Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են մեզ խոսքի իրավունքից զրկեն, մենք ահաբեկիչներ չենք, ազատարարներ ենք»․ Վահագն Չախալյանը՝ հանրային մեղադրողների միջնորդության մասին

Հունվար 15,2026 17:42

«Մեր ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակում են, ազատ խոսքի իրավունքից գրեթե զրկել են, միակ տեղը, որտեղ կարողանում եմ իմ ասելիքը քիչ թե շատ հայտնել, դատարանի այս դահլիճն է։ Հիմա պահանջում են, որ այստեղ էլ մեզ խոսքի իրավունքից զրկեն․ օրենքի մեջ նման բան չկա»,- «Բագրատ սրբազանի և մյուս 17 արդարների գործով» դատական նիստի ընթացքում անդրադառնալով հանրային մեղադրողների միջնորդությանը՝ ուղղված նախագահող դատավորին, որ սահմանափակի ելույթի իրավունքը, եթե այն չի վերաբերում վարույթին, այսպես արձագանքեց «Կամք» նախաձեռնության ղեկավար, գործով մեղադրյալ Վահագն Չախալյանը։

Նա, խոսելով գործի մասին, ասաց․ «Բոլորի համար ակնհայտ է, որ մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատարարներ ենք՝ նվիրված ՀՀ ազատագրման գաղափարին։ Ուշ, թե շուտ Աստծո ողորմածությամբ լուծելու ենք մեր առաջ դրված խնդիրը»։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանն էլ նշեց․ «Սկզբում փորձում էին շղարշ ստեղծել, թե գործ ունենք ահաբեկիչների հետ։ Երբ մի փոքր հավասարվեցին պայմանները, այժմ մեղադրողների կողմից լսում ենք, որ քաղաքական չեզոքություն պետք է պահել։ Փորձ է արվում ցույց տալ, որ գործն իրավունքի դաշտում է։ Սա քաղաքական հետապնդման ցայտուն դրսևորում է։ Այստեղ նստած են արդարները, և հանրությունն էլ գիտի, որ սա քաղաքական հետապնդում է։ Ճիշտ չէ պահանջել դատարանից կամ ինչ-որ մեկից քաղաքական չեզոքություն ցույց տալ, որ այս գործը տանենք դեպի իրավունքի դաշտ, այդ գործը քաղաքական է, հետևաբար միջնորդությունն անհիմն է»։

Նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում փաստաբանը նաև նշեց՝ Բագրատ սրբազանն այս պահին անազատության մեջ է, որովհետև եկեղեցու դեմ արշավը պետք է տեղի ունենար․ «Նա իր անձով ու հեղինակությամբ այդ արշավը կանխողներից առաջինն էր լինելու, հաջողվելու էր նրան իրավիճակ փոխել, դրա համար էլ այս վիճակում է։ Բագրատ սրբազանին անազատության մեջ պահելու նպատակը նաև երկրում վախի մթնոլորտ ձևավորելն է»։

Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանն էլ ասաց․ «Հանրային մեղադրողների ասածը դատարանը հայտարարություն է դիտում, հետևաբար արձագանքեմ։ Դատարանը մշտապես քաղաքական չեզոքություն է ցուցաբերել և պարտավոր է դա անել։ Վարույթի որևէ մասնակից չի կարող արձանագրել, որ հակառակն է գործում։ Ինչ վերաբերում է վարույթի մասնակիցների՝ ելույթ ունենալուն, դատարանը բազմիցս կողմերին, նաև մեղադրյալներին սահմանափակել է հանդես գալու իրավունքից զուտ այն պատճառով, որ պետք է հայտարարությունը վերաբերելի լինի քրեական գործին։ Նախապես դատարանը չի կարող ենթադրել, թե ինչ հայտարարություններով կարող են հանդես գալ։ Վարույթի մասնակիցներին կոչ եմ անում՝ եթե այդպիսի հայտարարություններ լինեն, կսահմանափակվեն։ Դատարանը թույլ չի տա, որ քաոս լինի, եթե դատարանը սահմանափակում է կողմի՝ հանդես գալու իրավունքը, նշանակում է, որ կողմը չպետք է շարունակի»։

Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031