Ադրբեջանի հետ փոխանակված 4 գերիների թվում է լիբանանահայ մեր հայրենակից Վիգեն Էուլջեքյանը: Այսօր նրա կինը՝ Լինդա Էուլջեքյանը Բեյրութից ժամանեց Հայաստան: Նա բավականին հուզվեց լրագրողներին տեսնելով, անգամ չէր կարողանում խոսել: Լինդան երեկ լրատվամիջոցներից էր տեղեկացել ամուսնու՝ գերությունից ազատվելու մասին:
Լինդա Էուլջեքյանին դիմավորելու էր եկել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Ես շատ ուրախ եմ, իմ ցանկությունը 5 տարի անց վերջապես ամուսնուս տեսնելն է… Երեխաներս չափազանց ուրախ են եւ չեն հավատում, որ սա իրականություն է»,- արցունքները զսպելով ասաց Վիգեն Էուլջեքյանի կինը:
Պատասխանելով լրագրողի՝ որդու ամուսնության մասին հարցին, Լինդան նշեց, որ այդ ամուսնությունը կկայանա, երբ Վիգենը Լիբանանում լինի:
Կարդացեք նաև
Լինդա Էուլջեքյանը օդանավակայանից անմիջապես գնաց զինվորական հոսպիտալ, որտեղ գտնվում են ադրբեջանական գերությունից վերադարձած մեր հայրենակիցները:

Բաքվի դատարանը Վիգեն Էուլչեքջյանին շինծու քրեական գործով մեղավոր էր ճանաչել «վարձկանության», «ահաբեկչության», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման» հոդվածներով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
















































