Լրահոս
Օրվա լրահոսը

Հարստության եւ աղքատության չափանիշները

Հունվար 15,2026 10:00

Արդյոք պատգամավորների 700 հազար դրամը ցա՞ծր աշխատավարձ է, եւ արդյոք նրանք կարիք ունե՞ն 3 միլիոն դրամի պարգեւավճարի: Դրան միանշանակ պատասխան չկա: Նայած շքեղ կյանքի որ աստիճանին են նրանք հասել, ինչ ծախսեր են նրանք սովորաբար անում եւ ինչ նյութական ակնկալիքներ ունեն: Բուհի պրոֆեսորի համար 700 հազարը շոշափելի գումար է, իսկ մերձիշխանական օլիգարխի ապրելակերպ ունեցողի համար՝ պարզապես աղետ, չքավորություն: Բայց քանի որ պրոֆեսորն, ըստ երեւույթին, լավ չի կրթվել, չի իմացել հարստանալու «ոսկե կանոնը», ապա թող աղքատ էլ մնա՝ ինքն է մեղավոր:

Ըստ որոշ հրապարակումների՝ ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան պետական բյուջեից տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար։ Առայժմ այդ տեղեկությունը ոչ ոք չի հերքել: Դարձյալ միանշանակ պատասխան չկա՝ դա քի՞չ է, թե՞ շատ: Օրինակ, Բրիտանիայի թագավորական ընտանիքի վրա, ըստ ոչ պաշտոնական տվյալների, ծախսվում է մոտ 86 միլիոն ֆունտ: Մեր «թագավորական ընտանիքն», այդպիսով, զգալիորեն ավելի համեստ է, եւ, որքան հայտնի է, թաքուն «Բուքինգհեմյան պալատ» չունի: Ինչի՞ վրա է ծախսվում այս 65 միլիոնը՝ մանրամասները հայտնի չեն:

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ պետական բյուջեի խրախուսման ֆոնդից շուրջ 3 միլիարդ դրամ (ավելի քան 7,8 միլիոն դոլար) է դուրս գրվել որպես տարվա պարգեւատրում՝ 13-րդ աշխատավարձ: Եթե դա ճիշտ է, ապա վստահ եմ, որ այժմ, ընտրություններից առաջ, պետք է հատկապես «մոտիվացնել» կարմիր բերետավորներին՝ անհրաժեշտության դեպքում ցուցարարների գլուխները ջարդելու համար, ինչպես նաեւ ԱԱԾ որոշ ստորաբաժանումներին, որպեսզի ավելի ակտիվորեն իրականացնեն «եկեղեցու բարենորոգումը»:

Ինչպես տեսնում եք, այդ ծախսերը հույժ կարեւոր են եւ, որքան հասկանում եմ, հույժ գաղտնի: Իսկ թոշակը 10 հազար դրամով բարձրացնելն այնքան էլ կարեւոր չէ (տարեկան կտրվածքով դրա համար անհրաժեշտ է մոտ 60 միլիարդ դրամ, 157,7 միլիոն դոլար): Ինչո՞ւ կառավարությունը դա չի կարեւորում: Որովհետեւ թոշակառուները կրթված մարդիկ չեն՝ անմտորեն կծախսեն այդ 10 հազարը գազի կամ լույսի վրա ու էլի կմնան իրենց խնդիրներով:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031