«Մեր հանձնաժողովը 2025թ վերանվանվեց ու արդեն կոչվում է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, բնականաբար զուտ անվան փոփոխություն չէ, այլ էական բովանդակային փոփոխություն է տեղի ունեցել»,- 2025 թվականն ամփոփող ասուլիսում նշեց Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
«2025թ հանձնաժողովը շուրջ 2 միլիարդ դրամի տուգանք է նշանակել, նաեւ բացի դրանից՝ ՀՀ բյուջե մուտքագրվել է 1 միլիարդից ավել գումար: Հիմնական բլոկներից գերիշխող դիրքի չարաշահումների դեմ պայքարի բլոկն է, որտեղ շատ հայտնի ՀԴՄ-ի գործը տեղի ունեցավ՝ ՀԴՄ շուկայում սպասարկման, ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում: Գործընթացը գտնվում է վարչական բողոքի փուլում, շուտով նաեւ հանրությունը կտեղեկացվի վերջնական արդյունքների մասին»,-հայտնեց Գեղամ Գեւորգյանը:
Նաեւ անդրադարձավ, իր խոսքով, մի քանի կարեւոր արձանագրումների: «Սպասարկման ոլորտում տեղի էր ունեցել գների բարձրացում, նաեւ աննախադեպ որոշում էր կայացվել՝ մենք ասել էինք, որ բարձրացման ընթացքում տնտեսվարող սուբյեկտներից, մեր պատկերացմամբ, ավել հավաքագրված գումարը որոշակի տրամաբանության հաշվանցի սկզբունքով կվերադարձվի հենց նույն տնտեսվարող սուբյեկտներին: Բացի նրանից, որ պետք է տուգանք վճարվի, նաեւ պետք է նոր՝ թափանցիկ եւ ոչ խտրական գներ սահմանվեն: Հիմա տնտեսվարող սուբյեկտների հետ վերջին շտրիխներն ենք իրականացնում»,- հավելեց Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը:
Ի թիվս այլնի ՝ասուլիսում անդրադարձ եղավ Ադրբեջանից բենզին ներկրող ընկերություններին ու այդ մասին Փաշինյանի մեկնաբանություններին: «Կառավարությունն ինքը չի հանդիսացել բենզին ներկրող, որ հետո ինչ-որ մեկին առաջարկվի: Ոչ թե կառավարությունը ձեռք է բերել, հետո մեկ կամ երկու հոգու առաջարկել է, այլ կառավարությունն իմացել է, որ Ադրբեջանը պատրաստակամ է վաճառել բենզին կամ դիզելային վառելիք: Մինչեւ դա էլ ցորեն էր եկել Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանից:
Կարդացեք նաև
Ես ենթադրում եմ, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտներն էլ իմացել են այդ հնարավորության մասին, որ փորձում ենք Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառություն իրականացնել: Չի եղել տնտեսվարող սուբյեկտ, որ մեզ հետ շփումների արդյունքում ասի, թե չգիտեր, որ կարելի է բենզին բերել:
Այս պահին 2 տնտեսվարող է բենզին բերում, բայց ցանկացած քաղաքացու հայտնի է, որ կա նման հնարավորություն, եւ կարող են գնալ ու պայմանագրեր կնքեք: Եթե չեմ սխալվում՝ էկոնոմիկայի նախարարն էլ էր ասել, որ ով ուզում է, կարող եք գալ, կնքել: Կարծում եմ՝ 2 հոգու հետ են կոմունիկացվել, մնացածը ենթադրաբար չեն ցանկացել գնալ-բերել»,-պարզաբանեց Գեղամ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական բենզին են ներկրում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող կոնցեռնի մաս կազմող «Մեգա Թրեյդը» եւ Sisha world ընկերությունը, որն ըստ լրատվամիջոցների, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդուն՝ 24- ամյա Սամվել Մկրտչյանին է պատկանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































