Aravot.am-ի զրուցակիցը «Բարեկամություն» պետական համույթի նախկին մենապարուհի, բալետմայստեր Լուսինե Սարգսյանն է, որը ներկայումս աշխատանքային հրավերով գտնվում է ԱՄՆ-ում և հայկական պարի հարուստ ժառանգությունը փոխանցում է այնտեղ ապրող հայ երեխաներին։
-Սկսենք սկզբից․ գնանք մանկություն։ Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք ընտրել պարուհու ուղին։
-Երբ ինձ հարցնում են՝ քանի տարեկանից եք պարում, միշտ դժվարանում եմ պատասխանել։ Ինձ ինչ հիշում եմ՝ պարում եմ։ Բայց երևի վեց տարեկանից։
Ծնողներս պարի հետ կապ չունեն, նրանք պատմաբաններ են։ Պարարվեստում հայտնվելու պատճառը, որքան էլ զարմանալի է, մեր հարևանն էր՝ Տիգրանը, որը հետագայում բալետային արվեստով նվաճեց աշխարհի բեմերը։ Փոքր տարիքից միշտ հետևում էի նրան, և մի օր մայրս առաջարկեց, որ ինձ էլ իր հետ տանի փորձերի։ Արդյունքում ես արդեն հստակ որոշել էի՝ պարուհի եմ լինելու։
Կարդացեք նաև
Ընդունվեցի պարարվեստի ուսումնարան, և այնտեղից էլ սկսվեց իմ ամբողջ ճանապարհը։ Կարելի է ասել՝ «հիվանդացա» պարի հիվանդությամբ։ Տասներկու տարի սովորել եմ բալետային բաժնում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանի դասարանում։ Ավարտական քննության ժամանակ Նորայր Մեհրաբյանը տեսավ ինձ և առաջարկեց հանդես գալ «Բարեկամություն» պետական անսամբլում։
Սկզբում, իհարկե, դժվար էր։ Դասական պարից հետո չէի պատկերացնում, որ կարող եմ պարել տարբեր ազգերի ժողովրդական պարեր, սակայն «Բարեկամության» հիմքում դասականն ավելի շատ էր, և հենց դա էլ ինձ գրավեց։ Ինչպես ասում են՝ հենց «Բարեկամությունում» էլ հիմք դրվեց իմ բարեկամությունը բոլոր առումներով։
-«Բարեկամություն» համույթը հայ պարարվեստի այցեքարտերից մեկն է։ Երբ նոր էիք մուտք գործում համույթ, կար արդյոք գիտակցումը, որ նույն ճանապարհն եք անցնելու արդեն կայացած պարողների հետ։
-2003 թվականից «Բարեկամություն» համույթում աշխատել եմ որպես մենապարուհի։ Նորայր Մեհրաբյանը ինձ վստահել է շատ պատասխանատու դերեր, որտեղ հանդես եմ եկել որպես մենապարուհի։
Առաջին իսկ օրվանից մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել աշխատանքին, քանի որ իմ կողքին այնպիսի արտիստներ էին, որ պարզապես չէիր կարող անտարբեր լինել։ Երբ ընդունվեցի համույթ, նույն տարում երեք շրջագայություն ունեցանք։
-Կառանձնացնե՞ք ձեր դերապարերից մի քանիսը։
-Պարել եմ «Նոկտյուրն»-ը, որի համար, ինչպես Նորայր Մեհրաբյանն է ասում, հենց ինձ է տեսել առաջինը։ Մաքսիմ Մարտիրոսյանի «Չինարես»-ը, Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը», «Եղնիկի պարը», «Գնչուկան», «Տառանտելան»… Այս պահին դժվարանում եմ առանձնացնել։
Ես ինձ շատ լավ եմ զգում դասական պարում։ Օրինակ՝ «Սիրեցի յարս տարան» բեմադրությունում միաձուլված են ժողովրդականն ու դասականը։ Այդ պարում կա ամեն ինչ՝ սեր, էմոցիա, տառապանք։
-Ուսանել եք Աննա Մարիկյանի դասարանում, հետո արդեն համույթում Նորայր Մեհրաբյանի դպրոցն եք անցել։ Ի՞նչ եք քաղել նրանցից։
-Աննա Մարիկյանը սովորեցրեց պարի այբուբենը։ Նորայր Մեհրաբյանը շատ խստապահանջ ու պահանջկոտ էր։ Նրանք ինձ դաստիարակեցին հենց այդ շնչով։
-Ժամանակի ընթացքում դուք դարձաք ձեր ուսուցչի ընտանիքի անդամը։ Կպատմե՞ք ձեր սիրո պատմությունը։
-Հինգ տարի պարել եմ համույթում, հետո նոր եմ ծանոթացել ամուսնուս հետ, որին այդ ընթացքում նույնիսկ չէի տեսել։ Տեսել էի միայն փոքր տղային՝ Արսենին, որը հետագայում դարձավ Հայաստանի վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի գլխավոր մենակատար և խորեոգրաֆ։
Իսկ ամուսինս պարի հետ կապ չուներ։ Մի օր պատահաբար ներկա էր բեմական փորձին, և այդպես սկսվեց ամեն ինչ։ Մի տարի անց ամուսնացանք։
Սկզբում շատ վախենում էի, քանի որ չէի պատկերացնում ինձ Նորայր Գուրգենովիչի հետ նույն հարկի տակ։ Փորձասենյակում խիստ ու պահանջկոտ էր, իսկ տանը՝ բոլորովին այլ մարդ։ Սկզբում անգամ անուններն էի խառնում․ տանը ասում էի՝ Նորայր Գուրգենովիչ, փորձասենյակում՝ պապա։ Ժամանակի ընթացքում բացահայտեցի նրան նաև որպես տան մեծ, հետո՝ որպես պապիկ։
-Մասնագիտական քննարկումներ ունենո՞ւմ եք։
-Այժմ՝ շատ։ Երբ արդեն դադարեցի պարել և սկսեցի դասավանդել, մեր մասնագիտական քննարկումները հաճախակի դարձան։ Ես սպունգի նման կլանում եմ նրա յուրաքանչյուր խոսքը։ Նա երբեք չի կաղապարում, հակառակը՝ ազատություն է տալիս։ Երբեք չի կոտրում, միշտ ոգևորում է։
Ի դեպ, Մեհրաբյանի հարսը լինելը եռակի պատասխանատվություն էր․ պետք է այնպես աշխատես, որ մարդիկ խոսելու տեղ չունենան։ Իմ նկատմամբ նա առավել քան պահանջկոտ է եղել։
-Ո՞ր պահից հասկացաք, որ պետք է թողնել բեմը և անցնել բալետմայստերի ու մանկավարժի աշխատանքին։
-Պարելուն զուգահեռ միշտ դասավանդել եմ, բայց ամբողջությամբ դասավանդմանը նվիրվեցի ավելի ուշ։ Երեխաների հետ աշխատելիս հասկացա, որ դա բոլորովին այլ աշխարհ է, այլ զգացողություն ու էմոցիա։ Ընդունվեցի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ՝ Աննա Ռաշիդովնայի արվեստանոց՝ որպես բալետմայստեր։ Այդ ժամանակ էլ հասկացա, որ բալետմայստերի աշխարհը առանձին տիեզերք է։
-Ձեր դիպլոմային աշխատանքն իրականացրել եք «Բարեկամություն» համույթի հետ։ Դա ռիսկային քայլ չէ՞ր։
-Իհարկե ռիսկային էր, բայց դիպլոմային աշխատանքից հետո առաջարկ ստացա համույթի հետ ևս մեկ բեմադրություն իրականացնելու։ Եվ «Դառնում եմ» բեմադրությունը հետագայում ընդգրկվեց հիմնական պարացանկում։
-Պարուհու մասնագիտական կյանքը կարճ է։ Ժամանակին կանգ առնելը դժվար չէ՞։
-Կարող էի ավելի երկար պարել, բայց նախընտրեցի ճիշտ ժամանակին հեռանալ, որպեսզի քեզ լավ հիշեն։ Երկրորդ երեխայիս ծնունդից հետո համատեղելը դժվար էր։ Սկզբում շատ ծանր էի տանում բեմից հեռանալը, բայց երբ ամբողջությամբ նվիրվեցի դասավանդմանը, հասկացա՝ սա ևս մի ամբողջ աշխարհ է։
Զրոյից ստեղծել պար, տեսնել դրա առաջին քայլերը, հասունացումը, սյուժեն, երաժշտությունը… Այդ ամբողջ ընթացքում ապրում ես տվյալ պարով։ Վերջնական արդյունքից ավելի հաճելի է հենց անցած ճանապարհը։
-Ինչպե՞ս հայտնվեցիք ԱՄՆ-ում։
-Որպես բալետմայստեր առաջարկ ստացա ԱՄՆ-ում ավելի քան երեսուն տարի գործող «Գևորգյան» պարի ակադեմիայից։ Առաջարկը անսպասելի էր ու պարտավորեցնող։ Սկզբում դժվար էր պատկերացնել աշխատանքը Հայաստանի սահմաններից դուրս, բայց դա նաև հնարավորություն էր՝ հայկական պարի ձայնը ավելի լսելի դարձնելու։
Այստեղ միջավայրը լրիվ այլ է։ Հայաստանում մենք խիստ ու պահանջկոտ ենք, իսկ այստեղ երեխաներին պետք է գրավել դասավանդմամբ, որ սիրով գան։ Ակադեմիան նաև հայրենասիրության կենտրոն է․ երեխաները գալիս են ոչ միայն պարելու, այլև միմյանց հետ շփվելու, հայրենիքի կարոտը կիսելու։ Ամեն օր դասերից հետո ունենում ենք քննարկումներ Հայաստանի, ազգային պարերի պատմության մասին։
-Մեհրաբյան դպրոց բացելու ծրագիր կա՞։
-Այդ գաղափարը միշտ եղել է։ Մեհրաբյանի ավանդը անուրանալի է, և մեղմ ասած՝ հանցագործություն կլինի, եթե այն չփոխանցվի սերունդներին։ Նա դասականը միաձուլել է ժողովրդականին և ստեղծել նոր ոճ։ Նրա ձեռագիրը անհնար է շփոթել։ Այս պահին պարզապես չեմ ուզում բոլոր փակագծերը բացել։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ





















































