Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել, թե արժեր արդյոք գնալ նման գործարքի, չորս պատանդառված հայերի դիմաց հանձնել վարձկան հանցագործների եւ այլն, ոչ միայն բարոյական չէ, այլ նաեւ քաղաքագիտական տգիտություն է. Գայանե Աբրահամյան

Հունվար 15,2026 12:10

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկվանից ուզում եմ գրել գերիների հարցի էս ցավալի շահարկումների մասին ու չեմ հասցնում, բայց նաեւ պետք էր զայրույթս զսպել ու մանրամասն անդրադառնալ։

Վաղուց արդեն պարզ է, որ գերիների վերադարձման խնդիրը չի լուծվում Միջազգային հումանիտար իրավունքի իրացմամբ, Ժնեւի կոնվենցիայով եւ այլն, այլ զուտ գործարք է, ցավալի փաստ է, ընդորում՝ վերջին 20-ամյակում գրեթե բոլոր կոնֆլիկտների դեպքում է այսպես։

Եւ այդ գործարքը, հատկապես, պարտվող կողմի համար հաճախ անհամարժեք, ասիմետրիկ գին է արժենում, չնայած նույն Իսրայելը եւս հիմնականում գնացել է ասիմետրիկ փոխանակման գործարքների իր զինվորներին կամ հայրենակիցների դիակները վերադարձնելու համար։

Դեռեւս 1985 թվականին Իսրայելի Ջիբրիլյան գործարքն էր, որ ասիմետրիկության պատճառով դարձավ բավական երկար քննարկման ու քննադատության առարկա, եւ կոնֆլիկտաբանության մեջ կարեւոր օրինակ, երբ իսրայելական 3 զինվորների դիմաց ազատ արձակվեց 1150 պաղեստինցի զինյալ։

Կամ վերջին տարիների դեպքերից է ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատելու Գիլադ Շալիթի գործարքը, 2011 թ., որի ընթացքում զինվոր Շալիթի դիմաց Իսրայելը հանձնեց 1,027 պաղեստինցի։
Ընդորում կարեւոր փաստ էր, որ այս գործարքով ազատ արձակվածների թվում էր նաև Յահյա Սինվարը՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Գազայում (սպանվել է 2024թ.), որը 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակման գլխավոր կազմակերպիչներից էր։

Այսինքն, քննարկել թե՝ արժեր արդյո՞ք գնալ նման գործարքի, չորս պատանդառված հայերի դիմաց հանձնել վարձկան հանցագործների եւ այլն, ոչ միայն բարոյական չէ, ոչ միայն անմարդկային է, հատկապես, որ այս քննարկումները կարդում են նաեւ հենց նույն գերիներն ու իրենց հարազատները, այլ նաեւ քաղաքագիտական տգիտություն է։

Տգիտություն է նաեւ այս գործարքը կապել ընտրությունների հետ, թերեւս մի պարզ պատճառով, որ դեռ շուտ է ու ազդեցությունը մինչեւ հունիս մոռացվելու է, սա ամենատրիվիալն եմ ասում, չեմ խոսում դեռ սրա բարոյական կողմի մասին։

Իսկ մեղադրանքները, թե՝ կարող էիք գոնե ավելի շատ գերիների ազատել այս երկու վարձկանների դիմաց, իհարկե ու կարծում եք ձեզնից բացի դա մյուսները չէին հասկանո՞ւմ կամ ցանկանո՞ւմ, երեւի խնդիրն էլ այսքան տարի այս գործարքի չկայացման, թերեւս, հենց դա էլ եղել է, բանակցվել է ավելի շատի դիմաց, բայց այս պահին հնարավոր է դարձել գոնե չորսի կյանքը փրկել, չանեի՞ն։

Գործարքի կայացման համար նպաստավոր պայմանները շատ տարբեր կարող են լինել՝ Թուրքիայի Սիրիայում շահերից մինչեւ Վաշինգտոն- Բաքու ռազմավարական գործընկերության համաձայնագրի հարցեր եւ այլն, հիմա էր այս գործարքի կայացման համար պայման ստեղծվել, եւ այո՛, միշտ չէ, որ նման գործարքները սիմետրիկ են լինում, անգամ եթե Իսրայելի նման ուժեղի դիրքում ես։

Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ձեր ամեն գրառումն ու «վերլուծությունը» ինչ ցավ է պատճառում դժոխքի միջոց անցած մեր հայրենակիցներին, հարամ մի՛ արեք էդ մարդկանց ուրախությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031