Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների եւ արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել է քննչական կոմիտեում:
Հարցաքննության ավարտից հետո նրա ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Ֆարմանյանը Aravot.am-ին պատմեց, որ Տեր Ասողիկը հարցաքննվել է կարգալույծ եղած, նախկին քահանաներից մեկի հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում, որն առնչվում է Սուրբ Գեղարդի վնասվելուն:
-Վարույթը վերաբերում է տարիներ շարունակ ծամծմված Գեղարդի վնասվածքի հարցին, որը իրականությանը չի համապատասխանում: Հայր Ասողիկը բազմաթիվ անգամ բացատրել ու ցուցադրել է, որ Գեղարդն անվնաս է, պահպանման լրիվ նորմալ վիճակում: Իսկ Գեղարդի վաճառքի մասին խոսակցությունն ուղղակի աբսուրդ է: Դա անառողջ մարդու մտքի արգասիք է: Իսկ նվիրաբերության մասով մի փոքր քերուկ, մի փշուրի չափ որպես մասունք, դրվել է մանրակերտի մեջ ու նվիրաբերվել Ռուսաստանի պատրիարք Ալեքսեյ 2-րդի 75 ամյակի կապակցությամբ: Եվ հանձնման պահից ի վեր՝ 2004 թվականից սկսած մինչեւ հիմա այն պահվում է Մոսկվայի պատրիարքության, Սանկտ Պետերբուրգի թեմի Սուրբ Կոնստանտին-Սուրբ Հեղինե մենաստանում: Իսկ միմյանց մասունքներ հանձնելը, նվիրաբերելը դարավոր ավանդույթ է տվյալ երկրի հայրապետը որոշում է, որ ինչ-որ մասունք պետք է նվիրաբերի եղբայրական ժողովրդի հոգեւոր առաջնորդին եւ հակառակը. քույր եկեղեցիների միջեւ կա նման ավանդույթ: Նույնիսկ նոյան տապանից են մի փոքր կտրել ու նվիրաբերել որպես մասունք: Դա կարող են չիմանալ «Քաղաքացիական պայմանագրի» այն սատելիտները, որոնք հիմա հավատավորի դիմակը իրենց դեմքներին դրած՝ ծամածռվում են, իբրեւ թե հավատացյալ են, սուտ հավատավորի դեմքով պատարագ կոչվող պախարակների են մասնակցում, իրենք կարող է չիմանան՝ ինչ ասել է դարավոր սովորույթը եկեղեցիներում. Հռոմի պապերի, հայրապետերի դարավոր սովորույթն է դա,- ասաց Մարինե Ֆարմանյանը:
Ըստ նրա՝ Մայր Աթոռի թանգարանում էլ այսօր այլ երկրներից նվիրաբերված շատ մասունքներ կան ցուցադրված. «Հիմա իրականությունից այնքան հեռանալ, ազգային ինքնասիրությունն այնքան կողքի դնել, ասել, որ մեր սրբություններից մեկը, որը մեզ 1-ին դարից է փոխանցված, վաճառվել է, սկսել այդ սրբության շուրջ այդպիսի ապականություն տարածել, թշնամուց ավելի թշնամի գործողություն է»:
Կարդացեք նաև
Ֆարմանյանի խոսքով՝ Գեղարդի վնասվածքի դրվագից բացի՝ վարույթի շրջանակում քննություն է իրականացվում նաեւ պատմամշակութային այլ արժեքների դրվագներով. «Այնքան անգրագետ են, որ հաղորդում ներկայացնելիս՝ նախկին կարգալույծ եղած քահանան, որը պիտի որ գրագիտություն ունենար, ասում է՝ 16-րդ դարի Աստվածաշունչ է վաճառվել: 16-րդ դարում տպագիր Աստվածաշունչ չի եղել, որ մի հատ էլ վաճառվեր կամ չվաճառվեր: 17-րդ դարից են սկսել Աստվածաշնչի տպագրությունները: Այս մակարդակի խաբեության ու խայտառակության, սուտ մատնության շրջանակում նորից հոգեւորականներին կանչել, հարցաքննել. սա եկեղեցական արշավի շրջանակներում, հերթական ապօրինությունները կատարելու բեմադրությունն է, ուրիշ բան չկա այստեղ»:
Ֆարմանյանն ասաց, որ քանի որ իր վստահորդը վկայի կարգավիճակ ունի, քրեական վարույթի, այլ անձանց ներգրավվածության մասին շատ տեղեկություններ չունեն:
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ հավանական համարո՞ւմ է Գեղարդի վնասվածքի, Աստվածաշնչի վաճառքի գործերով հասնեն մինչեւ Վեհափառ հայրապետի ձերբակալություն, կալանք եւ այլն, ի պատասխան ասաց. «Չգիտեմ՝ ինչ կանեն, Նիկոլ Փաշինյանը վաղն ինչ նռնակով կարթնանա չեմ կարող պատասխանել, բայց որ այս վարույթի շրջանակներում որեւէ հիմք, սլաք չկա, որը տանում է դեպի կաթողիկոսը, դա հաստատ է:
Ընդհակառակը՝ ես կարծում եմ, նման հաղորդում տված մարդկանց առհասարակ պետք է դատահոգեբանական ու դատահոգեբուժական համալիր փորձաքննության ենթարկեն, հետո էլ սուտ մատնության համար դատեն, հետո էլ պետական դավաճանության հանցակազմ փնտրեն, որ ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություններ են հիմա կատարվում: Ինչպե՞ս կարելի է մեր ինքնությունը, մեր սրբությունը, մեր հավատալիքները այս մակարդակի արժեզրկելով՝ հասցնել նմանատիպ քրեական վարույթների, խոսվի Գեղարդն իրակա՞ն է, թե՞ իրական չէ: Այն դեպքում, երբ Գեղարդը 7 տարի առաջ արդեն բացվել է ու Վեհափառի օրհնությամբ ի ցույց է դրվել հավատացյալներին, նաեւ ԶԼՄ-ների առջեւ, որ մարդիկ գան, տեսնեն, որ ամեն ինչ անխաթար ու անվնաս է»:
Փաստաբանից նաեւ հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է՝ ինչ կարգով եւ ինչ վերահսկողությամբ են պահվում Մայր Աթոռի սրբություններն ու մասունքները, եւ հնարավո՞ր է արդյոք դրանց որեւէ հատվածի տեղաշարժ առանց պաշտոնական արձանագրության։ Ի պատասխան Մարինե Ֆարմանյանն ասաց. «Դա բացառվում է, բոլոր տեղաշարժերը արձանագրվում են. օրինակ կան նմուշներ, որոնք գնում են ցուցահանդեսների ու հետ են գալիս, այդ միջպետական թանգարանային փոխհարաբերությունները նույնպես շատ ընդունված է:
Մայր Աթոռից գնացող ու եկող նմուշները բոլոր պետական ընթացակարգային կանոնների պահպաումներն անցնում են: Մայր Աթոռից տեղեկացել եմ, որ սահմանային անցակետերում ե՛ւ գնալն է ստուգվել, ե՛ւ գալը, իդենտիֆիկացվել են բոլոր նմուշները: Վերջապես, Մայր Աթոռի թանգարանում պահվող նմուշների՝ արտերկրում ցուցադրության թույլատրությունները տալիս է ԿԳՄՍՆ-ն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































