Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրի նպատակն է, որ տրամադրվող գումարներն ամբողջ ծավալով օգտագործվեն որպես աջակցության գումարներ եւ դրանցից հարկեր չվճարվեն

Հունվար 14,2026 14:50

ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծի կարգավորման առարկան պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության գումարները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ ճանաչելու կամ չճանաչելու, իսկ ճանաչման դեպքում՝ ինչպես ճանաչելու կառուցակարգերն են: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Զեկուցողը նշել է, որ հաճախ տարբեր ոլորտներում, տնտեսության տարբեր ճյուղերում պետության կողմից իրականացվում են ֆինանսական աջակցության ծրագրեր, որոնք էլ կատարվում են հետեւյալ տրամաբանությամբ. «Շահառուները նախապես որոշակի ծախսեր են կատարում, դրանք փաստաթղթավորում են եւ տվյալ ծրագրով, աջակցության տվյալ կառուցակարգով նախապայմաններին բավարարելու համար դիմում են պետությունից աջակցության գումարները ստանալու համար»: Փոխնախարարի տեղեկացմամբ գործող կանոնի համաձայն՝ աջակցության գումարները ստացողի համար համարվում են եկամուտ հենց ստացման տարում: Մինչդեռ, ըստ Արման Պողոսյանի, դրանք կարող են վերաբերել նախորդ երեք տարիների ընթացքում կատարված ծախսերին՝ որպես փոխհատուցվող գումարներ: «Այստեղ խնդիրն այն է, որ երբ փոխհատուցվող գումարները ժամանակի միեւնույն պահի եկամուտ են հաշվառվում շահութահարկով հարկման նպատակով, հաճախ հարկային հետեւանքներ կարող են առաջացնել, որովհետեւ շահառուն կարող է չունենալ համարժեք ծախսեր եւ վերջնարդյունքում կստացվի, որ պետության կողմից տրամադրվող գումարից մի որոշ մաս պետք է որպես շահութահարկ վճարել»,- մանրամասնել է Կառավարության ներկայացուցիչը:

Նշվել է, որ գործադիրի նպատակն է՝ տրամադրվող գումարներն ամբողջ ծավալով օգտագործվեն որպես աջակցության գումարներ եւ դրանցից հարկեր հետադարձությամբ չվճարվեն:

Վերոնշյալ խնդիրը լուծելու համար Կառավարությունն առաջարկում է վերանայել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացվող աջակցության գումարները շահութահարկով հարկման նպատակով որպես եկամուտ ճանաչելու սկզբունքը: Նախատեսվում է այդ գումարները եկամուտ ճանաչել ոչ թե ստացման տարվա ընթացքում ամբողջությամբ, այլ այդ գումարներով կառուցված, ստեղծված, մշակված, կատարելագործված, ձեռք բերված ակտիվների գծով ծախսին համամասնորեն:

Ըստ զեկուցողի՝ խնդիրն արդիական է հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Պետության կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված լիզինգի, վարկի, սուբսիդավորման, տոկոսների համաֆինանսավորման գումարներն առաջարկվում է դիտարկել որպես շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չհամարվող գումարներ:

Առաջարկվող կարգավորումները կտարածվեն 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի՝ հունվարի 14-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031