Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե Ամանորին որքա՞ն պարգեւավճար է տվել ինքն իրեն, եւ ինչո՞ւ են պաշտոնյաները միլիոնների պարգեւավճար ստացել։
Փաշինյանը հիմնավորումներ ներկայացրեց, թե ինչո՞ւ են պաշտոնյաներին բարձր պարգեւավճարներ հատկացվել նախորդ տարեվերջին։ Նա նշեց, որ պետք է պետական համակարգում աշխատանքի մրցունակությունը շարունակաբար բարձրացնել, որովհետեւ պետական համակարգից որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր հատված։
«Հաջորդ գործոնը, որ պակաս կարեւոր չեմ համարում, հետեւյալն է՝ Հայաստանի ներդրումային միջավայրը շատ էականորեն փոխվելու է, եւ ՀՀ հոսելու են մեծ ներդրումներ։ Եվ մեծ մրցակցություն է առաջանալու ՀՀ-ում իրականացնելու ներդրումային ծրագրեր։ Եվ այս առումով մեր գնահատականն այն է, որ կոռուպցիոն ռիսկերն էականորեն կարող են մեծանալ, եւ մենք այդ թվում՝ պետական պաշտոնյաներին եւ պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ այս ամենի արդյունքում պետական համակարգի աշխատանքը պիտի դառնա եւ դառնում է ավելի արդյունավետ։ «Այո, ես կարծում եմ՝ այդ որոշումն անհրաժեշտ էր կայացնել, այդ թվում՝ պետությունն ու պետական ինստիտուտներն ուժեղացնելու մեր ռազմավարության շրջանակներում։ Ինչ վերաբերում է ինձ, նախկինում ես այդ համակարգից երբեք չեմ օգտվել, բայց սա այն դեպքն է, երբ մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք ներդրել։ Եթե նախկինում այդ ամենը եղել է վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդնում ենք մի համակարգ, որն առաջին պիլոտային շրջանն անցնելուց հետո պետք է օրենսդրական ամրագրում ստանա»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Մամուլում հրապարակում կա, որ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել: Անդրադառնալով թվերին՝ Փաշինյանն ասաց․ «Ես ինքս ինձ չեմ պարգեւատրել, պետական որոշման շրջանակներում ամսական 1,5 մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել»։
Ամբողջական տեսանյութ՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































