Այսօր «Առավոտ»-ը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ են ինքն ու իր թիմակիցները պարբերաբար կրկնում, թե իբր ՀՀ ենթակայության տակ կան «ադրբեջանական տարածքներ», բայց ոչ մի հայտարարություն չեն արել այն մասին, որ ադրբեջանցիները, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով ներխուժելով ՀՀ տարածք՝ Շիկահողի պետական արգելոցի ծառերն են հատում։
«Ես երբեք ծառերի հատման մասին տեղեկատվություն չեմ ստացել, եւ եթե նման տեղեկատվություն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար, մենք դրան չենք կարող որեւէ ձեւով չարձագանքել»,- ասաց Փաշինյանը։
Մեր հարցին, թե մամուլի հրապարակումներին չի հետեւե՞լ, Փաշինյանը պատասխանեց․ «Ներողություն եմ խնդրում, բայց ես մամուլի ոչ բոլոր հրապարակումներն եմ կարդում»։
Ըստ նրա՝ եթե լինեն մամուլի հրապարակումներ կամ տեղեկություններ, որոնք պատշաճ կլինի, որ վարչապետին զեկուցվեն, այդ մասին կզեկուցվի։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Այն, որ ադրբեջանցիները Շիկահողի պետական արգելոցն օկուպացնելով՝ այնտեղ ծառահատումներ են իրականացնում, «Առավոտ»-ին նախ հայտնել էր Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը՝ ասելով․ «Մեծ քանակությամբ հատումներ են իրականացվում Շիկահող պետական արգելոցում։ Իրենք ինժեներական կառույցներ ու ճանապարհներ են կառուցում, ամրանում են, խրամատներ են փորում։ Այսինքն՝ մեծ վնասներ են հասցնում նաեւ էկոհամակարգին»։
Այս մասին փաստեր էր ներկայացրել նաեւ նախկին օմբուդսմեն, «Միասնության թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը։ Մասնավորապես, Թաթոյանը փաստեր է շարադրել «Շիկահող» պետական արգելոցում ադրբեջանցիների կողմից հազարավոր ծառահատումների ու տասնյակ կիլոմետրերով կառուցվող ռազմական ճանապարհների, տեղադրված բազմաթիվ ականների, խմելու ջրից բնակիչներին զրկելու, զինված դիրքերը քաղաքացիական տների անմիջական հարեւանությամբ տեղակայելու եւ այլնի վերաբերյալ:
Իսկ վերջերս նաեւ ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն էր «Առավոտ»-ին տեղեկացրել, որ իրենց գյուղում գյուղացիներն ամեն օր լսում են, թե ինչպես են ադրբեջանցիները հատում Շիկահողի անտառները։ Նրա խոսքով՝ ինչպես 2022 թվականից ադրբեջանցիները ներխուժել են արգելոցի տարածք, մինչ օրս շարունակում են այնտեղ մնալ։ «Աշխատում են, էլի, ձեն է գալիս, «դրուժբա» են աշխատեցնում, դիրքեր կան, փետ են տանում վառում, ինչ իմանանք՝ ինչ են անում, ով է մոտիկանում դրանց, որ տեսնենք»,- ասել էր Խաչատուր Բաղդասարյանը։
Ամբողջական տեսանյութ՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































