2025 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված 12-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքի մրցույթին մասնակցել և հաղթել է «Անտարես» հրատարակչության հեղինակային խմբի մշակած դասագիրքը։ 2026–2027 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական դպրոցի ավարտական դասարանի աշակերտներն ու ուսուցիչները հնարավորություն կունենան աշխատել այդ դասագրքով։ Aravot.am-ի զրուցակիցներն են դասագրքի հեղինակներ, մանկավարժական գիտությունների թեկնածուներ, դոցենտ Էրիկա Ավակովան և դոցենտ Ռուզաննա Սարգսյանը։
– Վերջերս հայտնի դարձավ, որ ձեր հեղինակած դասագիրքը հաղթել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված 12-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքի մրցույթում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ։ Խնդրում եմ, ասեք, թե ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք երկուսով դասագիրք գրել և մասնակցել մրցույթին։
Ռուզաննա Սարգսյան – Շնորհակալ ենք, ինքներս էլ շնորհավորում ենք մեզ բոլորիս՝ 12-րդ դասարանի աշակերտներին, ռուսաց լեզվի ուսուցիչներին և «Անտարես» հրատարակչության մեր գործընկերներին՝ տնօրեն Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Այս հաղթանակը թիմային ներդաշնակ աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունք է։
Կարդացեք նաև
Իսկ դասագիրք գրելու և մրցույթին մասնակցելու գաղափարը կամայական ու հանկարծակի որոշում չէր, այն հասունացավ կրթական ոլորտի խնդիրները քննարկելու արդյունքում։ Երկուսս էլ արդեն 20 տարի է, ինչ դասավանդում ենք տարբեր բուհերում, դասագրքի համահեղինակներ լինելուց բացի՝ նաև մոտ ընկերուհիներ ենք՝ գաղափարակից ու համախոհ ընկերուհիներ, սա շատ կարևոր է, գիտական հոդվածների համահեղինակներ։ Մեր՝ նույնիսկ ընկերական զրույցները հաճախ էին վերածվում մասնագիտական քննարկումների, որոնց արդյունքում մշտապես գալիս էինք այն եզրահանգման, որ բարձրագույն կրթության ոլորտում ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման առկա խնդիրներն ուղիղ կապ ունեն հանրակրթական ոլորտի խնդիրների հետ կամ նույնիսկ բխում են դրանցից։ Եվ մենք որոշեցինք մեղավորներ փնտրելու փոխարեն դրական որակական, բովանդակային և մեթոդական փոփոխություն բերել հանրակրթության ոլորտ՝ օգտագործելով մեր գիտահետազոտական և մանկավարժական ներուժը։
Էրիկա Ավակովա – Կցանկանայի հավելել, որ նախկինում բազմիցս ստացել ենք տարբեր հեղինակային խմբերի միանալու և դասագիրք գրելու առաջարկներ, սակայն միշտ հրաժարվել ենք։ Պատճառներից մեկն այն էր, որ դասագիրք գրելը չափազանց պատասխանատու գործ է. երկուսս էլ գիտակցում էինք, որ դժվար կամ նույնիսկ անհնար է ստեղծել այնպիսի ունիվերսալ մի դասագիրք, որը դուր կգա բոլորին ու չի արժանանա քննադատությունների։ Բացի այդ հասկանում էինք, որ դասագրքի աշխատանքային խմբերում պետք է ընդգրկվեն ընդհանուր մասնագիտական տեսլական, գիտական գաղափարներ ու դասավանդման ոճ ունեցող մարդիկ։ Ու ․․․․ (ժպտում է- Ս.Դ.) մի գեղեցիկ օր Ռուզաննան ինձ զանգահարեց և ասաց, որ մի առաջարկ ունի, բայց խնդրեց, որ միանգամից չմերժեմ, լավ մտածեմ ու նոր միայն պատասխանեմ։ Այդ առաջարկը միասին դասագիրք գրելն էր։ Ու ես ոչ միայն չհրաժարվեցի, այլ նաև միանգամից, առանց մտածելու տվեցի իմ համաձայնությունը։ Ու այսպես մենք «ներխուժեցինք» դասագրքաստեղծման ոլորտ՝ զինված մեր 20 տարվա գիտամանկավարժական փորձով և դրական որակական փոփոխություններ, նորարարական գաղափարներ կյանքի կոչելու պատրաստակամությամբ։
– Ինչու՞ ընտրեցիք հենց «Անտարես» հրատարակչությունը։ Վերջինիս հետ նախկինում համագործակցության փորձ ունեցե՞լ եք։
Է.Ա. – Իրականում մենք ոչ մի հրատարակչության հետ համագործակցության փորձ չունեինք։ Սկզբում մտադրվել էինք ուղղակի ծանոթանալ մի քանի հրատարակչությունների աշխատանքին, նրանց պայմաններին, նույնիսկ ցանկ էինք կազմել ու որոշել հերթով այցելել։ Այցի ընթացքում և՛ ինքներս էինք ներկայանում, և՛ լսում հրատարակիչներին, գլխավոր խմբագիրներին. վերջիվերջո կարևոր որոշում պետք է կայացնեինք։ Այնպես ստացվեց, որ «Անտարես» մեր այցելելությունը մի փոքր երկար տևեց։ Պարոն Մարտիրոսյանի հետ հետաքրքրիր զրույցի բռնվեցինք, ենթադրում ենք, նա այդ զրույցի ընթացքում ուզում էր մեզ ճանաչել ու թույլ տալ, որ մենք էլ ճանաչենք «Անտարեսը»։
Ռ. Ս. – Մեր հանդիպման վերջում պարոն Մարտիրոսյանն ասաց․ «Եկե՛ք փորձենք», ու մենք մեր կազմած ցանկի մնացած հրատարակչություններն այլևս չայցելեցինք (Ժպտում են – Ս.Դ.): Առիթն օգտագործելով ուզում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել «Անտարես» հրատարակչությանն՝ ի դեմս տնօրեն Արմեն Մարտիրոսյանի, մեզ վստահելու և մեզ հետ համագործակցելու համար։ Վստահ ենք, մեր համագործակցությունը շարունակական է լինելու։
– Ասացիք՝ մտերիմ ընկերուհիներ եք։ Դասագիրք գրելը չխանգարե՞ց ձեր ընկերությանը, վեճեր չէի՞ն առաջանում։
Ռ.Ս.– Ի սկզբանե պայմանավորվել էինք, որ ինչ էլ որ լինի, մեզ համար առաջնայինը մեր ընկերությունն է, այն ոչ մի պարագայում չպետք է տուժի։ Խոստացանք, որ իրարից չենք նեղանալու և իրար չենք նեղացնելու։ Ընթացքում, հատկապես՝ սկզբում, վեճեր՝ չէ, բայց տարաձայնություններ լինում էին, ուղղակի մենք սովորեցինք խնդիրներին առանց հույզերի, սթափ նայել և խելամիտ լուծումներ գտնել՝ հանուն ավելի լավ դասագրքի։
Է.Ա. – Ընդունված խոսք կա, որ մարդուն ճանաչելու համար նրա հետ պետք է ճանապարհ անցնես։ Մենք իրար հետ մի քանի անգամ արդեն հասցրել ենք ճանապարհորդել, բայց դասագիրք գրելը դարձավ մի նոր՝ յուրահատուկ «ճանապարհորդություն»: Ի դեպ, ճանապարհորդությունը դարձավ նաև մեր դասագրքի հայեցակարգը։ Մի փոքր վերաձևակերպելով ընդունված խոսքը՝ կարող ենք ասել․ «Մարդուն ավելի լավ ճանաչելու համար նրա հետ պետք է դասագիրք գրես» (ծիծաղում են- Ս.Դ.) ։ Վստահաբար կարող ենք ասել, որ այս ընթացքում մենք ավելի լավ ճանաչեցինք իրար, մեր ընկերությունն ավելի ամրացավ, ու մեր դասագիրքը դրանից միայն ավելի լավը դարձավ։
– Սովորաբար թիմային աշխատանքի դեպքում կամ համահեղինակներով աշխատելիս՝ ծանրաբեռնվածությունը հավասարապես չի բաշխվում՝ մեկն ավելի շատ է աշխատում, իսկ մյուսը կամ մյուսները «գլուխ են պահում»։ Ձեզ մոտ ինչպե՞ս էր։
Է.Ա. – Մեզ մոտ այդ խնդիրը երբեք չի առաջացել ու չի առաջանա։ Թեև մենք թեմաների քանակական կամ «մեխանիկական» բաժանում չենք արել, գործընթացի բոլոր փուլերում՝ և՛ դասագիրքն ու մեթոդական ուղեցույցը գրելիս, և՛ արդեն մրցույթի ընթացքում փորձագետների դիտարկումներին պատասխանելիս աշխատել ենք միասին։ Ավելին, երբ սկսում էինք նոր ենթաթեմա մշակել, սովորաբար մեզանից մեկը սկսում էր «կմախքը» հավաքել, մյուսը շարունակում էր, երբեմն ես հիշեցնում էի Ռուզաննային, որ չմոռանա իր համահեղինակի մասին, կամ էլ նա էր հիշեցնում ինձ, որ իր համար էլ անելու բան թողնեմ։
Ռ.Ս. – Ու մենք իրար կատակով սկսեցինք դիմել «համահեղինակ ջան» (ժպտում են- Ս.Դ.)։ Հիմա նույնիսկ կդժվարանանք տարանջատել, թե մեզանից ով ո՛ր առաջադրանքը կամ նյութն է մշակել։
–Ձեր դասագիրքն ի՞նչ կարևոր փոփոխություն պետք է բերի կրթության ոլորտ, ի՞նչ նշանակություն կարող է ունենալ դպրոցականների, մեր հասարակության, պետության համար։
Ռ.Ս. – Նախ պետք է նշենք, որ այս տարի առաջին անգամ հանրակրթական դպրոց են մտնելու 12-րդ դասարանի բոլոր դասագրքերը՝ մշակված Հանրակրթության պետական չափորոշչին և առարկայական չափորոշիչներին համապատասխան։ Մեր դասագիրքը նոր սերնդի դասագիրք է՝ նախատեսված 21-րդ դարի աշակերտի համար։ Դասագիրքը մշակված է «Օտար լեզուներ» բնագավառի առարկայական չափորոշչի և ռուսաց լեզվի առարկայական ծրագրի հիման վրա, իսկ օտար լեզուների դասավանդման նպատակն է՝ ձևավորել ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ դիմակայող ակտիվ քաղաքացի, հասարակական կյանքի ակտիվ մասնակից, որն ունակ է ազատ հաղորդակցվել ռուսերենով և գործել ժամանակակից բազմալեզու և բազմամշակույթ աշխարհում։
Կրթական ոլորտի կարևոր փոփոխությունը նաև այն է, որ մեր դասագիրքը մշակվել է ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման սկզբունքներին համապատասխան, ինչը նախկինում չի եղել։ Այստեղ մենք օգտագործել ենք մեր մրցակցային առավելությունը՝ անգլերենի իմացությունը։ Դասագրքի մշակման հիմքում ոչ միայն մեր 20–ամյա գիտամանկավարժական փորձն է, այլ նաև մեզ հասանելի լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն գիտական, ուսումնամեթոդական գրականության, ինչպես նաև անգլերենի՝ որպես օտար լեզվի, ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասագրքերի ուսումնասիրության և վերլուծության (բենչմարքինգի) արդյունքների և աշխարհի լավագույն փորձի կիրառումը։
Է.Ա. – Մենք երկուսս էլ պերֆեկցիոնիստ ենք, միշտ քննադատաբար ենք մոտենում առաջին հերթին ինքներս մեզ և մեր կատարած աշխատանքին։ Բայց երբ դասագիրքն արդեն բովանդակային առումով ավարտուն տեսք ուներ, մենք առանց ավելորդ համեստության օբյեկտիվորեն փաստեցինք, որ այն շատ լավն է ստացվել։ Վստահաբար կարող ենք ասել, որ դասագիրքը նպաստելու է մեր դպրոցականների ինքնության կայացմանը և նրանց մեջ ձևավորելու է համամարդկային արժեքներ, իսկ դրանից կշահի առաջին հերթին մեր ազգը, հասարակությունը, պետությունը և ավելի գլոբալ՝ աշխարհը։
–Գո՞հ եք արդյոք մեզանում ռուսաց լեզվի դպրոցական դասագրքերի որակից, ի՞նչ թերություններ կամ խնդիրներ կան, որ կարելի է շտկել։
Ռ.Ս. – Երևի այդքան էլ ճիշտ չի լինի որակումներ կամ գնահատականներ տալ՝ ասելով, որ դասագրքերը լավն են կամ վատը։ Պարզապես պետք է փաստել, որ հաճախ ռուսերենի դասագրքերը ստեղծվում են խորհրդային ժամանակների դասագրքերի իներցիայով, երբ ռուսերենը պաշտոնական կամ երկրորդ մայրենի լեզուն էր՝ առանց հաշվի առնելու, որ հիմա այլ ժամանակներ և այլ իրողություններ են։ Մենք չենք կարող ակնկալել, որ Հայաստանի դպրոցականը մեծացել է ռուսալեզու հեքիաթների, մուլտֆիլմերի կամ ֆիլմերի վրա, չենք կարող ակնկալել, որ նրա ծնողները ազատ տիրապետում են ռուսերենին և կարող են երեխային օգնել կամ նրա հետ հաղորդակցվել ռուսերեն։
Է.Ա. – Նոր չափորոշչով ռուսերենը «Օտար լեզուներ» բնագավառի առարկաների շարքում է, հետևաբար, ռուսերենի նոր սերնդի դասագիրքը պետք է կառուցվի որպես օտար լեզվի դասագիրք։ Այս սկզբունքը պետք է արտացոլվի բովանդակային և մեթոդական մակարդակներում՝ ուսումնական նյութերի ընտրության, առաջադրանքների մշակման, լեզվանյութի մատուցման և բազմաթիվ այլ հարցերում։
– Կա՞ մի հարց, որ կցանկանայիք ուղղեինք ձեզ:
Ռ.Ս. – 12-րդ դասարանի օտար լեզուների դասագրքի թեմաներից մեկը կոչվում է «Հաջողության գրավականը»։ Մեր դասագրքում այդ թեմայի ենթաթեմաներից մեկին տվել ենք «Հաջողության բանաձևը» անվանումը։ Կուզենայինք, որ հարցնեիք, թե որն է մեր դասագրքի հաջողության բանաձևը։
-Ո՞րն է ձեր դասագրքի հաջողության բանաձևը։
Է.Ա.– Դասագիրքը գրելիս մենք յուրաքանչուր թեմայի, ենթաթեմայի շուրջ ծավալուն քննարկումներ ենք ունեցել, տեքստերը, տեսանյութերը կամ աուդիոնյութերը ընտրելիս, լեզվանյութն ու առաջադրանքները մշակելիս կիսվել ենք մեր գաղափարներով, իսկ այդ գաղափարները սիներգիայի սկզբունքով նոր մտքերի, նոր լուծումների մի շղթա էին բերում։ Այնպիսի տպավորություն էր, որ մեզ հետ աշխատում էր ևս մեկ համահեղինակ, ու փաստեցինք, որ մեր պարագայում «1+1=3»։ Գուցե որոշ մասնագետներ կամ «փորձագետներ» սխալ կամ հակագիտական համարեն այս բանաձևը, բայց հենց դա է մեր դասագրքի հաջողության գրավականը։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ




















































