Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր առաջ արդարանալու ինչ-որ բան չունեմ»․ Զարեհ Սինանյանն իրանահայերի շրջանում ձերբակալվածների ու զոհերի մասին հստակ թվեր չունի

Հունվար 15,2026 17:30

«Իրանի հայկական համայնքի հետ կապի մեջ ենք զուտ եկող մարդկանց շնորհիվ, անմիջական կապ չունենք։ Նույնիսկ դեսպանատան հետ երեկվա դրությամբ դեռ կապ չունեինք»,-կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Հարցին, թե Իրանի հայերին Հայաստան տեղափոխելու հարցով ինչ-որ աշխատանք տանո՞ւմ են, Զարեհ Սինանյանը պատասխանեց․ «Այս վակուումի մեջ այդ հարցն անհնար է քննարկել, տեղում պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում»։

Ըստ նրա՝ հայերի մեծ հոսք չկա Իրանից, եկողներ կան, բայց ոչ հայեր։

Անդրադառնալով հարցին, թե քանի՞ զոհ կա հայերի շրջանում, Զարեհ Սինանյանը պատասխանեց․ «Մեկ զոհը հաստատված է, կարծեմ երրորդն էլ է հաստատված»։ Բայց չհերքեց, որ չհաստատված տվյալներով զոհերի թիվն ավելի մեծ է։

Զարեհ Սինանյանը չկարողացավ պատասխանել հարցին՝ հայերի շրջանում ձերբակալություններ կա՞ն Իրանում։ «Ոչ մի տեղեկություն չկա, գիտենք, որ զոհեր կան»,- ասաց նա։

Սինանյանը վրդովվեց «Առավոտ»-ի հարցից, որ ստացվում է՝ հայկական կողմը չի կարողանում ապահովել Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնող իրանահայերի անվտանգ տեղափոխումը, անգամ ձերբակալությունների ու զոհերի մասին հստակ տեղեկություն չունեն։ «Ես ձեր հարցերին նորմալ պատասխանում եմ, թե Իրանում ինչ է տեղի ունենում, ձեր առաջ արդարանալու ինչ-որ բան չունեմ, հետեւաբար՝ չեմ պատասխանում ձեր հարցերին»,- ասաց նա։

Զարեհ Սինանյանին նաեւ հարց ուղղվեց, թե որքա՞ն պարգեւավճար է ստացել նախորդ տարեվերջին։ «Նույնը, ինչ բոլորը»,- պատասխանեց նա։ Սինանյանն ասաց, որ դա կառավարության որոշմամբ է եղել, իրենց աշխատանքն այդքան է գնահատվել։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031