Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Օլգա Գաբայանի ծննդյան ու մանկավարժական գործունեության հոբելյանների առիթով ազգային օպերային թատրոնի Հատուկ հանդիսությունների սրահում կայացավ երեկո։
Հիանալի կատարումներով ելույթ ունեցան Օֆելյա Համբարձումյանը, Արփի Սինանյանը, Անահիտ Մարտիրոսյանը՝ կոնցերտմայստեր Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ, որը հանդիսանում է թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրերի ղեկավարը։
Մի հատկանշական փաստ նկատեցինք․ երիտասարդ երգչուհիները պրոֆեսորի ուսանողներն են։ Օֆելյա Համբարձումյանը այսօր արդեն ճանաչված և սպասված սոպրանո է։ Նա հիշյալ ծրագրի առաջին մեներգիչներից է։ Այս պահին դեռևս այդ ծրագրում է Արփի Սինանյանը, իսկ Անահիտ Մարտիրոսյանը դեռևս ուսանում է կոնսերվատորիայում։
Կարդացեք նաև
«Ստեղծագործական լիարյուն կյանքով է ապրել հայ օպերային բեմի նշանավոր երգչուհի Օլգա Գաբայանը, ով արժանիորեն նվաճել է մեցցո-սոպրանոյի դերերգերի առաջատար կատարողի իրավունք։ Թատրոնում ամեն ներկայացում քննություն էր, պատասխանատու ուսանողական քննություններից», — խոստովանել է արտիստուհին։
Հարուստ էր Օլգա Գաբայանի դերացանկը՝ հայկական, ռուսական և արևմտաեվրոպական հերոսուհիներ։ Կերպարների աշխարհը միայն օպերայի սյուժեները չէին․ նրանք խոսում էին ժամանակի պոեզիայի ու գրականության հետ, իջնում էին մեծ նկարիչների կտավներից։ Նա հիանալի էր Կարմենի կերպարի մեկնաբանության մեջ, այն երկար տարիների աշխատանք է եղել։ Որպես պատգամ են հնչում երգչուհու խոսքերը, որ այս դերերգը երգելիս անշուշտ պետք է իմանալ լիբրետոյի հեղինակին՝ Պ․ Մերիմեին, բայց լավ է նաև ճանաչել իսպանական գնչուներին, նրանց բնավորությունը, հոգեբանությունը, թերթել Գոյայի ռեպրոդուկցիաներով ալբոմը, կարդալ Գարսիա Լորկայի գնչուական ցիկլը։
Արտիստական նույն սկզբունքով էին ստեղծված երգչուհու մյուս բոլոր կերպարները, այդ թվում՝ Աննա (Ալ. Հարությունյան, «Սայաթ Նովա»), Թամար (Ա. Տիգրանյան, «Դավիթ Բեկ»), Ալմաստ (Ալ. Սպենդիարյան), — գրում է մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանն իր «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» գիրք-ալբոմում։
Արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Օլյա Նուրիջանյանից Aravot.am-ը խնդրեց հրապարակել անվանի երգչուհու մանկավարժական գործունեությանը վերաբերող, լայն ընթերցողին գուցե անհայտ տեղեկություններ։ «Ապագա երգչուհու մայր դարբնոցը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան է։ Օլգա Գաբայանը 1961 թ. ընդունվում է մեներգեցողություն մասնագիտացմամբ։ Նրա կյանքի գլխավոր ու գտնված ուսուցիչը եղել է Արմենուհի Քարամյանը։ «Պրոֆեսիոնալ երգչուհի դառնալու իմ մուտքը ուշ է եղել․ ամեն ինչ պարզ էր․ սովորում էի, երգում էի բոլորի հետ, ունեի սիրելի երգեր», — հիշում է մեր հոբելյարը։
10 տարեկանում առաջին անգամ լսեց օպերա՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը», տարվեց օպերայով, երաժշտությամբ, ձգտում էր լինել թատրոնում, հետևել ռադիոհաղորդումների ծրագրերին, անգիր էր սովորում առանձին դրվագներ, բայց այնքան չէր հավատում իր ուժերին, որ մասնագիտացումը սկսեց նախապատրաստական բաժնում։ Ընդամենը մեկ տարի հետո արդեն առաջին կուրսում էր ու անվանական թոշակառու։ Ուսման ընթացքում նա բարձրացել էր դափնեկրի արժանի մրցութային ու բեմական բարձունքներ։ Կոնսերվատորիայում սովորելու երրորդ տարում արդեն հնարավորություն է ունեցել մասնակցելու օպերային ներկայացման՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգինում» Օլգայի դերերգով։ 1966 թ. Օլգա Գաբայանը գերազանցությամբ ավարտում է կոնսերվատորիան, և նույն տարում Երևանի օպերային թատրոնում կայանում է նրա դեբյուտը Լյուբաշայի դերերգով՝ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» ներկայացման մեջ։ Ասեմ, որ 30 տարվա բեմական գործունեության ընթացքում երգչուհին մարմնավորել է 30-ից ավելի կերպարներ»։
Մեր զրուցակիցը հավելեց նաև․ «1991 թ. Օլգա Գաբայանի կյանքում սկսված և մինչ օրս շարունակվում է նրա մանկավարժական գործունեությունը, ինչն անօրինակ ոգևորությամբ են ողջունել։ Դա արձանագրված է նրա դիմումի վրա, որտեղ ամբիոնի վարիչը՝ մեծանուն Գոհար Գասպարյանը, իր համաձայնությունը նշել է «մեծ ուրախությամբ» արտահայտությամբ»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Օպերայի հատուկ հանդիսությունների սրահում կայացած երեկոյից։





















































