«ԹՐԻՓՓ-ին Թուրքիայի ներգրավում չենք քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպման ժամանակ։ ԹՐԻՓՓ-ը ինչպես կար, այնպես էլ այս պահին կա որպես ԱՄՆ-Հայաստան համատեղ բիզնես գործունեություն»,-Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին։
Նա նշեց, որ, եթե հարցը դիտարկենք ավելի լայն՝ ապաշրջափակման համատեքստում, իհարկե, ակնհայտ է, որ միայն Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակմամբ, սահմանի բացմամբ, երկաթուղու վերագործարկմամբ այդ ենթադրյալ Ասիա-Եվրոպական Միություն մեծ լոգիստիկ նոր անցումը չի ապահովվի, Հայաստանի ապաշրջափակումն էլ ամբողջական չի լինի։
«Գիտեք՝ Թուրքիայի հետ խոսակցությունը վաղուց կա այս ուղղությամբ, բավականին կոնստրուկտիվ խոսակցություն, ես կարծում եմ՝ մոտ ապագայում շոշափելի առաջընթաց եւ քայլեր կունենանք։ Բայց, իհարկե, բոլորիս ընկալումն այն է, որ ապրանքը, բեռները կամ ծառայությունը, կամ մարդիկ Ասիայից կարող են գալ Ադրբեջան, այնուհետեւ Հայաստանի տարածք, Նախիջեւան, Նախիջեւանից կրկին Երասխով Հայաստան, եթե երկաթուղու մասին է խոսվում։ Եվ եթե Գյումրի-Կարսը չվերագործարկվի, հաստատ այդ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ։ Հետեւաբար, տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման եւ տարածաշրջանի զարգացման մաս պետք է լինի։ Բայց ոչ կոնկրետ ԹՐԻՓՓ-ի մասով, եւ ամերիկյան կողմի հետ դա չենք քննարկել»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ամերիկյան կողմի հետ քննարկվե՞լ է ՌԴ մասնակցությունը ԹՐԻՓՓ ծրագրին՝ Միրզոյանը պատասխանեց․ «Կրկին ոչ, չի քննարկվել։ ԹՐԻՓՓ-ի շրջանակները մեծ հաշվով բավականին պարզ են, բայց նաեւ կրկին՝ մեծ ապաշրջափակում, բոլոր հարեւաններին կամ տարածաշրջանի երկրներին ձեռնտու այդ մեծ շարժը չի կարող դուրս թողնել, եւ մենք նպատակ չունենք որեւէ կերպ դուրս թողնել Ռուսաստանին , որովհետեւ ակնհայտորեն ՀՀ տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում։ Այսինքն՝ ԹՐԻՓՓ-ում՝ ոչ, բայց ԹՐԻՓՓ-ին առնչվող այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաեւ ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ԹՐԻՓՓ-ի հաջողությունը կապվում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման հետ, եթե Ադրբեջանը եւ Թուրքիան փորձեն այս նախագիծը ներկայացնել որպես ճնշման լծակ՝ հավելյալ քաղաքական պահանջներ առաջ տանելու համար, ինչպե՞ս են ապահովվելու, որ այս նախաձեռնությունը չվերածվի շանտաժի մեխանիզմի Հայաստանի դեմ, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած, լավ չեմ պատկերացնում՝ ինչո՞ւ պետք է ԹՐԻՓՓ-ը որպես շանտաժ օգտագործվի Հայաստանի դեմ։ Կարծում եմ, որ եթե այդպիսի լծակների հարթության մեջ հարցը դիտարկենք, մեկ ուրիշը կարող է ասել ճիշտ հակառակը, որ Հայաստանն է լծակներ ձեռք բերում։ Բայց այդպես չի հիմա քննարկվում հարցն իրականում։ Որքան ամրապնդվի խաղաղությունը, այնքան կմեծանան հնարավորությունները ԹՐԻՓՓ-ի իրականացման համար, եւ որքան ավելի առաջ գնանք, առաջ գնա ԹՐԻՓՓ-ը, այնքան կամրապնդվի խաղաղությունը»։
Անդրադառնալով «ԹՐԻՓՓ» ծրագրի իրականացման ժամկետներին՝ Միրզոյանն ասաց․ «Հուսով եմ, որ աշնան սկիզբ կամ ամառվա վերջ կկարողանանք գետնի վրա ենթակառուցվածքների շինարարություն էլ ունենալ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































