«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ այսօրվա իր ասուլիսը պետք է ավելի շատ նվիրված լիներ ներքաղաքական օրակարգին, բայց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Անտոնիո Ռուբիոյի եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ստորագրած համատեղ հայտարարությունը ստիպել է ասուլիսն սկսել այդ փաստաթղթի նախնական գնահատականներով, որին ինքն այսօր առավոտյան հասցրել է ծանոթանալ հպանցիկ։
«Այդ փաստաթուղը կոչվում է TRIPP նախագծի ՀՀ-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այս հայտարարության ընթերցումից հետո TRIPP-ի վերաբերյալ իմ բոլոր վերապահումներն ավելի շեշտված եւ արտահայտված դարձան, մտահոգություններս ավելի խորացան։ Մեկ բան է, որ հայտարարում էին TRIPP-ը՝ ընդհանրական, մեկ այլ բան է այս փաստաթուղթը։
Փաստաթղթի նախնական տեքստի ուսումնասիրությունը ինձ բերեց մի համոզման, որ այս փաստաթղթում միտումնավոր «ինքնիշխանություն» եւ «իրավազորություն» բառերը շատ հաճախ օգտագործված են՝ քողարկելու համար այն փաստը, որ սույն փաստաթղթով իրականում Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը իրապես սահմանափակվում են։ Ըստ երեւույթին եղել է Փաշինյանի թիմի խնդրանքը, որպեսզի այս բառերն անընդհատ օգտագործելով փորձեն քողարկել այս փաստաթղթի իրական բովանդակությունը։ Դեկլարատիվ բնույթ ունեն այստեղ արտահայտված «ինքնիշխանություն» եւ «իրավազորություն» բառերը։ Շատ նման է նրան, որ ինչքան Նիկոլ Փաշինյանը խոսում է աննախադեպ ինքնիշխանության մասին, այնքան Հայաստանի սուբյեկտությունը լիմոնի պես ճզմվում է։ Եվ ինչքան Փաշինյանը խոսում է աննախադեպ դեմոկրատիայի մասին, այնքան մեր երկրում ավելանում է քաղկալանավորների թիվը։
Այն կոնսորցիումում, որը պիտի շահագործի Սյունիքով անցնող 42 կմ ճանապարհը կամ TRIPP-ը, բաժնետոմսերի 74 %-ը պատկանելու է Միացյալ Նահանգներին եւ ընդամենը 26%-ը՝ ՀՀ-ին։ Սա նշանակում է՝ ՀՀ ազդեցությունը երկրորդական է, այսինքն, որեւէ ազդեցություն էլ չունի ստրատեգիական որոշումների կայացման գործում։
Կարդացեք նաև
Ես հիմա պատկերացնում եմ, թե ինչու էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հայտարարում, թե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ընկել է բուլդոզերի տակ։ Ոչ Ռուսաստանից է այս հայտարարությունը հնչեցվել, ոչ մեր ընդդիմությունից։ Այդ հայտարարության հեղինակը Հայաստանում ԱՄՆ նաախկին դեսպան Էվանսն է։
Երեք օր առաջ, երբ ես դրան շատ ծավալուն հոդվածով անդրադարձել էի, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ըստ էության վաշինգտոնյան համաձայնությունների հիերարխիկ կառուցվածք էր նկարագրում, որտեղ Թուրքիային վերապահված էր Միացյալ Նահանգների շահերի օպերատորի դերակատարություն, Ադրբեջանին վերապահված էր Միացյալ Նահանգների շատ կարեւոր գործընկերոջ դերակատարություն, իսկ Հայաստանին՝ օբյեկտի դերակատարություն։ Ըստ էության, Ֆիդանը իր հարցազրույցով մեկը՝ մեկով բացահայտում էր այն փաստաթուղթը, որ այսօր հրապարակվել է։
Գիտեմ, թե իշխանության ներկայացուցիչները հիմա ինչ կենացներ են ձոնելու այս փաստաթղթին։ 49 տարով, իսկ հետո, երեւի, նաեւ 50 տարով Հայաստանն, ըստ էության բացառիկ իրավունքներով այս ճանապարհը վարձակալության է հանձնում Միացյալ Նահանգներին։ Այսինքն, այն, ինչի մասին դեռեւս օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարում էր, երբ Ալիեւի ու Փաշինյանի հետ ստորագրում էր հայտնի փաստաթուղթը։ Սա, ըստ էության, արտաքին գերակշռության կոնցեսիոն մոդել է Հայաստան-Միացյալ Նահանգներ հավասարակշռված ռազմավարական գործընկերության փոխարեն, ինչ հեքիաթ էլ Արարատ Միրզյանը չպատմի կամ Նիկոլ Փաշինյանը չխոսի»,-ասաց Սոուրեն Սուրենյանցը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































