Լրահոս
Օրվա լրահոսը

Երազանքները՝ միայն երազում չեն լինում, եթե հավատում ես ուժերիդ․ պրոբացիայի ծառայությունում հաշվառված սյունեցիների հին նոր տարին․ (ֆոտոշարք)

Հունվար 14,2026 22:03

Հին տոմարով՝ նոր տարին Գորիսի հանդիսության սրահներից մեկում նշեցին պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված անձինք ու նախկին դատապարտյալները։

Նախաձեռնությունը` «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ին էր, որը հիշեցնենք, զբաղվում է նախկին ու ներկա դատապարտյալներին, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց շահերի պաշտպանությամբ։

«Տարվա ընթացքում բազմաթիվ կրթա-մշակութային վերասոցիալականացման ծրագրեր ենք կազմակերպել, որոշեցինք որ այս անգամ ոճը մի քիչ փոխել ու տոնական սեղանների շուրջ, ուրախ մթնոլորտում տղաներն կիսեն իրենց մտքերը»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը։

Միջոցառմանը մասնակցող Սյունիքի մարզպետի օգնական Սերգեյ Մաշուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորելով բոլորին՝ համախմբվածություն ու միասնություն է մաղթեց։ Նա պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված անձանց առաջարկեց բարձրաձայնել սպասելիքները 2026թ-ից․ ի՞նչ կուզեին փոխել նրանք։

Սերգեյ Մաշուրյան

Երիտասարդները շատ ցանկություններ ունեն․ տնտեսությամբ ուժեղ երկիր, հզոր բանակ, կրթական ծրագրերում մասնակցություն, իսկ ամենակարեւորը՝ խաղաղություն։ Հավաքվածներից շատերն են մասնակցել 44-օրյա պատերազմին, մի քանիսը՝ վիրավորում են ստացել, մեկն էլ ռազմագերի է եղել՝ 54 օր մնալով Բաքվի բանտում։

Անդրեյ Գրիգորյան

Սերգեյ Մաշուրյանը, ինչպես նաեւ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը եւ պրոբացիայի մարզային մարմնի պետ Անդրեյ Գրիգորյանը ծրագրի մասնակիցների հետ կիսվեցին իրենց փորձով։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ծրագրի մասնակիցները նաև նվերներ ստացան, իսկ անցած տարի իրականացված տարբեր ծրագրերի ակտիվ մասնակիցները «Հանուն Ազատության» կողմից հավաստագրեր ու շնորհակալագրեր ստացան։

Տիգրան Վանդունց

Ի դեպ, կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը նշեց, որ 3 շահառու մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի բիզնես-ծրագրերի հայտադիմումների մրցույթին ու բոլորն էլ նախընտրական փուլն անցել են։ Նրանցից մեկը Սարո Մարկոսյանն է, որն ընդգրկվել է հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրում։ Սարոն նպատակ ունի իր բնակավայրում՝ Խոտում ունենալ իր սեփական անասնապահական ֆերման։

«Ասում են՝ եթե հավատում ես ու վստահում ուժերիդ, ապա երազանքներդ միայն երազում չեն լինում։ Հավատում եմ, որ ամիսներ հետո երազանքս կյանքի կկոչվի»,- իր մտորումներն է կիսում Սարո Մարկոսյանը։

Սարո Մարկոսյան

Ավելացնենք, որ տարեվերջին «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն տարեմուտի համերգ էր կազմակերպել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։ Երկու նախաձեռանություններին աջակցել էր Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Ծրագրի մասնակիցների լուսանկարները տպագրվում են նրանց համաձայնությամբ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031