«Երբ լղոզված ներկայացնում են, մարդկանց ահաբեկում, այդպես չի կարող լինել․ ասեք՝ ի՞նչ է արել Լիդյան այս ուղղությամբ կամ մյուսը։ Այնպես չէ, մենք արել ենք այդ գործողությունը, իրենք ապացույցը չեն կարողանում գտնել»,- «Բագրատ սրբազանի և մյուս 17 արդարների գործով» դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գործով անցնող Լիդյա Մանթաշյանը՝ անդրադառնալով հանրային մեղադրողների կողմից ապացույցների ներկայացմանը։
Ըստ Լիդյա Մանթաշյանի՝ հանրային մեղադրողները մեղադրանքը լղոզված ուզում են տանել մինչև վերջ և իրենց դատապարտել․ «Այնքան էլ ծանր հոդված են դրել․ եթե մեկ-երկու տարվա ազատազրկում լիներ, գուցե մարդիկ հանգիստ, խաղաղ տանեին, ասեին՝ մեկ-երկու տարի կնստենք, դուրս կգանք, բայց 9,5-11 տարի ազատազրկում է հասնում այս հոդվածներով։ Այսինքն՝ ուզում եք այս մարդկանց այդքան ժամանակով տանեք բա՞նտ»։
Լրագրողների փաստմանը՝ իրավապահ մարմինների ներկայացրած ձայնագրությունում լսվում է, որ իրենք խոսում են մեքենաների պայթեցման, հանրային տրանսպորտը կաթվածահար անելու, աստղիկներով անիվները վնասելու և այլնի մասին և հետաքրքրվեցին՝ սա ի՞նչ է, Լիդյա Մանթաշյանն այսպես արձագանքեց․ «Ես այդ խոսակցություններից որևէ մեկին ներկա չեմ եղել, չգիտեմ էլ՝ դրանք կեղծված են, թե ՝ոչ։ Ինչ-որ բառ են ասում, հետո ասում են՝ չի լսվում։ այդ ի՞նչ գաղտնալսում է, որ կեսից շատը չի լսվում․ այսինքն՝ որ մասը պետք է եղել, լսվել է․․․Ինձ տարել են էդ նույն հոդվածով, սկի չգիտեմ էլ՝ աստղիկն ինչ է, բանտում հարցրել եմ՝ այդ աստղիկն ինչ է․․․»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ















































