կանչվել, եւ որեւէ մատնահետք չի վերցվել, այն դեպքում, երբ քննիչը մուտք է գործել դեպքի վայր հանդիսացող բնակարան, բնակարանում եղել են թափթփված իրեր, որի պայմաններում անհրաժեշտ էր քննարկել նաեւ ավազակային հարձակման, գողության հանգամանքները, սակայն կատարված դեպքի վայրի զննության ժամանակ մատնահետք չի վերցվել:

Ըստ նրա, դեպքի վայրի զննությամբ չի վերցվել նաեւ կոշիկի հետքեր այն դեպքում, երբ դեպքի օրը եղել է անձրեւային եղանակ, իսկ տան մուտքի եւ շքամուտքի հատվածը եղել է սալիկապատ, ուստի կարող էին հայտնաբերել կոշիկի հետքեր, ենթադրյալ հանցանք կատարած անձին հայտնաբերելու նպատակով։

Նշվեց մեկ այլ կարեւոր հանգամանք նույնպես. «Անդրադառնալով մեղադրական եզրակացության մեջ ներառված, ինչպես նաեւ դատարանում զննված ապացույցներին՝ գալիս եմ այն եզրահանգման, որ վարույթ իրականացնող քննիչը նախաքննության փուլում, իսկ հանրային մեղադրողը դատարանում, այդպես էլ չկարողացան ապացույցների այնպիսի բազա ներկայացնել, որոնց համակցությամբ հնարավոր կլիներ Նարեկ Սարգսյանին մեղավոր ճանաչել իրեն մեսագրվող արարքում»։

Պաշտպանի ճառի համաձայն՝ առանձին դաժանությամբ սպանությունը ենթադրում է հանցավորի դիտավորության մեջ անձին հենց նման եղանակով կյանքից զրկելու առկայություն։ Մասնավորապես,  մեծ թվով մարմնական վնասվածքների առկայությունն ինքնին դեռ չի վկայում առանձին դաժանությամբ սպանության մասին. «Նման դեպքերում արարքը ճիշտ որակելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ հանցավորը դիտավորություն է ունեցել այդ ճանապարհով տուժողին առանձին տանջանքներ պատճառելու։

Այսինքն՝ սույն հոդվածի մասը կիրառելի է այն դեպքերին, երբ հանցավորը սպանությունը կատարում է առանձին դաժանությամբ, քանի որ սույն հոդվածի մասը խոսում է կատարված սպանության եղանակի եւ միջոցի վերաբերյալ։ Նարեկ Սարգսյանի մեղադրանքում առկա են իրարամերժ մտքեր, քանի որ նշվում է, որ վիճաբանության ընթացքում երկու ձեռքերով խեղդամահ է արել, որը որակվել է առանձին դաժանությամբ։ Իմ անցած պրակտիկայի ընթացքում երբեւէ հնարավոր չէ ձեռքերով խեղդամահություն անելը որակել առանձին դաժանությամբ կատարված սպանության եղանակ, քանի որ դա հասարակ սպանության տեսակ է»։

Ասել է թե՝ պաշտպանական կողմը գտնում է, որ ձեռք չեն բերվել թույլատրելի, վերաբերելի եւ արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որոնցով հնարավոր կլինի Նարեկ Սարգսյանին մեղավոր ճանաչել նույնիսկ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով։

«Վկաներից որեւէ մեկը ականատես վկա չէ սպանությանը». Աննա Ծառուկյան

Պաշտպան Աննա Ծառուկյանն իր ճառում անդրադարձավ  նախաքննությանը։ «Դատարանը չի կարող ուղղակի չտեսնել այն ակնառու թերությունները` ոչ օբեկտիվ քննության փաստը հաստատող հանգամանքները, որից պարզ է, որ բացի Նարեկ Սարգսյանին մեղավոր ճանաչելուց, որեւէ այլ ուղղությամբ չեն ցանկացել քննություն իրականացնել ու դա է ապացուցում Նունե Մխոյանի դատարանում իր ցուցմունքում այն նշումը, որ իրենք շենքին մոտենալիս հենց ոստիկաններից են իմացել, որ իբրեւ Նարեկն է մեղավոր անձը եւ սա այն պարագայում, երբ դեռ անգամ քրեական գործ հարուցված չի եղել»:

Պաշտպանը հարցրեց. «Բոլորդ Ձեզ հիմա ուղիղ հարց տվեք՝ կա՞ արդյոք ուղիղ ապացույց, որ Նարեկ Սարգսյանը սպանել է իր կնոջը»:

Պաշտպանը հարցրեց. «Իրականում մահը ե՞րբ է վրա հասել։ Նարեկ Սարգսյանի գործով ներկայացված բժշկական փաստաթղթերը՝ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը եւ մահվան բժշկական վկայականը միանշանակ հաստատում են, որ մահը վրա է հասել 05.05.2022 թգ՝ ժամը 00։00-ին։ Ավելին, նույն փաստաթղթերով եւ գործի նյութերով հաստատվում է, որ այդ ժամանակահատվածում Նարեկ Սարգսյանը փաստացի գտնվել է Երեւանից դուրս՝ Մարմարաշեն գյուղում։

Չնայած դրան՝ նախաքննական մարմինը (քննիչը եւ դատախազությունը) մեղադրանքի մեջ մահվան ժամանակն ու դեպքը ֆիքսել են 04.05.2022 թգ՝ ժամը 21։15-ից մինչեւ 23։30 ընկած ժամանակահատվածում, ինչը ուղիղ հակասության մեջ է գտնվում պաշտոնական բժշկական փաստաթղթերի հետ։

Այս հակասությունը ոչ թե աննշան անհամապատասխանություն է, այլ էական հանգամանք, որը փաստացի վկայում է, որ գործի քննությունն ուղղված է ոչ թե ճշմարտության բացահայտմանը, այլ Նարեկ Սարգսյանին ցանկացած գնով մեղավոր ճանաչելուն։ Այսինքն, դիակի դատաբժկական փորձաքննությունը այս մասով արդեն իսկ հիմնավոր անարժանահավատ է»։

Բերեմ մի հատված պաշտպանի եզրափակիչ ելույթից. «Իբրեւ թե 2022 թ. մայիսի 04-ին՝ ժամը 21:15-ից մինչեւ 23:20-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Ադոնցի փողոցի 6-րդ շենքի 100-րդ բնակարանում մեղադրյալը վիճաբանել է իր նախկին կնոջ՝ Տաթեւիկ Աբրահամյանի հետ եւ իրենց մանկահասակ դստեր ներկայությամբ, տուժողին զրկել է կյանքից առանձին դաժանությամբ, դիտավորությամբ` անտարբերություն դրսեւորելով եւ անտեսելով տուժողի եւ դստեր տանջալից ապրումները:

«Սպանություն առանձնակի դաժանությամբ» ձեւակերպումը, որպես իրավական կատեգորիա, կիրառվում է այն դեպքերում, երբ սպանությունը կատարված է հատուկ դաժան, տանջանք պատճառող, անմարդկային եղանակներով կամ մեթոդներով, որոնք կտրուկ գերազանցում են սովորական կյանքի հանդեպ ոտնձգության չափը։

ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի, 2 մասի 6-րդ կետի վերլուծությունը ցույց է տալիս, որ առանձնակի դաժանությամբ սպանությունը համարվում է ծանրացնող հանգամանքով կատարված սպանություն։ Դաժանության չափի գնահատումը պատկանում է բնականաբար դատարանին՝ հիմնվելով բժշկական, դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննությունների եւ դեպքի կոնկրետ հանգամանքների վրա։

Այսինքն, դա այնպիսի սպանության ձեւ է, որն իր վարվեցողությամբ «հակասում է հասարակության մարդասիրության նվազագույն չափանիշներին» եւ այսպիսով առկա է արդյոք մեր վարույթում նման դեպք, թե ոչ, իհարկ է, առկա չէ։

Հստակ գործողությունների արդյունքում վնասվածքների քանակը եւ տարածվածությունը պետք է խոսեն տանջելու վերաբերյալ եւ պետք է քննությամբ հիմնավորվեր, որ տուժողը մահվանից առաջ երկարատեւ եղել է գիտակից եւ զգացել է ցավ: Բնականաբար պետք է սուբյեկտիվ կողմը գործի ուղղակի դիտավորությամբ եւ ցանկանա տանջել, կամ գիտակցել է, որ գործողության եղանակը անխուսափելիորեն կհանգեցնի ուժեղ ցավի, կամ շարունակել է բռնությունը, երբ արդեն ակնհայտ էր, որ զոհը տառապում է։ Խիստ կարեւոր է, որ դաժանությունը վերաբերում է ոչ միայն մեթոդին, այլ նաեւ մեղադրյալի հոգեբանական վերաբերմունքին։ Օբյեկտիվ կողմ` մեթոդով կամ միջոցներով, որոնք տուժողին պատճառում են ուժեղ, երկարատեւ ցավ, նպաստում են տանջանքի առաջացմանը, ունեն սադիստական կամ խոշտանգիչ բնույթ, ավելի դաժան են, քան մահ պատճառելու համար անհրաժեշտ նվազագույն ուժը։ Խոշտանգման զուգորդիչ նշաններ՝ հոգեբանական նվաստացում, սադիստական մոտեցում է անհրաժեշտ արձանագրել, որի արձանագրումը սույն գործով չկա»:

Ըստ պաշտպան Աննա Ծառուկյանի. «Գործի նյութերը չեն հաստատում այս պահանջվող հատկանիշները, քանի որ վնասվածքները կարճատեւ գործողության ընթացքում են առաջացել, բացակայում են տանջանքի բնորոշող հասցեական վնասվածքներ, դատաբժշկական եզրակացությամբ չկա նախամահյան երկարատեւ ցավ պատճառող փուլ, գործողությունը եղել է ինտենսիվ, բայց ոչ՝ դաժանության բարձր աստիճանի։ Որեւէ վնասվածք, որն անպայմանորեն արդյունք է սադիստական կամ խոշտանգող մեթոդի փորձաքննությամբ չի հայտնաբերվել»։

Պաշտպանն անդրադարձավ վկաների ցուցմունքներին։

Ըստ նրա, վկաներից որեւէ մեկը ականատես վկա չէ սպանությանը, որեւէ մեկը սպանության փաստը հաստատելուն ուղղված որեւէ ցուցմունք չի տվել, ավելին՝ վկաների հիմնական մասը նաեւ դատակոչված են թիվ ԵԴ1/0486/01/24 քրեական գործով եւ բովանդակային արդեն իսկ սույն դատարանից տարբերվող ցուցմունքներ են տվել, սակայն դրանք վիճարկման են ենթակա վերաբերելի առարկան քննող դատարանում քանի որ սույն վարույթով նրանց ցուցմունքի բովանդակությունը ոչնչի մասին է:

«Եթե անգամ վկաների ցուցմունքները, որոնք հանրային մեղադրողը մանրակրկիտ ընթերցեց, վերաբերելի լինեին, ապա արդյոք դրանք արժանահավատ են: Միայն նրանով պայմանավորված, որ տուժող կողմի բարեկամների ու ընտանիքի անդամնների կողմից ենթադրյալ բռնությունների մասին են հայտարարվել, սակայն այդ ընթացքում չեն դիմել ոստիկանությանը, հաղորդում չեն տվել հանցանքի մասին եւ անգամ ծնողներին չեն տեղեկացրել, սա արդեն հավատ չի ներշնչում: Ավելին, վկաներից Տիգրանուհին հստակ նշեց, որ եղել է մյուս կողմի փաստաբանի գրասենյակում ու նաեւ հասցեն նշեց, հետո նոր հարցաքննության:

Ապացույցի հավաստիությունը ցույց է տալիս փաստական տվյալի ճշմարտացիությունը: Վկաների ցուցմունքները չպետք է բովանադակի սուտ կամ կեղծ տեղեկություն, ուստի` փաստական տվյալը հավաստի է, եթե փաստական տվյալի` իրականությանը համապատասխանելը վեր է ողջամիտ կասկածից:

Առհասարակ ով է «շահագրգիռ վկան», դա  այն վկան է, որը ունի անձնական, նյութական, ծառայողական կամ այլ շահ գործի ելքից»,-ասել է պաշտպանը։

Նա հայտնեց, որ վկաներ Էդմոն  Աբրահամյանը, Մանվել Աբրահամյանը, Աշոտ Աբգարյանը եւ Տաթեւիկ Սարգսյանը չեն հանդիսանում սույն քրեական գործով վերաբերելի ցուցմունք տվող վկաներ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031