TRIPP-ը՝ «Հայաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ ռազմավարական գործընկերության խորացման դրսեւորում է»
Ռուբիո–Միրզոյան հանդիպում, TRIPP-ի վերաբերյալ հայ–ամերիկյան նոր փաստաթուղթ
Հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացավ ԱՄՆ պետքարտուղարի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը։ Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը հաստատեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան–ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Միրզոյանն ու Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման եւ պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։ Նրանք քննարկել են 2025 թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարեւորությունը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Կարդացեք նաև
TRIPP նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջեւ՝ որեւէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Լրագրողների առջեւ ելույթում Մարկո Ռուբիոն նաեւ նշել է, որ շարունակելու են «Թրամփի ճանապարհի» ուղղությամբ «կարեւոր քայլեր» ձեռնարկել։
TRIPP-ի՝ Հայաստան–ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ Միրզոյանն ու Ռուբիոն շեշտել են, որ հանդիպել են՝ հրապարակելու TRIPP-ի իրականացման շրջանակը, եւ այդ օրը հրապարակված փաստաթուղթը նոր քայլ է 2025 թ. օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության գործին նպաստելու համար։
Դրանում նշվում է. «Շրջանակն ուրվագծում է TRIPP-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ եւ ստեղծելով Տրանս-Կասպյան առեւտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ TRIPP-ը միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Արտացոլելով 2025 թ. օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական խաղաղության գագաթնաժողովում հաստատված սկզբունքները՝ TRIPP-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության կարեւորությունը TRIPP-ի ընդհանուր հաջողության համար։ TRIPP-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը եւ խթանել ամերիկյան առեւտուրը՝ ընդլայնելով տարածաշրջանային առեւտուրն ու փոխկապակցվածությունը, ինչպես նաեւ ստեղծելով Կենտրոնական Ասիան եւ Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ»։
Այնուհետեւ փաստաթղթում շեշտվում է, որ TRIPP-ի իրականացման շրջանակը չի առաջացնում եւ նպատակ չունի առաջացնելու իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։
«TRIPP-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով Տրանս-Կասպյան առեւտրային երթուղում՝ ակնկալվում է, որ այն միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար»։
Նշվում է նաեւ, որ TRIPP-ի միջոցով ԱՄՆ-ը ձգտում է՝ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի հիման վրա ապահովել առաջընթաց դեպի տեւական խաղաղություն, տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում խթանելու նպատակով բացել հաղորդակցությունը, առեւտուրը եւ փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում, ընդլայնել շուկայի հասանելիությունը եւ մատակարարման կենսական շղթաները Տրանս-Կասպյան տարածաշրջանում, աշխարհին ներկայացնել բարգավաճման միջոցով կառուցվող խաղաղության օրինակ։
Իսկ Հայաստանը ձգտում է՝ ընդլայնել Հայաստանի դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց, ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի ենթակառուցվածքներում, ստեղծել ժամանակակից սահմանային կառավարման եւ առեւտրի դյուրացման ինստիտուցիոնալ կարողություններ, ձեւավորել կայուն եկամտային հոսքեր եւ գնման իրավունքներ Հայաստանի համար, ամրապնդել ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ, նպաստել տարածաշրջանային ինտեգրմանն ու կարգավորմանը, ընդլայնել Հայաստանի արտահանման ներուժը դեպի նոր շուկաներ։
TRIPP-ի միջոցով ԱՄՆ-ի ակնկալվող օգուտներն են. նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի եւ ապրանքների համար, տարածաշրջանում առեւտրի համար փոխկապակցվածության ապահովում, որը հումք, կարեւորագույն հանքանյութեր եւ հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ, ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ասիայի միջեւ հավելյալ առեւտրային ուղիների տարբերակներ՝ ապահովելով, որ մարդիկ եւ ապրանքները կարողանան տեղաշարժվել՝ անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։
TRIPP-ի մասով Հայաստանի հանձնառությունները ներառում են հետեւյալ քայլերը. դրսեւորել լիակատար համագործակցություն եւ աջակցություն TRIPP զարգացման ընկերությանը, ապահովել արդյունավետ համակարգում Հայաստանի կառավարական մարմինների միջեւ, դյուրացնել թույլտվությունների, հաստատումների եւ կարգավորիչ գործընթացների ժամանակին իրականացումը, պահպանել բաց հաղորդակցություն ԱՄՆ գործընկերների հետ, աշխատել տարածաշրջանային կարգավորման ուղղությամբ՝ TRIPP-ի ամբողջական ներուժն իրացնելու նպատակով, մշակել տարբերակված ընթացակարգեր մարդկանց, մեքենաների եւ ապրանքների համար, ներառյալ Ադրբեջանի եւ նրա Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկու ուղղություններով՝ Հայաստանի օրենքների, կարգավորումների եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։
Հայաստանն ու ԱՄՆ-ը ընդունում են, որ TRIPP-ի հաջողությունը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, Հայաստան–Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից, ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունից, տարածաշրջանային համագործակցությունից ու կայունությունից, ինչպես նաեւ Հայաստանի ինստիտուտների կարողությունների արդյունավետ զարգացումից։
Փաստաթղթում շեշտվում է, որ TRIPP-ը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության խորացման դրսեւորում է, իսկ Հայաստանը նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական աճի եւ տարածաշրջանային ինտեգրման համար երկարատեւ համագործակցության հիմք։
Փաստաթղթում արձանագրված է. «TRIPP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում՝ ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը իր ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ։ TRIPP զարգացման ընկերությունը՝ ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել TRIPP ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը։ Հայաստանը մտադիր է թույլատրել եւ աջակցել TRIPP զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս մասնաբաժինը եւ պահպանել 26 տոկոս մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ՝ նրա մասնաբաժինը դարձնելով 49 տոկոս։ Ակնկալվում է նաեւ, որ TRIPP զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը եւ վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինեն Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցման»։
Նաեւ շեշտվել է, որ Հայաստանը եւ ԱՄՆ նախատեսում են միասին աշխատել TRIPP զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքը ձեւավորելու ուղղությամբ։
Ակնկալվում է, որ TRIPP զարգացման ընկերությունն անմիջականորեն կիրականացնի TRIPP երկաթգծային ու ճանապարհային նախագծերը եւ կունենա դուստր ձեռնարկություններ կամ հատուկ նշանակության կազմակերպություններ TRIPP-ի այլ բաղադրիչների համար։
Երկրներից յուրաքանչյուրը մտադիր է նշանակել բարձրաստիճան պետական պաշտոնյայի՝ որպես TRIPP-ի իրականացման հիմնական համակարգող, որը պատասխանատու կլինի միջգերատեսչական համակարգման համար եւ կծառայի որպես TRIPP զարգացման ընկերության հետ կապի հիմնական անձ։
Փաստաթղթում նաեւ ամրագրվել է, որ Հայաստանը մտադիր է TRIPP զարգացման ընկերությանը տրամադրել հետեւյալ բացառիկ իրավունքները.
պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել եւ պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում, ստեղծել հատուկ նշանակության կազմակերպություններ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի համար,
պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների եւ ծառայություն մատուցողների հետ, ստեղծել եւ գանձել եկամուտներ ենթակառուցվածքային գործողություններից, կառավարել TRIPP երթուղին՝ որպես ինտեգրված համակարգի մաս։
Նաեւ նշվել է, որ «կառուցապատման իրավունքները» կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետեւյալով. «երկաթուղային ենթակառուցվածքներ՝ երկաթուղիներ, տերմինալներ, կայարաններ, շարժակազմի կառույցներ, ճանապարհային ենթակառուցվածքներ՝ մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էներգետիկ ենթակառուցվածքներ՝ էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ, թվային ենթակառուցվածքներ՝ օպտիկամանրաթելային ցանցեր, աջակցող ենթակառուցվածքներ՝ վարչական կառույցներ, կոմունալ ծառայություններ, ապահովության եւ անվտանգության համակարգեր՝ համաձայն ՀՀ օրենսդրության։ TRIPP զարգացման ընկերությունը կարող է հավաքել եւ պահպանել եկամուտներ տարբեր աղբյուրներից, որոնք կներառեն, բայց չեն սահմանափակվի հետեւյալով. ենթակառուցվածքների հասանելիության վճարներ, տարանցիկ երթուղու շրջանակներում առեւտրային գործունեություն, գույքի վարձակալություն եւ զարգացում,
ծառայության վճարներ, հատուկ նշանակության կազմակերպություններից ստացված եկամտի բաժիններ»։
Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանը հստակորեն պահպանում է. «օրենսդիր, կարգավորիչ եւ դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում TRIPP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ եւ տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին եւ միջազգային համաձայնագրերին,
ազգային անվտանգության եւ իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը, TRIPP-ով առեւտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը, հարկերի, մաքսային տուրքերի եւ առեւտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը»։
Ինչ վերաբերում է սահմանային անվտանգությանն ու մաքսային հսկողության սկզբունքներին, ապա շեշտվել է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային եւ մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննարկելի։ «Ակնկալվում է, որ սահմանային եւ մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» (ընդունարան – գրասենյակ) գործառնական մոդելը։ Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել եւ ներդնել սահմանների համալիր կառավարման ժամանակակից գործելակերպեր, ինչին ԱՄՆ-ն կարող է աջակցել տեխնիկական օժանդակությամբ՝ ներառյալ. ռիսկերի վրա հիմնված ստուգման եւ մաքսային ձեւակերպման ընթացակարգեր, զննման ժամանակակից տեխնոլոգիաներ,
թվային մաքսային եւ սահմանային համակարգեր, համակարգված միջգերատեսչական գործընթացներ, Հայաստանի ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացում»։
Որպես փորձնական նախագծեր մատնանշվում է, որ Հայաստանը մտադիր է իրականացնել փորձնական նախագծեր օպտիմալացնելու՝ մաքսային նախնական ձեւակերպման ընթացակարգեր, թվայնացված փաստաթղթաշրջանառություն եւ մշակում, «մեկ կանգառ» սահմանային կետի հայեցակարգեր,
տեխնոլոգիայի կիրառմամբ ռիսկերի գնահատում, հարեւան երկրների հետ համակարգված սահմանային կառավարում։
«Ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» գործառնական մոդելով ակնկալվում է, որ ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության պահպանմամբ TRIPP-ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կկիրառվի «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» մոդելը՝ օգտագործելով թվային գործիքներ անխոչընդոտ կապը դյուրացնելու համար։ «Նախատեսվում է, որ TRIPP զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ներքոնշյալ ծառայությունները՝
փաստաթղթերի նախնական հավաքագրում ստուգման համար, տեղեկատվության եւ ուղեցույցի տրամադրում օգտվողների համար, առեւտրի եւ տարանցման վճարների հավաքագրում եւ վճարումների մշակում:
Ընդգծվում է. «ՀՀ մաքսային եւ սահմանային պաշտոնյաներն իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները՝ համաձայն ՀՀ ներքին օրենսդրության եւ միջազգային համաձայնագրերի. մաքսային վերջնական որոշումներ եւ ձեւակերպումներ, անվտանգության ստուգում եւ իրականացում, միգրացիոն վերահսկողություն, իրավապահ գործողություններ, թույլտվություններ եւ հաստատումներ, զննում եւ ստուգում»։
Ապա շեշտվում է. «Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի սահմանային եւ մաքսային բոլոր հաստատություններում, ինքնիշխան գործառույթների որեւէ արտապատվիրակում չի իրականացվում։ Հայաստանը կշարունակի զարգացնել եւ ներդնել.
ռիսկի վրա հիմնված ընտրողականություն՝ բեռների ժամանակակից ստուգում՝ կենտրոնացված ֆիզիկական զննումներով, տարանցիկ ռեժիմ՝ համապատասխան կնքմամբ եւ հետագծելիությամբ արդյունավետ ընթացակարգեր տարանցիկ ապրանքների համար, նախնական ժամանման մշակում՝ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացում եւ մշակում,
«մեկ պատուհանի» համակարգեր՝ առեւտրային փաստաթղթերի ինտեգրված հարթակներ, ներդաշնակեցված ընթացակարգեր՝ համապատասխանեցում միջազգային մաքսային չափանիշներին»։
Փաստաթղթում նաեւ ամրագրվում է, որ Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունը ՀՀ ինքնիշխան տարածքում. «Ենթակառուցվածքային անվտանգության նախագծերը պետք է հաստատվեն Հայաստանի անվտանգության մարմինների կողմից։ Հայաստանի իշխանությունները գերակայություն ունեն բոլոր արտակարգ իրավիճակներում։ Մասնավոր գործառնական անվտանգության աշխատակիցները կարող են ընդունվել աշխատանքի՝ Հայաստանի կողմից լիցենզավորման դեպքում։ Սահմանային եւ մաքսային կառավարման համար կտեղադրվեն ժամանակակից տեղեկատվական համակարգեր։ Բոլոր կառավարական տվյալների համակարգերը կմնան Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո։
Տվյալների փոխանակումն օտարերկրյա մարմինների հետ պահանջում է համապատասխան իրավական շրջանակներ։ Կիբերանվտանգության չափանիշները կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին։
Անձնական տվյալների մշակումը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը»։
Փաստաթղթում նաեւ նշված է, որ ԱՄՆ-ը մտադիր է համապատասխան միջոցների առկայության դեպքում նպաստել Հայաստանի սահմանապահ եւ մաքսային անձնակազմի համապարփակ վերապատրաստմանը եւ կարողությունների զարգացմանը, ներառյալ՝ ժամանակակից մաքսային տեխնիկա եւ ընթացակարգեր, տեխնոլոգիական համակարգերի շահագործում, ռիսկերի գնահատում եւ տեղեկությունների վերլուծություն, մասնագիտական բարեվարքություն եւ էթիկա, միջազգային փոխանակման ծրագրեր։
«Մեծ ապաշրջափակումը, որը շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, չի կարող եւ նպատակ չունի դուրս թողնել որեւէ հարեւանի, այդ թվում՝ ՌԴ–ին». Միրզոյան
Հունվարի 14-ին նախարար ԱԳ Միրզոյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, անդրադարձավ Համատեղ հայտարարության մեջ արձանագրված վերոնշյալ կետերին: Նա պարզաբանեց, թե ինչու TRIPP-ի զարգացման ընկերությունում Հայաստանի բաժնեմասը սկզբնական փուլում կազմում է 26 տոկոս։ Նրա խոսքով՝ բաժնեմասերի բաշխումը պայմանավորված է ներդրումների ծավալով, ԱՄՆ-ը նախատեսում է իրականացնել զգալի ֆինանսական եւ քաղաքական ներդրումներ, մինչդեռ Հայաստանը հիմնականում տրամադրում է կառուցապատման իրավունքը։ Ըստ Միրզոյանի, խոսքը առաջիկա 49 տարվա մասին է, եւ ժամանակի ընթացքում, ներդրումների վերադարձին զուգահեռ, բաժնեմասերի հարաբերակցությունը կփոխվի՝ գրեթե հավասարվելով։
Նա նաեւ նշեց, որ թեեւ ընկերությունում ամերիկյան կողմը կունենա վերահսկիչ բաժնեմաս, կլինեն սկզբունքային հարցեր, որոնց դեպքում առանց Հայաստանի համաձայնության որեւէ որոշում չի կարող կայացվել՝ անկախ բաժնեմասերի չափից։
Անդրադառնալով «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» մոդելին՝ Միրզոյանը պարզաբանեց, որ այն լայնորեն կիրառվոող մոդել է եւ ենթադրում է «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցում, երբ սահմանը հատող անձը չի առնչվում գործընթացի ամբողջ ծավալին, իսկ տվյալների մշակումը կատարվում է ետնաբեմում։ Նա նաեւ ընդգծեց, որ ստորագրված փաստաթղթում չկա որեւէ համաձայնեցված, բայց չհրապարակված դրույթ. «Համաձայնեցված է միայն այն, ինչ հանձնված է թղթին եւ հրապարակված է»։
Պատասխանելով հարցին՝ քննարկվո՞ւմ է արդյոք Ռուսաստանի մասնակցությունը TRIPP-ի նախագծին, Միրզոյանը նշեց, որ նման քննարկում չկա, սակայն միեւնույն ժամանակ ընդգծեց, որ մեծ ապաշրջափակումը, որը շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, չի կարող եւ նպատակ չունի դուրս թողնել որեւէ հարեւանի, այդ թվում՝ Ռուսաստանին։
Միրզոյանի խոսքով՝ այս գործընթացը պետք է դիտարկել ավելի լայն տարածաշրջանային շրջանակում։ Այդ համատեքստում Միրզոյանը հայտնեց, որ Թուրքիայի հետ այս ուղղությամբ քննարկումներ կան, եւ դրանք բավականին կոնստրուկտիվ են եւ կանխատեսեց, որ մոտ ապագայում շոշափելի առաջընթացի քայլեր կունենանք։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների ընթացքում բարձրացված թեմաներին՝ Միրզոյանը հայտնեց, որ հանդիպման ընթացքում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը չի քննարկվել։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահի այն հայտարարության մասին, ըստ որի՝ Իրանի հետ առեւտուր իրականացնող երկրների նկատմամբ կարող են սահմանվել 25 տոկոս մաքսատուրքեր։ «Ոչ մի բառ անգամ չի ասվել», վստահեցրեց Միրզոյանը։
Նա նաեւ հայտնեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։ Միրզոյանի խոսքով՝ թեման բարձրացվել է թե՛ երկկողմ ձեւաչափում, թե՛ TRIPP-ից բխող համագործակցության շրջանակում, քննարկվել են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են խաղաղության ձեւավորմանը, եւ «Ադրբեջանում պահվող անձանց հարցը դրանցից մեկն է»։ Նա հավելել է, որ խոսվել է նաեւ ԱՄՆ միջնորդությամբ հնարավոր քայլերի մասին։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.01.2026


















































