Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանց. «Եթե ընտրություններին 53-ից 55 տոկոս մասնակցություն լինի, Նիկոլ Փաշինյանը անխուսափելի պարտվում է»

Հունվար 14,2026 21:21

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ իրենց քաղաքական ուժը հիմնադրման առաջին օրվանից փոփոխությունների ամենաարժանահավատ ճանապարհ համարել է ընտրությունները։

«Փողոցային պայքարին էլ դեմ չեմ, իմպիչմենտին էլ դեմ չեմ։ Ես ընտրությունները եւ քաղաքական պայքարի որեւէ այլ գործիք երբեք հակադրության մեջ չեմ դրել։ Չի կարելի նպատակը միջոցների հետ շփոթել։ Ճանապարհները երբեք չեն կարող հակադրվել։ Դրանք կարող են համադրվել։

Առնվազն, իրար չխանգարել»,-ասաց քաղաքական գործիչը։ Նա շատ մանրամասն ուսումնասիրել է հետպատերազմյան հասարակությունների մենթալիտետը, վարքագիծը, հոգեբանությունը եւ եկել եզրակացության, որ հետպատերազմյան հասարակությունները որպես կանոն մեծ ձգտում ունեն փոփոխությունների նկատմամբ, բայց գերադասում են այդ փոփոխությունների անցնցում ընթացք, որովհետեւ ֆոբիա ունեն, որ ներքին ցնցումները կարող են բերել արտաքին միջամտության։

«Հետեւաբար, ես բացառիկ հնարավորություն եմ տեսնում, որ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններով հնարավոր են Հայաստանում որակական փոփոխություններ կամ իշխանափոխություն։

Բայց դա չի նշանակում, որ բոլորս պետք է նստենք եւ սպասենք հունիսի 7-ին, որ մի հրաշք տեղի ունենա։ Որպեսզի տեղի ունենան փոփոխություններ, պետք է Հայաստանում առաջիկա երկու-երեք ամիսներին ձեւավորվեն ընդդիմադիր կոնսոլիդացիոն մի քանի կենտրոններ, որոնք հասարակության մեջ հավատ կծնեն առ այն, որ ընտրությունների կամ քվեարկության միջոցով հնարավոր են փոփոխություններ։

Այդ հավատը եթե հասարակության մեջ սերմանվի, հավատացեք, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այնքա՜ն գահավիժած է, հասարակության մեջ փոփոխությունների ձգտումն այնքա՜ն մեծ է, որ փոփոխությունները կլինեն»,-նշեց պարոն Սուրենյանցը եւ հատուկ ընդգծեց, որ այս վիճակում ընդդիմադիր սեգմենտը, այդ թվում նաեւ իրենց կուսակցությունը շատ անարդյունավետ է աշխատել։

«Բացի այլընտրանքային կենտրոնների, այլընտրանքային ծրագրերի առկայությունից, շատ կարեւոր է, որպեսզի ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, անկախ տարաձայնություններից եւ հակասություններից, առնվազն երկու հարցում միասնական ճակատ ունենան եւ միասնական ու հետեւողական պայքար ծավալեն։

Հայաստանում պետք է դադարեցվեն ռեպրեսիաները։ Հայաստանում չպետք է լինեն քաղկալանավորներ։ Ի դեպ, առիթն օգտագործելով՝ բոլոր քաղկալանավորներին՝ իմ, մեր ամուր զորակցությունն ենք հայտնում։ Այս պահին հատկապես Նարեկ Սամսոնյանին, որը գտնվում է հացադուլի մեջ։ Որ մի երկրում կան քաղկալանավորներ, ընտրությունների մրցակցային բաղադրիչը վտանգված է։

Չեն կարող երկրում լինել քաղկալանավորներ եւ քաղկալանավորների առկայությամբ տեղի ունենան օրինական ընտրություններ։ Նման բան չկա աշխարհում։ Որովհետեւ իշխանությունը հենց այդ նպատակով էլ մարդկանց պատանդ վերցնում է, որպեսզի հասարակության մեջ վախ ներշնչի։ Այսինքն, բռնում են մեկին՝ վախեցնում հարյուրավորների կամ հազարավորների։ Դրա համար հասարակության հավատի վերականգնման մեր առաջին խնդիրը պետք է լինի՝ հասնել նրան, որ քաղկալանավորներ երկրում չլինեն։

Ռեպրեսիաների դադարեցման կարեւոր հարց է նաեւ հակաեկեղեցական հակասահմանադրական կամպանիայի կասեցումը։ Կրկնում եմ, այս երկու հարցում ընդդիմությունը պետք է խիստ միասնական եւ նպատակային լինի։ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ճակատին փակցրել է քաղկալանավոորներ ունենալու ամոթալի խարանը»,-ասաց քաղաքագետը։

Սուրեն Սուրենյանցը տվեց նաեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքական ուժի սաթելիտներին պարտության մատնելու բանաձեւը։ Նա ասաց. «Նիկոլ Փաշինյանի ամենամեծ դաշնակիցը ապատիկ հասարակությունն է։ Այս հակաեկեղեցական կամպանիայով նա փորձում է ստանալ ապատիկ հասարակություն, որովհետեւ գիտի, որ ապատիկ հասարակությունը պասիվ մասնակցություն է ունենալու ընտրական գործընթացին։ Եթե քիչ մարդ է մասնակցում ընտրություններին, էլեկտորալ ընդհանուր համակարգում բարձրացնում է վարչական ռեսուրսի տեսակարար կշիռը եւ դա ավտոմատ բերում է իշխանության վերարտադրությանը։

Ես հիմա մի մասնագիտական հաշվարկ ներկայացնեմ։ Եթե ընտրություններին 53-ից 55 տոկոս մասնակցություն լինի, որեւէ ընտրակեղծիք, որեւէ ռեպրեսիա, որեւէ Կայա Կալլաս Նիկոլ Փաշինյանին փրկել չեն կարող, նա անխուսափելի պարտվում է։

Ուզում եմ ասել, որ ոչինչ անհույս չի։ Եվ սա համարենք առաջադրանք մեզ ու ընդդմադիր բոլոր սուբյեկտներին, որպեսզի էֆեկտիվ աշխատենք հասարակության հետ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031