Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն»․ Փաշինյանը՝ սիրիացի վարձկանների եւ հայ գերիների վերադարձի մասին

Հունվար 15,2026 14:39

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ Բաքվից Հայաստան վերադարձած 4 գերիների դիմաց Թուրքիայի միջոցով Սիրիա են վերադարձվել Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացի վարձկան ահաբեկիչները, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվել են հայերի դեմ։

Հարցին, թե այս գործարքի արդյունքո՞ւմ է տեղի ունեցել հայ գերիների վերադարձը, եթե այդպես է, արդյոք սա անհամաչափ գործարք չէ, Փաշինյանը պատասխանեց․ «Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն, մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Այդ թվում՝ մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտն ավելի նպաստավոր կդարձնի»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանը խուսափեց հստակ պատասխանել հարցերին, թե վարձկանների վերադարձի բանակցություններում Թուրքիան ու Ադրբեջանը ներգրավվա՞ծ չէին։ Եթե Հայաստանում վարձկանները պաշտոնապես մեղադրվում էին Ադրբեջանի կողմից հայերի դեմ կռվելու համար, ինչո՞ւ նրանք չվերադարձվեցին Ադրբեջան, պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ընդունո՞ւմ, որ վարձկաններով է Արցախի դեմ պատերազմ վարել։ Ի պատասխան Փաշինյանը միայն ասաց․ «Մենք վերադարձի վերաբերյալ խոսել ենք Սիրիայի իշխանությունների հետ։ Եվ գիտեք, որ Թուրքիայի միջոցով են վերադարձվել, որովհետեւ տարբեր, այդ թվում՝ լոգիստիկ խնդիրներ կան»։

Ամբողջական տեսանյութ՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031