Oրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն իսկ Շանհայ վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների գիտելիքները Հայաստանի Հանրապետությունում գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության եւ այլ ոլորտներում օգտագործելու հնարավորության ընձեռմամբ:
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի հերթական նիստում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ այս կարգով ՀՀ քաղաքացիները տարկետում են ստացել 2018 թվականից սկսած. ներկայումս ունենք շուրջ 650 քաղաքացի, որոնք հնարավորություն են ստացել իրենց ուսումը շարունակելու մի շարք հեղինակավոր բուհերում: Նրանցից շուրջ 570-ը դեռեւս շարունակում է ուսումնառությունը:
Ընդգծվել է, որ նշված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձ ապահովելու եւ նրանց ներուժը գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության եւ այլ ոլորտներում օգտագործելու գործիքակազմերը կատարելագործելու անհրաժեշտություն կա:
Կարդացեք նաև
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կառավարության գործընկերների շրջանակում քննարկվել ու առաջարկվել է հետեւյալ մոտեցումը. այն քաղաքացիները, որոնք տարկետման հնարավորություն են ստացել եւ իրենց ուսումն իրականացրել են այս բուհերից որեւէ մեկում, ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի ՀՀ Կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատելու հնարավորություն կստանան եւ այդ աշխատանքն իրականացնելուց հետո կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ հեղինակավոր բուհերում ուսում ստացած քաղաքացիներին մեր երկրում աշխատանքային ոլորտում ներգրավելն արդյունավետ կլինի:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է նախագծի ընդունումը՝ նշելով, որ այն համակարգում կլուծի մի շարք հարցեր:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ՀՀ Ազգային ժողով


















































